Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ումի՞ց պիտի թաքնվենք». Սուքիաս Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանի՝ «բեղեր պահելու» մեղադրանքի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2016 21:40

Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին հարցրեց, թե ինչպե՞ս է արձագանքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի Սերժ Սարգսյանին հասցեագրված այն մեղադրանքին, թե վերջինս ի դեմս «Բալասանյան» դաշինքի բեղ-միրուք է պահում Գյումրիում, որ իրեն չճանաչեն։ Ըստ պարոն Փաշինյանի, բեղի մի կողմը «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունն է, մյուս կողմը «Հանրապետական» կուսակցությունն է, միրուքի մի մասն էլ Սամվել Բալասանյանն է։

Պատգամավորը, լսելով մեր հարցը, ժպտալով ասաց․«Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակության մեջ աչքի ընկնել իր յուրատիպ, փոխաբերական իմաստով համեմատություններով։ Ինձ համար ցանկալի կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը խոսելուն զուգընթաց գործով զբաղվեր, որպես քաղաքական ուժ թող Վանաձորում, Գյումրիում առաջադրվեր իր քաղաքական ուժով՝ որպես ավագանու թեկնածու և տեսներ, թե ազգաբնակչության մեջ ինչպիսի կշիռ ունի քաղաքական ուժը, որ ինքը ներկայացնում է»։

Մեր դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիրը» առաջադրված է Գյումրու ՏԻՄ ընտրություններում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց․«Էդ եմ ասում, մենք կտեսնենք «Քաղաքացիական պայմանագիրը» ինչ կշիռ կունենա։ Նիկոլ Փաշինյանն այն քաղաքական գործիչներից է, որը շատ լավ քննադատում է և շատ վատ է տանում, երբ որ հանկարծ մի փոքր իր հասցեին քննադատություն է հնչում։ Մենք թաքցնելու բան չունենք այս պարագայում, այո, կա Սամվել Բալասանյան անկուսակցական անձ, կան երկու քաղաքական ուժեր՝ ՀՔԴ և ՀՀԿ, որոնք առաջադրել են և ստեղծել են դաշինք։ Չեմ ուզում հետ գնալ քննարկումների, ինչի համար, ինչից ելնելով, ես արդեն իմ խոսքի մեջ ասացի՝ աշխատանքը տեսնելով, ապագա ծրագրերը հաշվի առնելով։

Հիմա թե Նիկոլ Փաշինյանը դա ինչի հետ կնմանեցնի, դա իր խնդիրն է։ Ես էլի եմ ասում ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը, որպես քաղաքական ուժի ղեկավար ներկայացնի, թե իր քաղաքական ուժը ինչ է ուզում անել Գյումրիում, քան փորձի ինչ-որ նմանակումներ անել, ինչ-որ երևակայական բաների մասին խոսել․․․Ես բազմիցս ասել եմ, ցավոք սրտի, համապետական ընտրություններում, հիմա էլ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, քաղաքական ուժերը գալիս են ժողովրդի մեջ ու շատ ոգևորված, օգտագործելով գյումրեցիների՝ այսպես ասեմ համեմատական ծանր վիճակը, փորձում են բոցավառ ելույթներ ունենալ, սրտաճմլիկ ձևով ասել՝ վայ, մենք ձեր վիճակը գիտենք, ձեզ աջակցում ենք, որևիցե դեղատոմս, կոնկրետ որևէ քայլ ընտրություններից հետո չանել ու չառաջարկել։ Իսկ մեր ժողովուրդն էլ շատ լավ հասկանում է, որ այդպես չէ էլի, պետք է գնալ այն քաղաքական ուժի հետևից, որը գոնե ինչ-որ քայլ անում է։ Ճիշտ է՝ միգուցե մենք ասում ենք, որ այդ քայլը դանդաղ է, որ ժողովրդի մեծ մասսաների համար դեռևս ընկալելի չէ, որովհետև մարդիկ իրենց վրա չեն զգում, համենայնդեպս քայլեր արվում են։

Մենք ուզում ենք, որ այդ քայլերն ավելի տեսանելի լինեն, ավելի արագ։ Եվ դրա համար էլի կոչ եմ անում մեր քաղաքական ուժերին նախ առաջինը՝ մենք ի վերջո հավատանք մեր ընտրություններին և չփորձենք տարբեր ձևերով․․ Հիմա արդեն նայում եմ լրատվամիջոցներով մեկ ասին, որ ընտրակաշառք է բաժանվում, մեկ ակնոցների պատմություն, վաղը մեր ուրիշ պատմություն։ Ես ուզում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը հստակ տեր կանգնեն այս ընտրություններին։ Ընտրությունների արդյունքներից ելնելով՝ հստակ բոլորս միասին հայտարարենք, որ ընտրություններն անցել են թափանցիկ, օրենքի սահմաններում և բնական է, արդեն ժողովուրդը ում աշխատանքը տեսել է, ում գնահատել է, ում հեռանկարի հետ համաձայն է, նրան էլ բնական է ձայն կտա։ Իսկ Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ իր թիմը, իր դաշինքը կամ միանգամից ունենալով 40 տոկոս ձայներ կարողանա քաղաքապետ ընտրել, եթե ոչ, ապա ուրեմն ձայների մեծամասնություն ու համագործակցելով այլ քաղաքական թիմերի հետ՝ ունենանք մեր թիմը ՏԻՄ-ում, Գյումրիում համայնքապետ ունենալ՝ հանձինս Սամվել Բալասանյանի»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը։

Մեր ճշտող հարցին՝ «Հանրապետականը» թաքնվելու փորձ չի կատարե՞լ «Բալասանյան» դաշինքի տակ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Անկեղծ ասած ինչի՞ց պետք է մենք թաքնվենք, ումի՞ց պիտի թաքնվենք, Հանրապետական կուսակցությունը Շիրակի մարզում իր կառույցներով միշտ բոլոր ընտրություններում իր հնարավորության սահմաններում իր աշխատանքը տարել է, խոսել վարկաբեկվածության մասին անիմաստ եմ համարում։ Չգիտեմ ինչու որոշ դեպքերում դա մատի փաթաթան են դարձրել, Հանրապետականը վարկաբեկված չէ, Հանրապետականն այսօր իշխանություն է, և բնական է, իր վրա տանելով իշխանության բեռը՝ բոլոր առումներով, վատ դեպքերում թիրախը բնական է լինում է իշխանությունը կրող կուսակցությունը, լավի դեպքում բոլորը տեր են դառնում։

Հիմա մենք դրանից չենք փախչում, սա է իրավիճակը ու թաքնվենք, ումի՞ց թաքնվենք, հատկապես Գյումրիում կամ Վանաձորում, էնքան փոքր են համայնքները, ճիշտ է՝ մենք ասում ենք մեծ քաղաքներ են, բայց այնքան էլ մեծ չեն, թաքնվել ոչ մի դեպքում հնարավոր չէ․ բոլորը բոլորին շատ լավ գիտեն, բոլորի վարքագիծը բոլորի համար տեսանելի է ու գնահատականներ տալիս են։ Ուղղակի այստեղ խնդիր դրվեց հանդես գալ դաշինքով, դուք շատ լավ գիտեք մինչ առաջադրումը Հանրապետականը խնդիր էր դնում հանդես գալ առանձին, ունենալ իր թեկնածուն, բայց Հանրապետական կուսակցության ղեկավարությունը որոշեց այս անգամ ավելի լավ է կա գործող քաղաքապետ, որը չորս տարիների ընթացքում կատարել է որոշակի աշխատանքներ իշխանությունների օգնությամբ, կարողանանք այդ ծրագրերը շարունակական դարձնելու համար օգնենք Բալասանյան Սամվելին վերընտրվելու», -ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։ Ըստ Սուքիաս Ավետիսյանի իրենք ամեն ինչ արել են, որպեսզի իրենց դաշինքը հաղթի Գյումրու ՏԻՄ ընտրություններում։ «Ուրիշ բան է, մեր ցանկությունն ու կատարած աշխատանքը, ուրիշ բան է ժողովրդի վերաբերմունքը, այսինքն` մեծ հաշվով վերջնական դերակատարումն ունի մեր ընտրողը, գյումրեցին, որը կմտնի քվեախցիկ ու կորոշի՝ ում է ձայն տալու»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը։

Պատգամավորը նշեց, որ համամասնական ընտրակարգի ներմուծումից հետո բոլոր քաղաքական ուժերը իրենց ամբողջ էներգիան ու հնարավորությունները տեղափոխել են Վանաձոր ու Գյումրի։ Ըստ նրա, սա թեև շատ լավ է, բայց ավելի լավ կլինի, եթե քաղաքական ուժերը նման պատասխանատվությամբ վերաբերեն նաև հետընտրական գործընթացին, քանի որ քաղաքական ուժերի մի մասը ավագանու կազմում կունենան ներկայացուցիչներ, ճիշտ կանեն իրենց ներդրումը ունենան Գյումրու ու Վանաձորի զարգացմանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930