Ամեն մի նոր նշանակվող վարչապետից հետո կարծես թե մեր մեջ նորից համոզմունք և ոգևորություն է արթնանում, որ վերջապես կունենանք տնտեսական առաջընթաց: Փոխարենը, կարճ ժամանակ անց, ունենում ենք խորը հիասթափություն, տեսնելով, որ չնայած վարչապետի ծրագրային ելույթներին, մեր տնտեսությունում ոչինչ չի փոխվում և ամեն ինչ դոփում է տեղում: Եվ կրկնվող այս իրավիճակները բնավ չեն պայմանավորվում ՀՀ վարչապետների պրոֆեսիոնալիզմով կամ անգործությամբ: Ընդհակառակը, տեսնում ենք, որ գալիս են փորձառուները, աշխատում են չափազանց լարված, բայց խոշոր հաշվով՝ անարդյունք:
Ուրեմն ինչն է խանգարում մեր վարչապետներին հասնելու որդեգրած ծրագրային նպատակներին, և որոնք են ձախողման պատճառները: Դրանք մի քանիսն են. աշխարհաքաղաքական, պատերազմական, ռեսուրսային և այլն: Սակայն առավելագույն չարիքը, որն օղապարանի պես փաթաթված է մեր տնտեսության վզին և ուղղակի խեղդում է առաջընթացը, դա քաղաքական, տնտեսական ու վարչական ռեսուրսների սերտաճումն է քրեաօլիգարխիկ բուրգի համատեքստում: Ստացվում է այնպես, որ ՏԻՄ առաջնորդներից տնմինչև նախարարական ու գերատեսչական կառավարիչներ, բոլորը զբաղված են իրենց սեփական բիզնեսով: Սա անթույլտրելի է մի շարք առումներով:
Նախ, ինչպես կարող է հանրային կառավարիչն ամբողջովին լծվել հանրօգուտ աշխատանքի, երբ իր աշխատօրվա զգալի մասը հատկացնում է սեփական բիզնեսների կառավարմանը, բնականաբար՝ անձնականը գերադասելով հանրայինից: Բացի այդ, իր ձեռքում ունենալով վարչական ռեսուրսներ, միջին և խոշոր ձեռնարկատերը կոպտորեն խախտում է բիզնեսի կանոնները, շուկայում ներկայանում բիրտ վարքագծով, և որ ամենակարևորն է, խուսափելով հարկային պարտավորություններից՝ շարունակաբար խաբում է պետությանը:
Սակայն ամենամտահոգիչն այն է, որ ձևավորված քրեաօլիգարխիկ այս իրավիճակը համակարգային բնույթ է կրում, անարգել զարգանալով ու մետաստազներ տալով տնտեսական բոլոր ոլորտներում ու հարթություններում, որն էլ անշուշտ պետք է խոչընդոտի նորանշանակ վարչապետին՝ իրագործելու հանրային շահ հետապնդող ծրագրեր:
Կարդացեք նաև
Ուրեմն ինչից պետք է սկսել: Վստահ եմ, որ միայն նախարարությունների վերանվանմամբ, նախարարների փոփոխությամբ կամ գերատեսչական համակարգի բարեփոխումներով ոչինչ չի ստացվի: Դրանք կոսմետիկ բարեփոխումներ են, որոնք բնավ որոշիչ դեր չեն ունենալու ակնկալվող տնտեսական առաջընթացում: Անհրաժեշտ են հրատապ գործողություններ, նպատակ ունենալով հետևողականորեն ոչնչացնելու մեր երկրում ձևավորված «քաղաքականություն-բիզնես-վարչական ռեսուրսներ» ներհյուսված բուրգը, պարզապես խնդիր դնելով, որ ամեն մեկը զբաղվի իր գործով:
Ընդ որում, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմիններից իսպառ պետք է հեռանան բոլոր գործարարները, լինեն նրանք բացահայտ, թե թաքնված գործող՝ իրենց տեղը զիջելով արհեստավարժներին: Շատ կարևոր եմ համարում նաև այն, որ երկրում գործող ձեռնարկատերերը իրենց հուսալի գործընկեր համարեն ոչ թե քրեաօլիգարխիկ տանիքներին, այլ պետությանը: Սա նշանակում է, որ պետությունը խաչակրաց արշավանք չպետք է ձեռնարկի խոշոր գործարարների նկատմամբ, դրանով իսկ նպաստելով մեր երկրից կապիտալի արտահոսքին, որն ի դեպ՝ վերջին շրջանում բավականին ակտիվանում է: Այստեղ կուլակաթափությունը տեղին չէ, այլ կարևոր է, որ գործարարը հասկանա, թե որքանով է պետությունը իր հաջող գործունեության երաշխավորը: Կրկնում եմ, պետությունը, և ոչ թե քրեաօլիգարխիկ կամ կլանային համակարգը:
Եվ վերջապես՝ տնտեսական ձախողումների օբյեկտիվ պատճառներ ենք փնտրում ներդրումային միջավայրում, անընդհատ կրկնելով, թե փող չկա, և օտարերկրյա ներդրողներն էլ չեն գալիս Հայաստան: Իսկ որտեղից փող լինի, երբ խոշոր ձեռնարկատերերը միլիոն դոլարներ են աշխատում Հայաստանում, որոնք ոչ թե հետո դառնում են ներդրումներ, այլ պարզապես խժռվում են քրեաօլիգարխիկ համակարգի կողմից: Ուրեմն, եթե նորանշանակ վարչապետը, ինչպես և իր նախորդները, նորից հանդուրժի երկրում մետաստազներ տված քաղաքական, տնտեսական և վարչական ռեսուրսների սերտաճումը և չկոտրի այդ կարծրատիպը, ապա համոզված եմ՝ ոչինչ չի ստացվի:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ
30.09.2016թ.