Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է զառերով ցուցապաստառի քաղաքական պապան․ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի պատասխանը՝ ԲՀԿ-ականներին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2016 17:50

Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզչության ընթացքում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունից հետո բուռն քննարկման թեմա դարձավ Շառլ Ազնավուր հրապարակի մոտակայքում «Գյումրեցի ոգի» կուսակցության կողմից փակցված զառերով ցուցապաստառը, որն, ըստ էության, ուղղված էր հենց ԲՀԿ թեկնածուին։

ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը խիստ արձագանքեցին՝ այն որակելով անբարո, ցինիկ արարք։ Նաիրա Զոհրաբյանը խոստացավ պաստառը «ուտացնել» իր տերերին, իսկ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ցուցապաստառը փակցնողի ու նրա քաղաքական պապաների հետ կխոսեն հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո։

Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց, թե «Հանրապետական» կուսակցությունը իրեն համարո՞ւմ է քաղաքական պապա այս ցուցապաստառի։ Մենք պարզաբանեցինք, որ նկատի ունենք այն հանգամանքը, որ իշխող կուսակցությունը, դաշինք կազմելով, առաջադրել է Սամվել Բալասանյանին, իսկ «Գյումրեցի ոգի» կուսակցությունը շատերի մոտ նույնացվում է Սամվել Բալասանյանի անձի հետ։ Այդ կուսակցության հիմնադիրը Սամվել Բալասանյանի նախկին խորհրդականն է, նրա որդու ընկերն է։

«Դժբախտ դեպքը, որը ցնցեց ողջ Գյումրին, կապեցին ինչ-որ ցուցապաստառի հետ, իհարկե, նման ցուցապաստառներն անընդունելի են, որովհետև դրանով ավելի շատ անձնական վիրավորանքի դաշտ ենք մտնում, քան քաղաքական մրցակցության դաշտ, բայց կապել դժբախտ դեպքը ցուցապաստառի հետ, սխալ է։ Ես բազմիցս հանդես եմ եկել ի պատիվ Վարդևան Գրիգորյանի, նա նույնպես հայտարարել է, որ որևիցե կապ չունի մեկը մյուսի հետ, բայց, ցավոք սրտի, այո, այսօր ԲՀԿ-ական որոշ քաղաքական անձինք փորձում են դրա մեջ կապ տեսնել և ոչ ճիշտ լեքսիկոնով փորձում են դրա շուրջ ինչ-որ խնդիր կառուցել։ Ես դա անհիմն եմ համարում և դատապարտում եմ նման կեցվածքը։

Նախ ինչ-որ բան ասելու համար պետք է ունենան հստակ փաստարկներ, մեկ։ Երկրորդը՝ չեմ ուզում որևիցե մեկին որևիցե հարցում մեղադրել, որովհետև մեղադրանք կարող է առաջադրել դատարանն իր վճռով։

Քաղաքական պայքարի մեջ պետք է կարողանալ զուսպ լինել և տանել ոչ թե հայհոյախառն լեքսիկոն օգտագործելով հանդիպումների ժամանակ։ Քաղաքական պայքարը, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, երբ որ մենք քաղաքականացրել ենք, մենք քաղաքականացրել ենք նրա համար, որպեսզի քաղաքական ուժերը պատասխանատվություն կրեն տվյալ համայնքներում իրականացվող գործունեության համար։ Այսինքն` ցանկացած քաղաքական ուժ պետք է ներկայացնի իր տեսլականը տվյալ համայնքի զարգացման համար և պետք է կարողանա իր ծրագիրը ներկայացնել, և ոչ թե իր ծրագրի ներկայացումը թողնի և սկսի դիմացի քաղաքական ուժերին այս կամ այն ձևով վարկաբեկել կամ ցուցապաստառներ կապել դրանց հետ։

Այսինքն, մենք ուզում ենք քաղաքակիրթ մրցակցություն տեսնել, «Հանրապետական» կուսակցությունը բազմիցս կոչ է արել և անում բոլոր քաղաքական ուժերին, որ մենք ուզում ենք մաքուր մրցակցություն, թափանցիկ ընտրություններ, որպեսզի մեր համայնքի ժողովուրդը, ընտրողները կարողանան այդ ամենը տեսնել։ Իրենք երբ որ մտնեն քվեարկելու, քվեարկեն այն քաղաքական ուժին, որի կամ գործունեությունն են տեսել, գնահատել և հատկապես որի ծրագրին են հավանություն տալիս որպես քաղաքական ուժ, որպես պատասխանատու ուժ տվյալ համայնքների խնդիրները լուծելու համար», -ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930