Ստամբուլահայ լրագրող, Թուրքիայի Մարդկային իրավունքների միության անդամ Հրանտ Գասպարյանը «փակագծեր» է բացում
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի բանաձեւի ընդունումից հետո Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս տարվա հունիս ամսին նամակ էր գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ նշել էր, թե. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը ժողովրդի մեջ խորը ափսոսանք է հարուցել»:
«Առավոտի» հետ զրույցում ստամբուլահայ լրագրող, Թուրքիայի Մարդկային իրավունքների միության անդամ Հրանտ Գասպարյանը նշեց, որ պոլսահայ համայնքը ամենեւին էլ չի «կիսում» Արամ արքեպիսկոպոսի տեսակետը: Նրա ձեւակերպմամբ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հսկողության ներքո գտնվող Կոստանդնուպոլսի ազգային հայոց պատրիարքության այդ պահվածքը զայրացուցիչ էր, իսկ նամակը՝ տխրահռչակ: Հրանտ Գասպարյանն այդ օրերին Երեւանում էր, բայց ինչպես ինքն է ասում, հետեւում էր օրակարգին եւ գիտեր, թե ինչ անհանգստություն կա նամակի առնչությամբ:
Ստամբուլահայ լրագրողը թուրքերեն է թարգմանել հայաստանյան մամուլում առկա բոլոր տեսակետներն ու արձագանքները եւ հրապարակել վերլուծական հոդվածների տեսքով թուրքական մամուլում: Մասնավորապես, «Թարաֆ» օրաթերթում տպագրվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի ելույթը: Լրագրողը փաստում է. «Պոլսահայության մեջ ցնցում մը կար, լսեցինք, որ հատկապես «Ակոս» շաբաթաթերթի մեջ արծարծված նյութը նաեւ թրքական «Թարաֆ» օրաթերթին մեջ արծարծվելեն հետո պոլսահայության դիրքը քիչ մը տարբերվեցավ պատրիարքարանի դիրքից, եւ որոշ շրջանակներ սկսեցին իրենց անհանգստությունն արտահայտել: Եվ այսպես՝ ստամբուլահայ համայնքին պատկանող կառույցներու հոգաբարձություններու խորհուրդը մը ունինք, որը կոչվում է Վադիփ: Վադիփը ժողով մի գումարեց եւ իրենք ուզեցին նոր հայտարարություն մը տարածել, որ բոլորովին ալ կողմ չեն Էրդողանին ուղղված տխրահռչակ նամակին: Հետո կրոնական ժողովը ժողով մը գումարեց եւ իրենք ալ հայտեցին, որ այս տխրահռչակ նամակը գրված է միայն պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի կողմէ եւ միայն կներկայացնե իր անձնական տեսակետները»:
Կարդացեք նաև
Հրանտ Գասպարյանը հավելեց, որ փորձ է արվել նույնիսկ աշխարհիկ շրջանակների հայտարարությունը մեղմացնել, բայց ամեն դեպքում հայությունը կոշտ է արձագանքել պատրիարքարանի քայլին, ու դրան նպաստել է երեւանյան արձագանքը, մամուլը, թուրքերենով այդ ամենի օբյեկտիվ ներկայացնելը:
Մեր դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդն ուզենար էլ, այլ կերպ չէր կարող վարվել՝ հասկանալի պատճառով, որովհետեւ Պոլսո պատրիարքարանը առանձնահատկություն ունի, եւ Թուրքիայի պարագայում հեշտ չէ քաղաքացիությունն ու ծագումը հակադրելը, Հրանտ Գասպարյանը պատասխանեց. «Հայ ազգը մեկ է, Հայոց ցեղասպանության իրողությունը մեկ է, չի կրնար Սփյուռքի կամ աշխարհի որ տարածքում ալ գտնվի, որեւէ հայկական հաստատությունը մը ինքնագլուխ այս պատմական իրողության հետ կապված ճշմարտությունը շեղելով, քիչ մը մեղմացնելով կարծիք արտահայտի՝ սեփական հարցեր լուծելու, իր դիրքերը ամրապնդելու համար: Մենք նման հոգեւորական առաջնորդներ Օսմանյան կայսրության շրջանին ալ ունեցել ենք, բայց ունեցել ենք նաեւ այնպիսի պատրիարքներ, մինչեւ իսկ Հայաց ցեղասպանության հետեւող տարիներուն իր ստորագրած բոլոր պաշտոնական նամակների վերջավորությանը գրել են սգագիր Պատրիարք: Օրինակ, Շնորհք պատրիարքը… Այսինքն՝ ունեցել ենք այս խնդրի վերաբերյալ խիզախ պատրիարքներ, չեմ ասում, որ գոռալով այս ճշմարտությանը պաշտպան դարձել են, բայց գոնե իրենց դիրքերը պահպանած պատրիարքներ էին, հետեւաբար, այդ տեսակետը չեմ կիսում: Ու եթե նման անձեր կան, որ կշրջանցեն պատմական իրողությունները, պետք է շուտով պաշտոնանկ ըլլան»:
Հետաքրքրվեցինք՝ Թուրքիայում կարծրատիպեր փշրվե՞լ են, մտածողություն փոխվե՞լ է: Մեր զրուցակիցը հայտնեց, որ հատկապես «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո մարդիկ կարողացան ավելի ազատ արտահայտել իրենց մտքերը, փողոցային ակցիաներ անել Ստամբուլի կենտրոնական հրապարակներում, նաեւ Իզմիր եւ Անկարա քաղաքներում: Հարցին՝ արդյոք կա՞ն առաջադեմ համալսարանական շրջանակներ, որոնք պատրաստ են առերեսվել անցյալի հետ, Հրանտ Գասպարյանը պատասխանեց, որ 5-6 տարի առաջ տիրող ազատ մթնոլորտը տեղի է տալիս, համալսարանների ուսանողության ազատության մասին խոսել հնարավոր չէ, քանի որ այսօր ձերբակալված ակադեմիկոսներ կան Թուրքիայում, սեղմվել է տարբեր կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ազատության շրջանակը, ամեն ինչ հսկողության տակ է:
Մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ստամբուլում լրագրողներին նվիրված թանգարանի գոյությանը, հայազգի լրագրողը պատասխանեց, թե դժվար այնտեղ փաստված լինի, որ Օսմանյան կայսրության շրջանի առաջին թերթը հրատարակել են հայերը, բայց 2010-ից հետո Հրանտ Դինքի լուսանկարը տեղադրել են այլ զոհված լրագրողների նկարների կողքին:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ստամբուլ-Երեւան
Լուսանկարը՝ հեղինակի:
«Առավոտ» օրաթերթ
30.09.2016թ.