Լրահոս
Օրվա լրահոսը

Աբել Աղանբեկյան. «Հայ օլիգարխները թզուկներ են» (Տեսանյութ). 1in.am

Սեպտեմբեր 30,2016 19:35

Հայաստանի գլխավոր խնդիրը սոցիալ-տնտեսական հետամնացությունը հաղթահարելն է: Հայաստանը պիտի ստեղծի արդյունաբերություն և շեշտը դնի արտահանման վրա, այլապես չի կարող արտադրել մրցունակ ապրանք: Այսպիսի ուշագրավ դիտարկումներ արեց «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խորհրդային ականավոր տնտեսագետ, ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը՝ խոսելով Հայաստանի տնտեսության խնդիրների և զարգացման հեռանկարների մասին:

Անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ակադեմիկոսն ասաց, թե լավ գիտի նրան, համարում է բարձր կարգ ունեցող մարդ և հույս ունի, որ նրան շատ բան կհաջողվի անել՝ որպես վարչապետ: «Իր փոխարեն՝ ես, նախ, կմշակեի 5-10 տարվա ծրագիր, կմշակեի այնպես, որ դա լիներ կոլեկտիվ, ժողովրդի աջակցությունը վայելող ծրագիր, և կսկսեի այն իրականացնել»,- առաջարկեց մեր զրուցակիցը:

– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի տնտեսությունն ընդհանրապես: Շատ հաճախ այն անվանում են օլիգարխիկ, մենաշնորհային համակարգ: Դուք ի՞նչ անվանում կտաք:

– Տնտեսությանը կարելի է տարբեր անուններ տալ, դա կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից եք նայում: Եթե, օրինակ, խոսենք այն մասին, թե տնտեսության ո՞ր մասնաճյուղերն են այստեղ գերիշխում, ապա Հայաստանում դա գյուղատնտեսությունն է, այս ոլորտը ամենաշատն է ազդում ՀՆԱ-ի վրա: Երկրորդ տեղում արդյունաբերությունն է, և արդյունաբերությանը մի փոքր զիջում է առևտուրը: Սա նշանակում է, որ Հայաստանը արդյունաբերական երկիր չէ:

– Բայց զարգացած երկիր լինելու համար անհրաժեշտ է ունենալ արդյունաբերություն, դա՞ նկատի ունեք:

– Իհարկե, հատկապես զարգացող երկրի համար արդյունաբերությունն իր տեղը պիտի ունենա տնտեսության մեջ: Օրինակ՝ Ռուսաստանում արդյունաբերության բաժինը 28 տոկոս է, թեև Ռուսաստանն ավելի զարգացած է, քան Հայաստանը և ավելի մոտ է հետինդուստրիալ հասարակությանը անցնելուն: Բայց հիշեք, թե ինչ արդյունաբերություն ուներ Հայաստանը խորհրդային տարիներին. ուներ և՛ էլեկտրոնիկա, և՛ ռադիոէլեկտրոնիկա, և՛ մաթեմաթիկական մեքենաներ, քիմիական ինչ արդյունաբերություն կար՝ մեքենաշինություն, էլեկտրոտեխնիկա, մալուխ: Ինչպիսի կոմբինատներ կային խորհրդային իշխանության վերջին շրջանում․ մեքենաշինական գործարաններ, Մարս գործարանը, Հրազդանի մեքենաշինական գործարանը: Հասկանո՞ւմ եք, Հայաստանը առաջադեմ, տնտեսապես զարգացած երկիր էր: Ամեն ինչ քանդվեց:

– Բայց դա խորհրդային տնտեսական համակարգում էր, այսօր այդ համակարգը չկա: Այդ դեպքում ինչպե՞ս կառուցել տնտեսությունը…

– Այնուամենայնիվ, կարելի էր ինչ-որ բան պահպանել, չտրվել այսրոպեական, կեղծ հայրենասիրական լոզունգներին, թե եկեք փակենք ատոմակայանը. մնացին առանց էլեկտրաէներգիայի, եկեք Նաիրիտը փակենք. մնացին առանց քիմիական արդյունաբերության, և այլն:

– Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս վիճակից, ի՞նչ առաջարկներ կարող եք անել:

– Շատ երկրներ են հետամնաց եղել, բայց դարձել են առաջադեմ, օրինակ՝ Ճապոնիան պատերազմից հետո: Դա հետամնաց երկիր էր, «ճապոնական» բառը վատ իմաստ ուներ, ճապոնական ապրանքը չէին գնում, արտադրողականությունը 10 անգամ ավելի քիչ էր, քան Միացյալ Նահանգներում, բայց մշակվեց ռազմավարություն՝ ամենաառաջադեմ երկրների փորձն ընդօրինակելու համար, և 20 տարվա ընթացքում Ճապոնիան մեծ թռիչք կատարեց՝ դառնալով առաջադեմ տնտեսություն, այսօր Ճապոնիայի արտադրողականությունը ավելի բարձր է, քան Միացյալ Նահանգներինը:

– Բայց դա ազատ շուկայական տնտեսության համակարգում էր, այդպես չէ՞:

– Իսկ ի՞նչ է, դուք շուկայական երկիր չե՞ք, դուք նույնպես շուկայական եք: Ճապոնիայում էլ կան հսկա, խոշորագույն ընկերություններ, որոնց հետ համեմատած՝ հայ օլիգարխները պարզապես թզուկներ են, «Տոյոտա» կամ «Միցուբիշի» չեն (ծիծաղում է,-Ա.Ս.):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930