Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Զարկերակ» մամուլի ակումբում հայտարարեց, որ «Իսկանդերը» զինատեսակ է, որը կարող է ստույգ կերպով ոչնչացնել շատ մեծ թիրախներ, բայց նաև նշեց, որ այն գերունիվերսալ զենք չէ, և չի կարող, օրինակ, դիրքապահի անվտանգության խնդիր լուծել:
Անդրադառնալով ՀՀ-ում անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին՝ պարոն Վրթանեսյանը նշեց. «Այն ոչ միայն մեր հարևան երկրներում է առաջացրել աշխուժություն, այլև այդ զորահանդեսի մասին անգամ Ինդոնեզիայում են գրել: Եվ պատահական չէ, որ դրանից հետո Ադրբեջանը շատ ակտիվ սկսեց ապացուցել, որ ինքն էլ հետ չի մնում սպառազինությունների մրցավազքում: Ադրբեջանը սկսեց հայտարարություններ հնչեցնել գործարքների, գնումների մասին, հապճեպ հրթիռահրետանային զորքերի զորավարժություններ արեցին: Մի լուսանկար էլ այդ զորավարժություններից տարածեցին, որն իրականում 2014-ի լուսանկար էր: Երևաց, որ շատ- շատ են շտապել: Իրենք ամեն ինչից բացի, նույնիսկ գնման մտադրությունների մասին հայտարարությունները օգտագործում են քարոզչության համար»:
Կարեն Վրթանեսյանի տպավորությամբ՝ սպառազինությունների այս մրցավազքը դեռ երկար կշարունակվի, քանի դեռ Ադրբեջանի ու Թուրքիայի պես հարևաններ ունենք:
Ռազմական փորձագետը համարում է, որ ցանկացած պարագայում «Իսկանդեր» ունենալը կարևոր ձեռքբերում է, բայց այլ հարց է, որ այն ունիվերսալ գործիք չէ, որ ամեն խնդիր լուծի, օրինակ՝ դիրքապահի անվտանգության խնդիր «Իսկանդերը» չի լուծում:
Կարդացեք նաև
Կարեն Վրթանեսյանը կասկածներ ունի, որ զորահանդեսից առաջ էլ Ադրբեջանում տեղեկություններ ունեին, որ ՀՀ-ում «Իսկանդեր» կա, սակայն զորահանդեսը սթափեցրեց ադրբեջանական հասարակությանը. «Ադրբեջանի բնակչությանը ցուցադրվեց, որ իրենց պատրանքներն առ այն, որ իրենք հանգիստ կարող են Հայաստանին ինչ-որ բան անել, դրանք ընդամենը պատրանքներ են: Ադրբեջանում տարիների ընթացքում մի տպավորություն է ստեղծվել, թե հեշտությամբ կարող են Հայաստանը գրավել: Այդ առումով զորահանդեսը սթափեցնող էր»:
Դառնալով այն հայտարարություններին, թե Ադրբեջանում պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են շուրջ 5 անգամ, պարոն Վրթանեսյանը հայտնեց. «Իրենց հայտնի քարոզչական թեզը, թե իրենց ռազմական բյուջեն ՀՀ-ից մեծ է, վաղուց չկա: Այդ բյուջեն բավականին համեստ է: Այս տարի կրճատեցին նաև բանակում պայմանագրայինների թիվը: Այնպես որ, լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն այս պահի դրությամբ»:
Կարեն Վրթանեսյանը նկատեց, թե զորահանդեսից հետո Ադրբեջանում նյարդային տրամադրություններ են, նույնիսկ դրա մասին վկայում են «Ադրբեջանում խուճապ չկա» վերնագրով հրապարակումները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ