Մաղադանոսը, որը նաեւ կարոս է կոչվում, համեղ, օգտակար կանաչի-համեմունք է: Այն օգտակար է ամբողջությամբ` արմատները, տերեւները եւ սերմերը: Սերմերը պարունակում են եթերայուղեր (2-6%), ճարպայուղեր (22%), ֆլավոնային գլիկոզիդներ, հարուստ են նաեւ հանքային աղերով ու վիտամիններով: Կա նաեւ կարոտին եւ մեծ քանակությամբ (22%) ճարպայուղեր։ Այն հարուստ է հանքային աղերով եւ միկրոտարրերով՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր եւ այլն։ Տերեւների թուրմը եւ սերմերը (փոշու ձեւով) միզամուղ են։
Ունի ախորժակը բարձրացնող, մարսողությունը կարգավորող, քրտնամուղ, լեղամուղ ազդեցություններ: Ժողովրդական բժշկության մեջ բույսը օգտագործվում է իբրեւ հակաբորբոքիչ միջոց: Կիրառվում է ջրգողության, սրտային ծագում ունեցող այտուցների, երիկամի եւ միզապարկի քարերի, լեղաքարային հիվանդության, շագանակագեղձի բորբոքումների դեպքերում:
Մաղադանոսի թարմ արմատները եւ հատկապես սերմերը ունեն ուժեղ միզամուղ հատկություն։ Մաղադանոսը պարունակում է ֆոլաթթու, որը հանդիսանում է արյունաստեղծ օրգանների հզոր խթանիչ։ Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսն օգտագործել են որպես տրամադրություն բարձրացնող, մարդուն կայտառացնող միջոց։ Նրանով բուժել են երիկամի քարային, միզապարկի, ինչպես նաեւ շագանակագեղձի հիվանդությունները։
Մաղադանոսի մեջ պարունակվում է հակաքաղցկեղային հատկություններով օժտված միրիստիցին բաղադրիչը, որն ընդունակ է լյարդն ու աղիները պաշտպանել քաղցկեղի տարբեր տեսակներից։
Մաղադանոսի խիտ եփուկը կիտրոնի հյութի հետ օգտակար է կոսմետիկայի մեջ, դեմքի պեպենների եւ այլ լաքաների բուժման համար։ Մաշկը սպիտակեցնելու նպատակով հարմար է օգտագործել մաղադանոսի թարմ հյութը՝ ամեն օր մաշկին քսելու ձեւով:
Կարդացեք նաև
20 գրամ մանրացրած հումքը թրմել մեկ բաժակ եռման ջրում, խմել 1/3-ական բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ: Կարելի է օգտագործել նաեւ սառը ջրաթուրմը. մեկ թեյի գդալ սերմերը թրմել մեկ բաժակ ջրում, 8 ժամվա ընթացքում: Ջրաթուրմը խմել 1/4-ական բաժակ, օրական 4 անգամ:
Եփուկ պատրաստելու համար մանրացրած սերմերն աղում են եւ ստանում փոշի: Այդ փոշուց վերցնում են 4 թեյի գդալ եւ եռացնում 15 րոպե, որից հետո սառեցնում են, քամում ու խմում մեկական ճաշի գդալ, օրական 4-6 անգամ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
30.09.2016թ.