Արցախի Հաթերք համայնքի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանը ռուսաստանաբնակ հաթերքցիների շնորհիվ հագեցած է անհրաժեշտ գույքով եւ պարագաներով: Դպրոցի զինղեկ, պահեստազորի սպա Ռուբեն Բաղրյանը հպարտությամբ է ասում` Արցախի շատ քիչ դպրոցներ ունեն նման կահավորանք: Վստահեցնում է` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցումն իրականացվում է ինչպես հարկն է:
Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ իր շրջանավարտների մի մասն արդեն սպայական կոչումներով ծառայում է Արցախի պաշտպանության բանակում: «Բանակ-հասարակություն կապը պահպանում ենք, տեղի զորամասի հետ կազմակերպում համապատասխան միջոցառումներ, քննարկում ռազմահայրենասիրական թեմաներ, աշակերտներն էլ հանդիպում են Արցախյան պատերազմի մասնակից-վետերանների հետ»,-ասում է Ռուբեն Բաղրյանը:
Կարդացեք նաև
Զինղեկի կարծիքով` շաբաթը մեկ անգամ ռազմագիտություն դասավանդելը չափազանց քիչ է, անհրաժեշտ է շաբաթական 3-4 ժամ: Ռազմագիտության դասասենյակին կից հրաձգարան կա: Անհրաժեշտ ուսումնական գույք ունեն, սակայն բավարար չէ. «Մեկ ուսումնական ինքնաձիգը տալիս ես մեկ աշակերտին` մյուս 18-ը նստում-նայում են: 8-11-րդ դասարաններում 80 աշակերտ ունեմ: 80-ի համար մեկ ինքնաձիգը շատ քիչ է…այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում դպրոցում պետք է ունենանք հզոր զինանոց, որ երեխան կարողանա պատրաստված մեկնել ծառայության»,-նկատում է Ռուբեն Բաղրյանը:
Մանրամասները` տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ