Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելը չի պայմանավորում Կարեն Կարապետյանի գործոնով. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2016 19:40

«Սա առաջին անգամ չէ, որ մենք 50 բազիսային կետով իջեցնում ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,-այսօր, այն հարցին, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը կապ ունի՞ կառավարության փոփոխության հետ, ասաց Կենտրոնական բանկի (ԿԲ) դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը:

ԿԲ-ն այսօր ասուլիս էր հրավիրել ներկայացնելու, թե համակարգում ինչպիսի զարգացումներ են ընթանում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ` սեպտեմբերի 27-ին, ԿԲ-ն որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 6.75 %: Իր այդ քայլը Կենտրոնական բանկը բացատրեց օգոստոսին արձանագրված 0.5 տոկոս գնանկմամբ:

Սակայն շրջանառվող տեղեկությունների համաձայն, ԿԲ այդ քայլն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, եւ որքան էլ Կենտրոնական բանկը ՀՀ Սահմանադրությամբ անկախ մարմին է, այդուամենայնիվ, ԿԲ-ն դրան գնացել է նոր վարչապետ Կարեն Կարապետյանի պահանջով: Վարչապետն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերին խոսեց բիզնեսին շունչ հաղորդելու մասին: Իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման պարագայում առեւտրային բանկերը կարող են էժան վարկեր վերցնել ԿԲ-ից եւ տնտեսվարողներին տրամադրել ավելի ցածր տոկոսներով վարկեր` քան ներկայումս է, ինչը, անշուշտ, մեծ խթան կհանդիսանա տնտեսությունը աշխուժացնելու համար:

Սակայն Վահագն Գրիգորյանը մանրամասն պարզաբանեց, թե ինչու է ԿԲ-ն գնացել այդ քայլին: Ըստ նրա. «Օգոստոսի 20-ին ԱՎԾ-ն նոր հրապարակեց տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսի դրությամբ, որը բավականին նվազում ցույց տվեց, մոտ 3,5 տոկոսի, դա, ընդհանուր առմամբ զգալի փոփոխություն է նախկին ակտիվության ցուցանիշների նկատմամբ, հետագայում դուրս եկավ նաեւ օգոստոսի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը 0.5 տոկոսային կետով, նույնպես, նվազում էր եւ որոշակի միտում գրանցվեց եւ երկրորդ եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշները նույնպես ցածր էին եւ որ ամենակարեւորը, օգոստոսին դուրս եկավ գնաճի թիվը, որի հետեւանքով դեֆլացիան փոքր-ինչ`1,3 տոկոսից մինչեւ 1,9 տոկոս խորացավ եւ մեր մոնիտորինգների եւ հարցումների արդյունքներով այդ դեֆլացիան սեպտեմբերի նույնպես կպահպանվի, որը նշանակում է, որ Կենտրոնական բանկի հրապարակված ծրագրից որոշակի գնանկումային ռիսկեր են առաջանում ավելի»:

Մանրամասները` տեսանյութում

Սեպտեմբերին Կենտրոնական բանկը եւս մի որոշում էր կայացրել` ըստ որի բանկերը ներգրաված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորելու են ոչ թե այդ միջոցների 20 %-ը ինչպես որ նախկին պահանջով էր, այլ` 18 %-ը:

Այս քայլով, ինչպես մեկնաբանեց ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը, խրախուսելու են, որպեսզի ավելի շատ եւ երկարաժամկետ միջոցներ ներգրավեն բանկերը: ԿԲ մասնագետն այս հարցում մի էական փոփոխություն էլ նշեց, այն է` տարանջատել են երկարաժամկետ ու կարճաժամկետ միջոցների նկատմամբ կիրառվող պարտադիր պահուստավորման նորմատիվները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930