Հուլիսին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հասարակական ընդվզման ամենահիշարժան դրվագները մեկտեղվել են «Հոդված 3» ակումբում, որտեղ այսօրվանից կգործի «Սասնա Ծռեր՝ իրավունքի ու բռնության սահմանները» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը` «Ֆոտոլուր» լրատվական գործակալության հետ գործակցությամբ։ «Հոդված 3» ակումբի այս նախաձեռնությունը նպատակ ունի լուսանկարների միջոցով ցույց տալ հուլիսյան դեպքերի ժամանակ իրավապահների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը:
Լուսանկարների հերոսները ոստիկաններն ու ցուցարարներն են: «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչներից Հայկ Բաղդասարյանին ամենից շատ տպավորել է մի կին-ցուցարար, որը նստել էր գետնին` ոստիկանական կենդանի պատի դիմաց: «Առաջին իսկ օրից այդ կինը Խորենացիում էր: Երբ հայտարարեցին, որ Պավլիկ Մանուկյանին վիրավորել են, նա բարկացավ, լաց եղավ ու ասեց, որ հացադուլ է անելու»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Հայկ Բաղդասարյանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Սարի թաղի միջադեպի օրը, երբ ոստիկանական հատուկ միջոցներից տասնյակ քաղաքացիներ եւ լրատվամիջոցների աշխատակիցներ էին վիրավորվել, ինքը Խորենացի փողոցում էր կատարում մասնագիտական պարտականությունները. «Եղբայս Սարի Թաղում էր: Հետո իմացա, որ ամեն ինչ նորմալ է իր հետ: Հետո հիվանդանոց, վիրավորներ…այդ ամենը սկսեց արդեն փոքր-ինչ ազդել աշխատանքի վրա, չէ՞ որ սկսում ես մտածել բոլորի մասին, բայց դե եղբայրդ էլ վերեւում է (նկատի ունի` Սարի Թաղում.-խմբ.)»,-ժպտալով ասաց Հայկը` նկատի ունենալով Վահրամ Բաղդասարյանին, ով եւս «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչներից է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ