Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում ամենակողմ քվեարկած խմբակցությունը ՀՀԿ-ն է: Այս մասին սեպտեմբերի 30-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Նա նշեց, որ ամենաշատ դեմ քվեարկած խմբակցությունը «Ժառանգությունն» է, իսկ ամենաշատ ձեռնպահ քվեարկածը ՕԵԿ-ն է: Ամենաշատ բացակայած ու չքվեարկած խմբակցությունը ԲՀԿ-ն է. «Ընդհանրապես ԲՀԿ-ում պատկերը շատ տարբեր է: Այս նստաշրջանի տվյալով ունենք, որ ամենաշատ բացակայած պատգամավորը եւ խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորը նույն խմբակցությունից են: Այս նստաշրջանում հարցերի եւ ելույթների վիճակագրությամբ առաջատարը Միքայել Մելքումյանն է ԲՀԿ խմբակցությունից: Նա անգամ շրջանցել է ՕԵԿ-ի շատ ընդգծված ակտիվությունը»:
Անդրադառնալով բացակաների թվին՝ Լուսինե Վասիլյանն ասաց, որ տեղաշարժ կա՝ 110 քվեարկությանը բացի Գագիկ Ծառուկյանից, չի մասնակցել նաեւ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը. «Ունենք նաեւ մի քանի քվեարկության մասնակցածներ: 105 անգամ քվեարկությունից բացակայել է ԲՀԿ խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանը, 103 անգամ հանրապետական Արթուր Գեւորգյանը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ