Բարենպաստ պայմաններ են ռազմաքաղաքական դրությունն ի շահ հայկական կողմի ծառայեցնելու համար
Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսը, իրապես, ռազմական եւ քաղաքական նշանակության իրադարձություն էր: Այն ապրիլյան պատերազմի օրերին որոշակիորեն արթնացած անհանգստություններից, մտահոգություններից հետո առաջին դրական ազդակն էր: Սա ոգեւորիչ է, բայց ոչ բավարար գործոն ու երաշխիք հակառակորդին զսպելու համար:
Սեպտեմբերի 21-ի զորահանդեսն, անշուշտ, ռազմաքաղաքական հետեւանքներ ունեցել է` Ադրբեջանին զսպելու, Ալիեւին մտորել ստիպելու առումով: Սակայն Ալիեւին «երես տվողները», եթե նրան կրկին «դաբրո» տան, նոր ագրեսիաները Ադրբեջանի կողմից չի կարելի բացառել: Խոսքն ամենեւին էլ լայնածավալ պատերազմի մասին չէ, այլ նորանոր սադրանքների:
Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի հարաբերակցությունը պահպանելու համար ՀՀ իշխանությունները պետք է ունենան ծրագիր` ռազմականից սկսած դիվանագիտականով, քաղաքականով ու տնտեսականով ավարտած: Շարունակաբար կրկնել, թե ապրիլյան քառօրյա պատերազմից «դասեր պետք է քաղել»` գործնականում պետք է կյանքի կոչել: Սա բազմաշերտ խնդիր է եւ հետեւողական աշխատանք իրագործելու ճանապարհին հսկայական ջանքեր է պահանջում:
Կարդացեք նաև
Հայկական կողմը իրեն պարտադրված պատերազմում հաղթել է հակառակորդին, եւ այս առավելությունը զիջելն ուղղակի ճակատագրական սխալ կլինի: Մենք սահմանափակված ենք այլ երկրներից սպառազինություն ստանալու հարցում, սակայն բոլորի համար պարզ է, որ մարտունակ բանակը միայն գերժամանակակից զինատեսակներ ունենալը չէ:
Անկախության 25-ամյակի զորահանդեսում ցուցադրված «Իսկանդեր» հրթիռային համալիրները ՀՀ սպառազինությունն է, որը ձեռք է բերվել մեր բյուջետային ծախսերի հաշվին», «Ազատություն TV»-ի` «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` հավելելով, որ ՀՀ ԶՈւ-ն ամբողջությամբ վերահսկում է այդ համալիրները. «Մոտակա ժամանակ Դուք դրանում եւս կհամոզվեք: Այսինքն՝ ոչ կիրառման առումով, պատրաստության ծրագրերի առումով»:
Տոնոյանի խոսքով՝ Զինված ուժերում շատ լուրջ վերազինում է իրականացվում. «Ոչ մի սահմանափակում գոյություն չունի ՀՀ համար ռազմական նշանակության արտադրանքի ձեռք բերման, եւ այսպես ասեմ՝ ազատականացված է այդ շուկան: Ուղղակի գոյություն ունեն որոշ սահմանափակումներ Եվրամիության անդամ երկրների եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ չմատակարարման կոնֆլիկտային տարածաշրջաններ, որտեղ որ կան ճգնաժամեր եւ այլն: Այդ սահմանափակումներն են, որ որոշակի մեզ, մեր համագործակցությունը նեղ միջանցքներում են պահում, այսպես ասած:
Բայց ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ կամ ՀԱՊԿ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, այդտեղ մենք ամբողջությամբ ազատ ենք, եւ ես կարծում եմ՝ այն զինտեխնիկայի ցուցադրությունը որոշակի նաեւ այնքան էլ համահունչ չի մեր տնտեսական զարգացմանը: Եվ ՌԴ-ն, մասնավորապես, կատարում է իր դաշնակցային պարտավորությունները մեզ հետ ռազմական տեխնիկայի առումով…»:
Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններն ի շահ հայկական կողմի ծառայեցնելն անիրագործելի խնդիր չէ՝ չնայած ռուս-ադրբեջանական տպավորիչ հարաբերություններին: Բացի այդ, Արեւմուտքը Հայաստանին աջակցում է եւ կշարունակի աջակցել ոչ մահացու զենքերի տրամադրմամբ: Այսինքն՝ այստեղ էլ Արեւմուտքի հետ արդյունավետ աշխատանքն էլ ավելի խորացնելու անհրաժեշտություն կա:
Ռուսական 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումները Հայաստան սկսվել են՝ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Նա նաեւ հավելել է Հայաստանին ռուսաստանյան «Իսկանդեր» հրթիռային համալիրների վաճառքի մասին՝ ընդգծելով՝ «այդ փաստը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն դաշնակցային բնույթ», եւ որ «Իսկանդեր»-ի վաճառքը նշանակում է, որ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն:
Բազմաչարչար 200 միլիոն դոլարի վարկով պայմանագրային պարտավորություններն ու մատակարարումները ձգձգվող գործընթաց էին հիշեցնում: Այսօր ռուսական կողմը հավաստիացնում է, որ «ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»: Մինչդեռ տարեսկզբին ռուսական «Ինտերֆաքսը» հրապարակեց սպառազինության ցանկը, որը վարկի շրջանակում գնելու է Հայաստանը՝ համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգեր, ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգեր, 9М113М կառավարվող հրթիռներ եւ այլն:
Բայց գործընթացը ձգձգվում էր, անգամ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ներկայությամբ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անգամ դժգոհեց. «Համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացը որոշակիորեն դանդաղել է, ուստի ցանկանում եմ խնդրել Ձեզ հրահանգել Рособоронэкспорт-ին հնարավորինս արագացնել պայմանագրերի կնքումը»:
Ռուսական կողմը ապրիլյան պատերազմից հետո, թերեւս, որոշակիորեն «դասեր է քաղել»: Հայաստանում արդարացիորեն ընդդեմ Ռուսաստանի առաջացած հասարակական դժգոհության հետ Մոսկվան պետք է հաշվի նստի: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այս պահին Հայաստանի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել ռազմաքաղաքական դրությունը ի շահ հայկական կողմի ծառայեցնելու համար: Վերջին օրերին իշխանությունների հայտարարությունները` «նոր մոտեցումների» մասին, պետք է կյանքի կոչվեն ռազմական ու դիվանագիտական ճակատներում, երկրի ներսում` քաղաքական ու տնտեսական ոլորտներում: Միայն այդ կերպ է հնարավոր է Ադրբեջանին խաղաղություն պարտադրել:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 30.09.2016թ.