Լրահոս
Օրվա լրահոսը

«Գժի թատրոն», «անգրագետը դուք եք». վեճ՝ ԱԺ-ում. Ջհանգիրյանը Փոստանջյանին հոգեկան անհավասարակշիռ որակեց (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2016 15:00

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծի քննարկման ժամանակ, ինչպես տեղեկացրել ենք, Գագիկ Ջհանգիրյանն ու նա վիճեցին:

Տիկին Փոստանջյանը նախագիծ էր ներկայացրել «Մահացած զինծառայողների գործերը բացահայտելու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Գագիկ Ջհանգիրյանը դիտողություններ արեց նրան՝ ասելով, որ իրավաբանորեն ճիշտ չի ձեւակերպված, սխալ եզրույթներ են եւ այլն:

Նա ասաց, որ նախաքննություն է ընթանում այդ գործերի, իսկ նախաքննությունը չի կարող թափանցիկ լինել, թափանցիկ լինում է շրջազգեստը:

zaruhi-postanjyanԶարուհի Փոստանջյանն էլ իր ելույթում պարզապես մեղադրեց Գագիկ Ջհանգիրյանին՝ մի շարք հանցագործություններ կոծկելու մեջ: Նրա խոսքերով՝ «Չբացահայտված գործերի թվին է պատկանում նաեւ մեկ գործ, որը պարոն Ջհանգիրյանի ղեկավարության ներքո գնաց, դատարաններում պտտվեց, հանգրվանեց նախաքննական մարմնում, եւ այդ գործի վերաբերյալ այս տարի ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց եւ ՀՀ-ին տուգանեց 50 հազար եվրո: Այդ գործերի շարքը բազմաթիվ է: Ինչ վերաբերում է նախագծի մեջ ձեր ասած խմբագրական խնդիրներին, հազարավոր նախագծեր եք այստեղ բերել, երբ կային խմբագրական խնդիրներ, մտցրել եք քառօրյա օրակարգ, քննության առարկա եք դարձրել: Այս նախագիծն էլ փոխեք, եթե կան խնդիրներ, ձեր ճաշակով դարձրեք: Ձեր ասած թափանցիկ շորերի վերաբերյալ ձեր  ճաշակն այստեղ բանեցրեք»:

Նա ասաց, որ ոչ մի խնդիր էլ չկա, եթե ցանկություն կա, կստեղծեն այդ հանձնաժողովը:

Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց Զարուհի Փոստանջյանի ելույթին՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին հարցրեց. «Ես ինչքան գիտեմ, պետաիրավական հարցերի հանձնաժողովում աշխատանքային խումբը նոր կանոնակարգի վրա է աշխատում: Ես պիտի առաջարկեմ, որ պատգամավորների թեկնածուների գրանցման ժամանակ անպայման պատգամավորների հոգեկան հավասարակշռության վերաբերյալ տեղեկանք պահանջեն: Թե չէ էսպես անհնար է»:

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը սկսեց ծափահարել առաջարկին:

Հովհաննես Սահակյանն էլ մեջբերեց Զարուհի Փոստանջյանի խոսքերը՝ «դիտավորյալ չեմ փոխել նախագիծը», անգրագետ ձեւակերպում որակեց դա: Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց. «Անգրագետը դուք եք»:

Ձեռքով ցույց տալով Գագիկ Ջհանգիրյանին՝ նա ասաց. «Եթե անգրագիտության մասին եք խոսում, դա դեռ հարց է՝ ձեր այս սուպեր գրագետ մարդու պատճառով այս տարի մեր պետբյուջեն 50 հազար եվրոյով տուժել է, այս սուպեր գրագետ, ազնիվ եւ հոգեկան հավասարակշռված մարդկանց պատճառով մեր բյուջեն տուժում է: 2003-ին պարոն Ջհանգիրյանի քննած գործը, որն ուղարկվել է դատարան, այսօր ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ այս մարդու պատճառով: Ինչքան ճակատագիր է խեղել այս մարդը»:

Նիստի ավարտից հետո Գագիկ Ջհանգիրյանն ասաց՝ «Տեսնո՞ւմ եք էս գժի թատրոնում ոնց ենք դիմանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930