Մի քանի ամսից կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, եւ այն հեքիաթները, որոնցով մարդկանց կերակրում էին 25 տարի, հնչելու են ավելի հզոր ուժով: Հեքիաթներ, որոնք պատմում են բոլոր քաղաքական ուժերը` անկախ իրենց «ճամբարային պատկանելությունից»:
Բովանդակությունը պարզ է` մենք ամեն ինչ կանենք, որ դուք ավելի լավ ապրեք: Ինչպե՞ս: Էապես կբարձրացնենք աշխատավարձերն ու թոշակները: Հեքիաթ է` թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության շուրթերում. այս վիճակում ոչ մի կառավարություն նման արկածախնդրության չի գնա:
Կիջեցնենք հարկերը: Պոպուլիզմ է` հարկերը պետք է հավասարակշռել. իջեցնել դրանք փոքր բիզնեսի համար եւ բարձրացնել նրանց համար, ովքեր գերշահույթներ են ստանում, ինչպես նաեւ բարձրացնել գույքահարկը դղյակների եւ պալատների տերերի համար:
Բայց ամենավնասակար հեքիաթը, որով կերակրում են հիմնականում 50-ից բարձր մարդկանց, հետեւյալն է. հեսա ներդրողներ կգտնենք եւ կաշխատեցնենք «Նաիրիտը», «Վանաձոր-քիմպրոմը» եւ մնացած խորհրդային արդյունաբերական հսկաները: Այդ սուտը հրամցնում են միշտ, բայց հատկապես՝ ընտրություններից առաջ:
Կարդացեք նաև
Ես հասկանում եմ, որ Կոմունիստական կուսակցությունը կարող է իր՝ ներկայումս փոքրաթիվ ընտրազանգվածին նման «կուտ տալ» եւ գուցե դա անում է անկեղծորեն: Բայց երբ դա անում են մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, դա արդեն ցինիզմ է: Պետք է քաջություն ունենալ եւ ուղիղ նայելով քաղաքացիների աչքերին՝ ասել. հրաժարվեք, ժողովուրդ, «Նաիրիտը» եւ նմանատիպ այլ գործարանները վերագործարկելու պատրանքներից:
Ինչու է հատկապես այդ` «զավոդ բացելու» առասպելը վնասակար: Որովհետեւ այն սխալ է կողմնորոշում մեր հասարակության դյուրահավատ եւ որոշակի կարոտախտ ունեցող զանգվածին, հագուրդ է տալիս նրա կրավորական երազանքներին` «մի զավոդ բացեին, գնայի` աշխատեի»: Նման բան մոտակա մի քանի տասնամյակում տեղի չի ունենա. չի կարելի մարդկանց խաբել` ասելով, թե դա հնարավոր է:
Թե իշխանությունը, թե ընդդիմության եւ թե քաղաքացիների զգալի մասը «աշխատատեղ» բառի տակ հասկանում են լույսի-գազի մարդու կամ սուպերմարկետի վաճառողի, այսինքն` վարձու աշխատողի, բայց ոչ` մարդու, որն իր ընտանիքի, ընկերների եւ հարեւանների հետ ինչ-որ բան է նախաձեռնում ու արտադրում, եւ դա կարող է լինել շատ փոքր, բայց արդյունավետ եւ, կարեւորը, յուրահատուկ արտադրություն:
Իհարկե, ամենացավալին այն է, որ իշխանությունները դա չեն հասկանում. վերջերս ընդունված հարկային նոր օրենսգիրքն ապացուցում է, որ իշխանությունը ինչպես խեղդում էր, այնպես էլ շարունակում է խեղդել փոքր բիզնեսը:
Բայց խանգարում է նաեւ այն, որ մարդիկ պառկում են դիվաններին եւ երազում «զավոդների» մասին: «Զավոդներ» չեն լինելու, լինելու են startup-եր:
Արամ Աբրահամյան
Կներեք համարձակությանս համար, իսկ դուք որտեղի՞ց գիտեք, որ ՞զավոդ՞ չի լինելու: Ասե՞լ են, թե՞ ձեր ուսունասիրությունների արդյունքն է: ՞Նաիրիտ՞ կամ ՞Երազ՞ չունենալու ակնհայտ փասից անել հետևություն, որ ՞զավոդ՞-ին չէ, բայց քուչում հարևաններով բացած ՞բուդկին՞ – հա պարզունակ մտքով փորձել սվաղել ամեն ինչ: Ո՞վ է խանգարում բացել մրգերի և բանջարեղենի պահեստավորման և վերամշակման մեծ կոմպլեկս: Չբացատրեմ, թե քանի մարդ կարող էր ՞ազատ՞ շնչել: Թ՞ե հիշեցնեմ, քանի միջազգային վարկ հոշոտվեց այս թեմայով: Զավոդ բացել կարելի է և պետք է, միայն հասկանալով, թե ինչ: Ամեն մեկը պետք է իր գործն անի: