Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք խոշտանգողներից մեկն եք, սա ձե՛ր մեղքն է». Փոստանջյանն ու Ջհանգիրյանը վիճեցին ԱԺ-ում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2016 14:12

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը՝ Մահացած զինծառայողների գործերը բացահայտելու հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, քննարկվեց բավականին թեժ մթնոլորտում:

ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանն ասաց, որ կողմ չեն կարող քվեարկել, որովհետեւ իրավաբանորեն թերի փաստաթուղթ է, բայց հաշվի առնելով, թե թեման ինչ է, հորդորեց ձեռնպահ քվեարկել:

gagik-jhangiryan_tigran-urixanyanԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ «Ես անվերապահորեն աջակցում եմ այս նախաձեռնությանը՝ նախեւառաջ այն պարզ պատճառով, որ զոհվածների, մահացածների մայրերը տարիներ շարունակ ակնկալում են մեզանից հարցի քննարկում եւ հնարավոր բացահայտում, լրացուցիչ լուծումներ: Բա լավ, մեր վեհ, վսեմ, փառահեղ, պանծալի խոսքերը՝ մեր զինծառայողների, զոհվածների հիշատակին, նրանց ծնողների, մայրերի վերաբերյալ չե՞ն տեղավորում իրենց բովանդակության մեջ գոնե այս նախաձեռնությունը: Վստահ եմ, բոլորի սրտից արյուն է հոսում՝ ամեն անգամ այդ կանանց ԱԺ-ի կամ այլ հիմնարկների մոտ տեսնելիս»:

Նա հորդորեց գործընկերներին, որ քվեարկեն հարցը լիագումար նիստում քննարկելու օգտին:

gagik-jhangiryan_zaruhi-postanjyanԻսկ երբ խոսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, թեժ վեճ բռնվեց նրա եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ:

Ջհանգիրյանը նախ ցույց տվեց, որ իր սրտից էլ է արյուն կաթում՝ այդ կանանց տեսնելիս. «Ես նախագծի գաղափարին կողմ եմ, հակառակը նաեւ անբարոյական կլիներ իմ կողմից: Բայց նախագիծը, որը արդեն երրորդ անգամ ենք քննարկում, ցավոք, իրավական տեսանկյունից որեւէ քննադատության չի դիմանում: Եթե նույնիսկ մահացածների թեման դնենք մի կողմ, նախաքննությունը գաղտնի պրոցես է, այն թափանցիկ լինել չի կարող: Թափանցիկ լինում են, շրջազգեստները, այլ բաներ: Բայց նախաքննությունը թափանցիկ լինել չի կարող: Մահացածների հարազատներ եք գրել, սա իրավաբանական տերմին չէ, ցանկացած զոհված ունի հարյուրավոր հարազատներ, բայց մենք ո՞ւմ պետք է լսենք: Գուցե մեկին լսենք, մյուսը գա ասի՝ ես չեմ բողոքում, պետք է լինի՝ տուժողների իրավահաջորդներ, նրանց ներկայացուցիչներ եզրը»:

«Ես կխնդրեի դուք իրավական գնահատականներ չտայիք, որովհետեւ եթե դուք այստեղ ուզում եք ձեր իրավական գիտելիքների մասին դասախոսություն կարդաք, այստեղ այդ տեղը չէ: Պարզ է, որ տուժողի իրավահաջորդների մասին է խոսքը: Եվ սա ձե՛ր մեղավորությունն է, որ այսօր այսպիսի խնդիրներ ունենք, որովհետեւ դուք տարիներ շարունակ կոծկել եք հանցագործներին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ջհանգիրյանը հակադարձեց, թե «դուք հասարակ զսպվածություն չեք ցուցաբերում, որ լսեք»:

Փոստանջյանը բարկացած արձագանքեց. «Ի՞նչ զսպվածություն ցույց տամ, որ դուք խոշտանգողների հեղինակն եք եւ խոշտանգողներից մեկն եք, դա՞ ցույց չտամ»:

Գագիկ Ջհանգիրյանը փորձեց հարթել՝ թեման փակելով, թե «Կնոջ վարքագիծը հայտնի է բոլորին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930