Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեղուտ» ընկերության հիմնած 15 հեկտար անտառից մի 15 ծառ է կպել

Հոկտեմբեր 01,2016 16:30

Թեղուտ գյուղի բնակիչները պատմում են, որ միշտ էլ դժվարությամբ են իրենց գյուղում ապրել. մինչեւ «Թեղուտ» ընկերության գործարկվելը՝ կարողացել են լուծել միայն «հացի խնդիր»` անտառից սունկ, հատապտուղ են հավաքել՝ վաճառել: Թեպետ գիտակցում են, որ վտանգվում է նաեւ իրենց առողջությունը, բայց այն միտքը, որ գոնե աշխատանքով ապահովված կլինի գյուղի բնակչության մեծ մասը` հաշտվել են ապրել հանքարդյունաբերական կենտրոնի մոտ: Նշում են, որ մարդկանց ֆինանսական վիճակից նաեւ փոխվել է գյուղի ծնունդների թիվը` 10-րդ դասարանում մի շրջանավարտ ունեն, իսկ առաջին դասարան հաճախել է 13 աշակերտ:

4-verev-2

«Հիմա ով աշխատում է հանքում, անտառից չի օգտվում: Կային մարդիկ, որոնք հանքի շինարարության վրա են աշխատել, բարձր աշխատավարձ են ստացել` մինչեւ 400 հազար դրամ, բայց գործը վերջանալուն պես էլ հարյուրավոր աշխատողներ կրճատվել են»,- լրագրողներին իրենց ապրելակերպի մասին պատմում էին Թեղուտի բնակիչները:
Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորեկյանն էլ ասաց, որ հանքի տարածքի մեջ հայտնված անտառը շատ հարուստ է եղել, բայց որ համեմատելու լինեն անտառի բարիքների եւ գյուղի ժողովրդի այսօրվա աշխատածի հետ` զգալի տարբերություն կա. «Գյուղի մոտ 75 տոկոս բնակչությունը այդ հանքում է աշխատում»:

Համայնքում` 49 հեկտար տարածքում, կատարվել են նաեւ անտառտնկման աշխատանքներ. «Կարելի է ասել՝ մոտ 30 տոկոսն է իրականացվել, քանի որ ոչ ճիշտ շահագործման հետ կապված` աշխատանքները նորմալ չեն կատարվել»,- նշեց Ֆրունզե Նորեկյանը:

26 հազար 800 հեկտար տարածք ունեցող Լալվարի անտառտնտեսության 357 հեկտարը տրամադրված է «Թեղուտի» հանքին: Լալվարի ավագ անտառապետ Արտեմ Աթանեսյանը նշեց, որ 2008 թվականից սկսած՝ «Թեղուտի» հանքավայրի համար տարեկան հատվում է մոտ 20 հեկտար տարածք, որի դիմաց կատարվում են տնկումներ, բայց ճշգրիտ քանակը դժվարացավ ստույգ նշել, քանի որ տնկումները կատարվում են համայնքային տարածքներում:

4-verev-5

Շնողի գյուղապետի տեղակալ Կորյուն Շադինյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ 180 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր վաճառվել են «Թեղուտ» ընկերությանը: Անցյալ տարի իրենց համայնքից 17 հեկտար տարածք են հատկացրել ընկերությանը` անտառվերականգնման համար, որտեղ տնկվել եւ հիմա էլ ընթանում են մշակման աշխատանքները: 7 տարվա ընթացքում պետք է մշակվեն, անտառահամակցումից հետո նոր տրամադրեն համայնքապետարանին:

4-verev-4

«2009-2010 թվականներին էլ գյուղի հակառակ տարածքում 15 հեկտար անտառ է հիմնվել, որը լինելով ավազոտ տարածք, անտառ տնկելու համար ոչ բարենպաստ վայր, չնայած մշակման աշխատանքներին՝ 2 տարի երաշտ է եղել, եւ հիմնական մասը չորացել է»,- ասաց Կորյուն Շադինյանը:

Նրա խոսքով` համայնքի ավագանին հարմար է գտել, որ անտառի փոխարեն հիմնվեն պտղատու այգիներ, բացի այդ էլ՝ հարմար տարածքներ չեն ունեցել անտառ հիմնելու համար: Հիմնվել է 21 հեկտար, 10 հեկտար էլ նախագիծ են ներկայացրել այս տարվա աշնանը հիմնելու համար, իսկ ծառատեսակները ընտրվում են սեփականաշնորհած հողատերերի ցանկությամբ` արքայանարինջ, խնձոր, տանձ:

Դիտարկմանը՝ հանքը շահագործելու ընթացքում միրգը, բանջարեղենը արդեն էկոլոգիապես մաքուր չեն, պարոն Շադինյանը պատասխանեց, որ «Թեղուտ» ընկերությունը արդեն 2-րդ տարին պտուղները լաբորատոր հետազոտության է ենթարկում, որոնցում էական փոփոխություններ չեն նկատվել: Ըստ նրա՝ մրգերում հայտնաբերված ծանր մետաղները 5-6 անգամ են նորման գերազանցում, որը հիմնականում, Կորյուն Շադինյանի կարծիքով, Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի պատճառով է:

4-verev3

Գյուղի 80 տոկոսը գազիֆիկացված է, բայց հիմնականում գյուղացիները փայտ են վառում. «Ամեն տնտեսություն մոտավորապես 10 խորանարդ մետր, որի 1 խորանարդ մետրը արժե 6-8 հազար դրամ»:

Նշենք, որ նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրի շրջանակներում անցկացված թրեյնինգի եւ մեդիատուրի շրջանակներում: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին՝ Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

30.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31