Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող 14, 16, 18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ինը ներկայացուցիչներից չորսը իրականորեն հավակնում են իրենց տարիքային խմբերում չեմպիոնական տիտղոսը նվաճելուն: Աշխարհի առաջնությունը հատել է միջնագիծը: Մնացել է անցկացնել եւս չորս տուր:
Խանտի Մանսիյսկում պարզապես փայլում է 16 տարեկան տղաների մրցաշարին մասնակցող միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Տաղանդավոր շախմատիստը խաղացված յոթ տուրերում առանց բացառության պարտության է մատնել բոլոր մրցակիցներին եւ հարյուր տոկոսանոց արդյունքով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա մրցակիցներից առաջ անցնելով արդեն ամբողջ 1,5 միավորով:
Կարդացեք նաև
Գերազանց են հանդես գալիս նաեւ Հայաստանի 18 տարեկան շախմատիստները: Ավագ պատանիների առաջնության մասնակից Սիրանուշ Ղուկասյանը յոթ հնարավորից վաստակել է 6,0 միավոր եւ ռուսաստանցի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքսանդրա Օբոլենցեւայի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լրացուցիչ գործակիցներով Սիրանուշն առաջին տեղում է:
Մեդալի, ինչու չէ, նաեւ ոսկե, իրական հավակնորդ են նաեւ միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը: Նրանք յոթ պարտիայում կորցրել են 1,5-ական միավոր եւ միմյանց միջեւ նույն հերթականությամբ բաժանում են երկրորդ հորիզոնականը: Մեր շախմատիստները առաջատար Մաքսիմ Վավուլինից (Ռուսաստան) ետ են մնում ընդամենը կես միավորով: Ի դեպ, վաղը Արամ Հակոբյանը սեւերով խաղում է հենց Մաքսիմ Վավուլինի հետ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.09.2016թ.