Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում 69 պատգամավորից հարց չի տվել եւ ելույթ չի ունեցել 53-ը, ԲՀԿ-ում՝ 33-ից 24-ը

Սեպտեմբեր 30,2016 16:06

«Մենք գրեթե նույն միտումները, նույն ցուցանիշներն ենք արձանագրել, որոնք որ ունեցել ենք նախորդ բոլոր նստաշրջանների ընթացքում»,- սեպտեմբերի 30-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Նա նշեց, որ խորհրդարանը 112 օրենք է ընդունել 8-րդ նստաշրջանի ընթացքում, դրանց 2/3-րդը՝ 74-ը արտահերթ նստաշրջանի ընթացքում. «Սա այս գումարման խորհրդարանի ամենալուրջ բնորոշիչներից մեկն է, որ ամեն նստաշրջանից հետո հաստատ օրենքի կեսից ավելին, որոշ նստաշրջաններում ընդգծված կեսից ավելին ընդունվում է արտահերթ նիստի ընթացքում: Նախորդում մենք բացառիկ ցուցանիշ ենք ունեցել՝ մոտ 80 տոկոսն էր արտահերթում ընդունվել, հիմա 2/3-րդն է ընդունվել: Ամենակարեւոր օրենսդրական ակտերը, ամենակարեւոր օրենքները՝ Ընտրական օրենսգիրք, Հարկային օրենսգիրք առաջին ընթերցմամբ, փոխհամաձայնագիր, կառավարության կազմի փոփոխություն, բոլորը նույնպես ընդունվել են արտահերթերի ընթացքում»:

Լուսինե Վասիլյանի խոսքերով՝ չի փոխվել խորհրդարանի նախաձեռնողականության մակարդակը, ընդհակառակը՝ ավելի վատացել է, եւ 9-րդ նստաշրջանի ընթացքում ամենացածր ցուցանիշներից մեկն է արձանագրվել՝ 5-95 հարաբերակցությամբ՝ 112 օրենքներից 5-ի հեղինակներն են ԱԺ պատգամավորները, 107-ինը՝ կառավարությունը. «Մենք սա զեկույցում անվանել ենք խորհրդարանի մեկուսացում, օտարում օրենսդրական գործունեությունից»:

Մոնիթորինգի ընթացքում անդրադարձ է կատարվել ԱԺ 12 մշտական հանձնաժողովներին, որոնցից 5-ը որեւէ լսում չի իրականացրել, ինչը ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է. «Եղել են հանձնաժողովներ, որոնք ընդհանրապես նիստ էլ չեն հրավիրել. Եվրաինտեգրման հանձնաժողովը 9-րդ նստաշրջանի ընթացքում քննարկման որեւէ թեմա չի ունեցել: Էլի ցուցանիշ է, որը վերլուծության առիթ կարող է դառնալ:

Չի փոխվել լուռ պատգամավորների թիվը: Այստեղ շատ կայուն իրավիճակ է արդեն մի քանի տարի՝ խորհրդարանի մոտ կեսը կամ կեսից ավելին ընդհանրապես օրենսդրական քննարկումների ժամանակ հարցեր, ելույթներ չի ունենում և, ըստ էության, չի մասնակցում: Լուռ պատգամավորները կեսից ավելին են, այս նստաշրջանում 77-ն են նախորդ 67-ի համեմատ: Այսինքն՝ 131 պատգամավորից 77-ը ընդհանրապես մեկուսացած է եւ որեւէ կապ չունի օրենսդրական գործունեության հետ: Նրանք հիմնականում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչներն են: ՀՀԿ-ում 69 պատգամավորից հարց չի տվել եւ ելույթ չի ունեցել 53-ը, ԲՀԿ-ում՝ 33-ից 24-ը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930