Սեպտեմբերի 23-ից «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում բացվել է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3» ցուցահանդեսը, որը կտևի մինչև դեկտեմբերի 25-ը:
«Գաֆեսճէան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունն արվեստի կենտրոնինն է, 2012թ. սկսած կա «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքը, իսկ սա երրորդ ցուցադրությունն է՝ հավաքորդ Բորիս Գալստյանի հավաքածուն է՝ կազմված 3 նկարիչների ՝ Մինասի, Վրույր Գալստյանի, Դեղձ Աշոտի գործերից:
Նրա ձեւակերպմամբ, 1960-ականներին այս 3 տաղանդավոր նկարիչները վերելք են բերել հայ կերպարվեստին:
Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ այստեղ կան աշխատանքներ, որոնք մինչ օրս ցուցադրված չեն եղել: Պարոն Մարաբյանը պատմեց, որ հավաքորդ Բորիս Գալստյանը էլ ավելի է սիրել իր հավաքածուն, որը «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում ցուցադրված է հավաքական կերպով, գրագետ լուսավորությամբ, ինչն ավելի ընկալելի է դարձնում արժեքները:
ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ուսանողուհի
«Առավոտ» օրաթերթ
30.09.2016թ.