Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի՝ հումորի թեմա դարձած ցուցապաստառների հետ ՀՀԿ-ն կապ չունի․ Սուքիաս Ավետիսյանի պարզաբանումները

Սեպտեմբեր 30,2016 17:13

Գյումրիում այսօր քարոզարշավի վերջին օրն է, հոկտեմբերի 2-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրությունները, որին մասնակցում են 10 կուսակցություններ և մեկ դաշինք՝ «Բալասանյան» դաշինքը։

Aravot.am-ը «Բալասանյան» դաշինք կազմած «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է խորհուրդ տվել իրենց քաղաքապետի թեկնածուին՝ պարոն Բալասանյանին իր կատարած ամեն մի քայլը ցուցապաստառի տեսքով փակցնել քաղաքի փողոցներում, որն էլ դարձել է ծաղրի թեմա մյուս կուսակցությունների կողմից։

Նկատենք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների ներկայացուցիչները՝ մասնավորապես ԲՀԿ-ական պատգամավորները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը, Հայ Ազգային կոնգրեսի պատգամավորները, անգամ իշխանական կոալիցիայի մաս կազմած ՀՅԴ-ականները արդեն հասցրել են ձեռ առնել իշխանական թեկնածուի ցուցապաստառները։ Երեկ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը առաջարկում էր հուշարձան կանգնեցնել այն մարդու համար, որը ժամանակին վճարել է աշխատավարձերը։

Ի պատասխան մեր հարցի, պատգամավորն ասաց․ «Նախ ասեմ, որ Ընտրական օրենսգրքով չի հստակեցվում, թե ցուցապաստառների քանակը ինչքան պետք է լինի, ով ինչքան ցուցապաստառ պետք է ունենա, այսինքն` կարծես թե դա արդեն մտնում է տվյալ դաշինքի կամ քաղաքական ուժի հնարավորությունների, ծախսերի դաշտ։ Այսինքն` մի կողմից բիզնես ոլորտ է, կան ցուցապաստառները, որոնք ունեն իրենց տերերը, մյուս կողմից էլ կա պատվիրատու, որն ուզում է ցուցապաստառներով ցույց տալ իր կատարած աշխատանքը։ Այսինքն` գործող քաղաքապետը, իշխանությունը կամ գործող քաղաքական ուժը բնական է ինչ-որ ձևով իր կատարած աշխատանքը պետք է ցույց տա չէ՞ , եթե փողոց է ասֆալտապատվել, էդ փողոցի ժողովուրդը շատ լավ գիտի, որ իրենց փողոցը ասֆալտապատվել է, բայց արդյոք մնացած ընտրողները գիտե՞ն, որ այդքան փողոց կա ասֆալտապատված, այսքան աշխատանք կա կատարված։ Դա կատարվում է կամ հեռուստաելույթներով կամ լրատվությամբ կամ բուկլետներով կամ ցուցապաստառներով։

Հիմա խնդիրը որն է, այո, շատ քաղաքական ուժեր բողոքում են, թե ինչո՞ւ են ամբողջ ցուցապաստառները վերցված «Բալասանյան» դաշինքի կողմից, մյուսը, մյուսը․․․Ասեմ, որ այս մասով «Հանրապետական» կուսակցությունն անելիք քիչ ունի, որովհետև «Հանրապետական» կուսակցությունն առաջադրել է Սամվել Բալասանյանին, բայց կա աշխատանքի բաժանում։ Այսինքն` զուտ ցուցապաստառներով, զուտ ագիտացիոն բոլոր աշխատանքներով զբաղվում է Սամվել Բալասանյանը իր առանձին թիմով, իսկ «Հանրապետական» կուսակցությունն աշխատանքներ է տանում իր կուսակիցների հետ, ազգաբնակչության հետ, որպեսզի մարդկանց կարողանա համոզել, որ Սամվել Բալասանյանին առաջադրել ենք, որովհետև կա կատարված աշխատանք, կա տեսանելի աշխատանք և ապագայում ունենք ծրագիր, ուզում ենք որպես քաղաքական ուժ մեր ծրագիրը իրականացնել Սամվել Բալասանյանի և մեր քաղաքական ուժի միջոցով։ «Հանրապետական» կուսակցությունը այս պարագայում խորհուրդ չի տվել, չի զբաղվել ագիտացիոն աշխատանքներով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930