Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) գիտագործնական բազայի բացումը՝ երկու ամբիոնների գծով (դատական բժշկության և բժշկական գենետիկայի): Հատկանշական է, որ տվյալ բազան բացվել է ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանի միջև 2016թ. ապրիլին ստորագրված պայմանագրի շրջանակներում:
Միջոցառումը, որին ներկա էին ԵՊԲՀ պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը, ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շոթա Վարդանյանը, ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն,պրոֆեսոր Թամարա Սարգսյանը և այլ աշխատակիցներ, բացել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը:
Նա նշել է, որ բազայի բացման հիմնական նպատակներն են գիտական նախագծերի համատեղ իրականացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, փորձագիտությունների և հետազոտությունների անցկացմանն առնչվող խորհրդատվությունը, ինչը կնպաստի դրանց որակի բարձրացմանը տվյալ մասնագիտություններով: ԵՊԲՀ լավագույն դասախոսներն ու պրոֆեսորները կմասնակցեն այդ աշխատանքներին: Նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը նաև թունաբանության և մի շարք այլ բժշկակենսաբանական բնագավառներում: Ի շահ ընդհանուր գործի նախատեսվում է օգտագործել Երևանի պետական բժշկական համալսարանում և Փորձաքննությունների ազգային բյուրոյում առկա ամենաժամանակակից սարքավորումները, ինչը նաև ԵՊԲՀ ուսանողների համար համապատասխան մասնագիտությունների գծով գործնական պարապմունքների կազմակերպման կարևոր օղակ կդառնա:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու՝ Լանա Մշեցյան