Մեկնարկում են Տաթեւիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 4-ին կայանալիք Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերային ներկայացումը նվիրված է օպերային մեցցո-սոպրանո Տաթեւիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին։ Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց օպերային թատրոնի մենեջմենթի հարցերի գծով տնօրենի խորհրդական Գագիկ Մկրտչյանը (լուսանկարում)։ Հավելեց նաեւ, թե ներկայացումից առաջ տեղի կունենա մեծանուն երգչուհու պատկերով «Հայփոստի» նախաձեռնությամբ թողարկված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը։ Թատրոնի ճեմասրահում էլ կցուցադրվեն երգչուհու արխիվային լուսանկարները տարբեր ներկայացումներից, նաեւ բեմական հանդերձանքից նմուշներ։
Գագիկ Մկրտչյանը հայտնեց, որ տասնամյակներ շարունակ ձեւավորված ավանդույթը՝ այս կամ այն միջոցառմամբ անդրադառնալ արվեստագետների կլոր տարեթվերին, այսօր էլ շարունակվում է։ Իսկ Տաթեւիկ Սազանդարյանի դեպքում ընտրվել է «Արշակ Երկրորդ» օպերան (ռեժիսոր՝ Գեղամ Գրիգորյան), քանի որ ժամանակին Փառանձեմ թագուհու դերերգով փայլել է Տաթեւիկ Սազանդարյանը։ Եվ երգչուհու ոչ միայն այս կերպարը, այլեւ մյուս երկու թագուհիների՝ Թամարի («Ա. Տիգրանյան՝ «Դավիթ-Բեկ») եւ Ալմաստի (Ալ. Սպենդիարյան՝ «Ալմաստ») դերերգերը հայկական օպերային կատարողական արվեստի գոհարներից են։
Գագիկ Մկրտչյանը հիշեցրեց, որ հատուկ երգչուհու՝ մեցցո-սոպրանոյի համար են գրվել Թամարի, Շուշանի (Ա. Բաբաեւի «Արծվաբերդ»), Նազելիի (Հ. Ստեփանյանի «Հերոսուհին»), Բերբերոյի (Ա. Տեր-Ղեւոնդյանի «Արեւի ցոլքերում») դերերգերը։ Մենք էլ հավելենք, որ երգչուհու լավագույն կատարումներից են եղել նաեւ Կարմենի դերերգը (Բիզեի «Կարմեն»), Ամներիսը (Վերդիի «Աիդա»), Լյուբաշան (Ռիմսկի Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Օլգան (Չայկովսկու «Եվգենի Օնեգին») եւ այլն։
Շարունակելով թվարկել Տաթեւիկ Սազանդարյանի երգացանկում եղած ստեղծագործությունները, մեր զրուցակիցը հայտնեց, որ երգչուհին հանդես է եկել ոչ միայն օպերային դերերգերով, այլեւ հայ կոմպոզիտորական արվեստի ճանաչված դեմքերի մի շարք վոկալ ստեղծագործությունների կատարմամբ։ Ավելին՝ նա հանդիսացել է Ա. Սաթյանի, Ալ. Հարությունյանի, Էդ. Միրզոյանի, Ղ. Սարյանի եւ ուրիշների մի շարք գործերի առաջին կատարողը։ «Այս պահին չեմ կարող հիշել, թե երգչուհու մեկնաբանմամբ որքան ձայնագրություն է պահվում Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ Տաթեւիկ Սազանդարյանը հանդես գալով որպես նաեւ կամերային երգչուհի՝ կատարել է հայ, ռուս եւ եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն։ Նա մեծ սիրով անդրադարձել է նաեւ Սայաթ-Նովային եւ Շերամին»,- հայտնեց մեր զրուցակիցը։
Ավելորդ չենք համարում հիշեցնել ժամանակին երգչուհուն ուղղված հարցը, թե՝ ինչո՞ւ այդքան շուտ հեռացավ բեմից, տիկին Սազանդարյանը պատասխանել էր. «Ավելի լավ է հինգ րոպե շուտ, քան հինգ րոպե ուշ»։ Դիտարկմանն էլ, որ նույնիսկ ասում են, թե երբ Տաթեւիկ Տիգրանովնան հայտնվում է բեմում, մոռանում են լսել, քանի որ այնքա՜ն մեծ է նրա հմայքն ու կատարյալ՝ խաղը, երգչուհին ասել էր. «Ի՜նչ երանելի ժամանակահատված էր, որ ժամանակին Մոսկվայում մասնակցում էի Ռուբեն Սիմոնովի բեմադրություններին: Հենց նա էլ նպաստեց իմ՝ երգչուհուս, դրամատիկական դիրքի զարգացմանը։ Իսկ 1937թ. տեղափոխվեցի Երեւան…»։
Ի դեպ, ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ Ազգային օպերային թատրոնը հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 6-ը 9-րդ անգամ կանցկացնեն Տ. Սազանդարյանի անվան երիտասարդ մեներգիչների հանրապետական մրցույթը։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.09.2016թ.