Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հաստատ մյուս ԱԺ-ում չեք լինի». Պատգամավորները վիճեցին՝ ո՞վ է լինելու մյուս ԱԺ-ում, ով՝ ոչ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2016 13:40

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում Զարուհի Փսստանջյանի հեղինակած «Մահացած զինծառայողների գործերի քննության թափանցիկությունն ու արդյունավետությունը ապահովելու, դրանք բացահայտելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու» նախագծի քննարկումն անցավ թեժ մթնոլորտում:

Նախագիծը մեկ տարի առաջ դրվել էր քննարկման եւ հետաձգվել: Այսօր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ գրավոր առաջարկություններ պատգամավորներից չի ստացել եւ հորդորեց, որ եթե գաղափարին կողմ են, բոլոր տեխնիկական թերությունները պատրաստ է շտկել:

vahram-mkrtchyanՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հիշեցրեց, որ Գագիկ Ջհանգիրյանը բազմաթիվ դիտողություններ էր արել նախորդ քննարկման ժամանակ. «Հիմա նայում եմ, ոչինչ փոխված չէ, նույնիսկ փոխված չէ, որ հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են 2016-ի մայիսի 1-ին»: Վահրամ Մկրտչյանը սկսեց դիտողություններ անել, Զարուհի Փոստանջյանը տեղից արձագանքեց, որ սխալ դիտարկումներ է անում: ՀՀԿ պատգամավորն ասաց, որ նոր Սահմանադրությամբ քննիչ հանձնաժողով է նախատեսված ստեղծել, այս տիպի հարցերը հենց քննիչ հանձնաժողովի հարցեր են. «Չե՞ք գտնում, որ դուք սրանով եւս մեկ անգամ փորձում եք շոու անել, եւ ոչ թե իրավաբանորեն լուծում տալ, քանի որ գործերից շատերը գտնվում են նախաքննական կամ դատաքննական գործընթացի մեջ»:

zaruhi-postanjyan-2Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ այն հանձնաժողովը, որը պետք է ստեղծվի, ավելի լուրջ գործ կարող է անել, քան նախաքննական մարմինը. «Այս գործերը տարիներ շարունակ պտտվել են դատական ատյաններով, չբացահայտվածի կարգավիճակում են, սա է խնդիրը, որ քաղաքացիները այլ մարմնի են դիմում, որ փորձեն գոնե այս միջոցով հասնել բացահայտմանը»:

Տիկին Փոստանջյանն ասաց, որ իրավապահ մարմինները չեն կարողացել իրականացնել իրենց գործառույթը, դրա համար խնդրել են իրեն, որ սա նախաձեռնի:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն էլ ասաց՝ եթե իրավապահ համակարգին չեն վստահում, եկեք բոլոր սպանություններն էլ ընդգրկենք, ի՞նչ տարբերություն, ինչո՞ւ միայն սպանված զինծառայողների:

Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ սա սպանված զինվորների ծնողների պահանջն է առաջին հերթին. «Կան բազմաթիվ սպանության գործեր, որոնք չեն բացահայտվել, բայց դա համակարգային խնդիր է: Իսկ սա ուղղակի սպանություն չէ, երբ մեր տղաներին ուղարկում ենք զինծառայության, պետության պաշտպանության ներքո ենք իրենց դնում, եւ նրանք ծառայության մեջ են լինում: Երբ տեսնում ենք, որ բանակում սպանության դեպքերի թիվը իրոք ահազանգող է, եթե իրավապահ մարմինները այս գործերով բացահայտում չեն անում, ապա ճիշտ կլինի, որ ՀՀ ԱԺ-ն անի»:

Լեւոն Մարտիրոսյանը նաեւ հարցրեց. «Անընդհատ նշում եք, որ էս գումարման ընթացքում եք ուզում հարցին լուծում տալ, ինչո՞ւ, տրամաբանությունը չեմ հասկանում: Նոր Սահմանադրությամբ քննիչ հանձնաժողովներ են ստեղծվելու ապագա գումարման ԱԺ-ում»:

Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Հիմա մեր գործառույթների մեջ է, իսկ մյուս գումարման ժամանակ հավանաբար դուք այստեղ չեք լինի, պարոն Վահրամ Մկրտչյանն այստեղ չի լինի»:

Սա ՀՀԿ պատգամավորներին դուր չեկավ, սկսեցին հակադարձել՝ թե՞ վախենում եք, որ դուք այստեղ չեք լինի: Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց. «Չէ, ես համոզված եմ, որ դուք այստեղ չեք լինելու, հիմա ուզում եմ, որ դուք ձեր պարտքը կատարեք: Ես որտեղ էլ լինեմ, պատշաճ իմ գործառույթները կատարում եմ: Միգուցե եւ ես էլ չեմ լինի, ես չեմ վիճում, բայց կարեւորն այն է, որ դուք հաստատ չեք լինի, պարոն Մկրտչյանը՝ հատկապես»:

Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները հորդորեցին Զարուհի Փոստանջյանին նախագիծը չդնել քվեարկության: Սակայն նա մնաց անդրդվելի: Միայն Տիգրան Ուրիխանյանն ու Զարուհի Փոստանջյանը կողմ եղան, մյուսները՝ ձեռնպահ, նախագիծը մերժվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930