Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն արդեն մտել է սպառազինության նոր մրցավազքի մեջ

Հոկտեմբեր 01,2016 17:00

Ըստ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի՝ այս խելահեղ մրցավազքում մենք անելիք չունենք, անիմաստ գումարներ ենք տրամադրում սպառազինություններին, որոնք շատ շուտ հնանում են:

Հայաստանն ու Ադրբեջանը մտել են սպառազինությունների վտանգավոր մրցավազքի մեջ: Դա է վկայում այն, որ Երևանում կայացած ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համալիրի ցուցադրությունից հետո պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ Ադրբեջանի բանակը հոկտեմբերից կհագեցվի տեղական արտադրության «Zerbe» կամիկաձե-անօդաչուներով:

Ավելի վաղ հայտարարվեց, որ «Ռուսաստանի ողղաթիռներ» ԲԸ-ն և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիաձեռնարկությունը Ադրբեջանի տարածքում ՄԻ-8/17 տեսակի քաղաքացիական ուղղաթիռների վերանորոգման համատեղ ընկերություն կստեղծեն։

Իսկ արդեն երեկ հայտարարվեց այն մասին, որ Ադրբեջանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության «Շարգ» արդյունաբերական միավորման և ռուսական «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի ներկայացուցիչները Բաքվում ընթացող ADEX 2016 սպառազինության ցուցահանդեսի շրջանակում:

«Առավոտը» ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց` սպառազինությունների այս մրցավազքը վտանգավոր չէ՞, նա պատասխանեց. «Սպառազինությունների մրցավազքը, բնականաբար, վտանգներ ներկայացնում է ընդհանուր տարածաշրջանային կայունությանն ու ընդհանրապես խաղաղությանը, բայց քանի պատերազմի մեջ ենք, այլ կերպ հնարավոր չէ»:

Մեր այն դիտարկմանը` Ադրբեջանի կողմից ներկայացված նման սպառնալիքների պարագայում հայ հասարակության մի որոշ հատվածի մոտ «Իսկանդերի» ցուցադրությունից հետո տիրող ոգևորությունն արդյոք արդարացվա՞ծ է, պարոն Վրթանեսյանն արձագանքեց` հավաստիացնելով, որ դրանք միմյանց հետ կապ չունեցող երևույթներ են. «Հասարակության մեծ մասը հասկանում է, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգը ինչ-որ խնդիրներ լուծելու համար է, բայց դա չի նշանակում, որ գերունիվերսալ զենք է, որն ամեն խնդիր կատարում է` սուրճ եփելուց սկսած հակառակորդի կարևոր թիրախները ոչնչացնելուց վերջացրած»:

Կարեն Վրթանեսյանը խորհուրդ է տալիս Ադրբեջանի հայտարարություններին վերապահորեն վերաբերվել. «Դրանց զգույշ պետք է վերաբերվել, քանի որ շատ բաներ, որ ներկայացնում են, ուղղակի սուտ են: Իրենք խոսում են իրականում իսրայելական անօդաչուների մասին, որ իրենց մոտ են ուզում հավաքել, քանի որ համատեղ գործարան ունեն: Ինչ վերաբերում է ուղղաթիռների վերանորոգման համատեղ կենտրոնին, որը մոտ 17 ռազմական տրանսպորտային ուղղաթիռների համար է, հայտնի չէ, թե երբ ու ինչպես կկառուցվի»:

Դառնալով Ադրբեջանի` պատասխան սպառազինություններին` Կարեն Վրթանեսյանը բնական համարեց, որ մեր հակառակորդը պատասխան քայլերի է դիմում:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ` ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը սթափեցրեց ադրբեջանական կողմին, քանի որ ապրիլյան պատերազմի օրերին նրանց` Հայաստան «Իսկանդեր» գալու մասին լուր հասել էր, բայց ոչ հերքվել, ոչ էլ հաստատվել էր: Իսկ ահա զորահանդեսն, ըստ Ստեփան Սաֆարյանի, առաջացրեց զայրույթ և հիասթափություն:

Դա ստիպում է Ադրբեջանին փոխել պաշտպանական և հարձակողական զինատեսակների միջավայրը և վերանայել սպառազինությունների ողջ համակարգը. «Զորահանդեսից անմիջապես հետո հայտարարեցին, որ անցնում են նոր մարտավարական հրթիռների արտադրությանը: Նման կարգի բաներ ցուցադրաբար արեցին՝ հանգստացնելու սեփական ժողովրդին: Նախկինում նրանք մտածում էին, որ նորագույն տանկերով ու սմերչներով կարող են խնդիր լուծել:

Բայց «Իսկանդերը» ստիպեց վերանայումներ կատարել, ուստի նաև անցել են նման հայտարարությունների, այդ թվում նաև անօդաչուների ստեղծման մասին»:
Նշենք, որ սա ՌԴ-ի` հայկական և ադրբեջանական կողմին մատուցած միակ նման անակնկալը չէ. նա պարբերաբար է դա անում: Ստեփան Սաֆարյանն այս առիթով նշեց. «Տարիներ շարունակ մեր պաշտպանական համակարգն ավելի շատ պաշտպանական սպառազինություն էր ձեռք բերում` ելնելով այն ելակետից, որ միայն պաշտպանվելու ենք:

Բայց երբ Ադրբեջանին ավելի լուրջ հարձակողական զենք սկսեցին վաճառել, հայկական կողմի մոտ նույնպես խնդիր առաջացավ, քանի որ պարզ էր դառնում, որ այն, ինչ ձեռք էր բերվել ՌԴ-ից, այլևս բավարար չէ այդ նոր մարտահրավերներին դիմակայելու համար: Հիմա նույնը տեղի է ունենում Ադրբեջանի հետ: Ադրբեջանը շեշտը դրել էր ժամանակակից տանկերի, անօդաչուների ձեռք բերման և ավիացիայի վրա, իսկ հիմա, երբ կա «Իսկանդեր», նրանց մոտ լուրջ վերանայման խնդիր է առաջանում, որը լրացուցիչ պահանջ է առաջացնում ՌԴ-ին այնպիսի նոր սպառազինություն տրամադրել, որը կլինի հայկական կողմի սպառնալիքները չեզոքացնելու համար:

Մենք էլ էինք ժամանակին վստահ, բայց երբ 2009-ին Ադրբեջանի և ՌԴ-ի միջև պայմանագիր կնքվեց սպառազինությունների ծավալների ընդլայնման մասին, այդ ժամանակ պարզ դարձավ, որ մեր պաշտպանական համակարգն այլևս չի կարող բավարար լինել Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունների ֆոնին: Հիմա նույնը տեղի է ունենում Ադրբեջանի պարագայում»:

Ստեփան Սաֆարյանի վստահեցմամբ` Ռուսաստանը զենք է վաճառում՝ մեծացնելով վախեր, ստիպելով վերանայել սպառազինությունների ծավալները, ինչը վտանգավոր է. «Մենք պետք է ձև գտնեինք ոչ թե մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ, այլ այն դադարեցնելու համար»: Ըստ քաղաքագետի` այս խելահեղ մրցավազքում մենք անելիք չունենք, անիմաստ գումարներ ենք տրամադրում սպառազինություններին, որոնք շատ շուտ հնանում են. «Ցավոք, քայլ չարեցինք նման արատավոր շրջանից դուրս գալու համար` մտածելով, որ Ռուսաստանի շահերը երբեք չեն թեքվի դեպի Ադրբեջան: Բայց Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները, Արևմուտք-Ռուսաստան դիմակայության խնդիրները հանգեցրել են այս իրավիճակին»:

Այս համատեքստում պարոն Սաֆարյանը ցավով փաստեց, որ Հայաստանն արդեն մտել է սպառազինության նոր մրցավազքի մեջ, որի ավարտը դեռ չի երևում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

30.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ամիսներ շարունակ իշխանության այպանեցին որ նոր զէնքեր ձեռք չի բերում

    հիմա ել այպանում են որ… այդպէ՛ս է անում

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31