Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում սպասվում են «ռադիկալ քայլեր» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2016 12:52

Թեեւ կառավարության երկու առանցքային նախարարներ`արտաքին գործերի եւ պաշտպանության, դեռ նշանակված չեն եւ, ինչպես երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարվեց`այդ նշանակումները կլինեն մինչեւ հոկտեմբերի 3-ը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասում է, որ թերի կազմով անգամ նոր կառավարության հիմնական խնդիրները դառնում են տեսանելի:

«Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Զաքարյանը կարծիք հայտնեց, որ իրականացված եւ դեռ հնարավոր կառուցվածքային փոփոխությունները արդեն հուշում են կառավարության գերակայությունները եւ ուրվագծում են գործունեության ծրագիրը, որը մոտ ժամանակներս կներկայացվի խորհրդարանի դատին:

«Կառավարության կառուցվածքում արված փոփոխություններն ունեն օպտիմիզացիայի սկզբունք, մի շարք ուղղությունների կարեւորելու սկզբունք, ներքին ռեսուրսների արդյունավետ կառավարման սկզբունք: Եվ իհարկե, բարեփոխումների հերթական փուլն է, որը առնչվում է պետական կառավարման արդյունավետ համակարգին: Կարծում եմ, այդ փոփոխությունները կլինեն շարունակական: Մեր կառավարման համակարգը ժամանակի պահանջների զուգահեռ, պետք է կարողանա ներքին ռեսուրսների արդյունավետ կառավարում իրականացնել»,- ասաց նա:

Բանախոսի կարծիքով,գնալով շատ ավելի բարդ է դառնալու արտաքին վարկային եւ այլ ռեսուրսների ներգրավումը, քանի որ համաշխարհային տնտեսությունը գնալով աճի բավական ցածր տեմպեր է գրանցում, հետեւաբար, նա գտնում է, որ մենք պետք է կարողանանք ներքին`տնտեսական, արդյունաբերական կառավարումը եւ ֆինանսական ռեսուրսները ճիշտ ուղղորդել եւ օգտագործել: «Սրանք, կարծում եմ, լինելու են կառավարության գերխնդիրներն առաջիկայում»,- ասաց Արտակ Զաքարյանը`հավելելով, որ այս իմաստով կառավարությունը մեծ անելիքներ ունի եւ պետք է կարողանա կարճ ժամկետում տեսանելի արդյունքներր ձեռք բերել եւ արձանագրել: Շոշափելի արդյունքներ, նա կարճ ժամկետի համար հնարավոր չի համարում, բայց տեսանելին`նույնիսկ անհրաժեշտ է համարում:

Հասարակության համար սպասելիքների մթնոլորտը ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ պետք է վերածվի տեսանելի արդյունքների, ընդ որում պետության-հասարակություն երկխոսությունն այս իմաստով չպետք է լինի միայն դժգոհությունների արտահայտման եւ խնդիրների լուծման ոլորտում, այլ երկուստեք պայմանավորված խնդիրների լուծմամբ:

«Կառավարության մոտեցումը կլինի ավելի իրատեսական: Դա կարող է պարունակել մի փոքր ավելի ռադիկալ քայլեր, խիստ մոտեցումներ: Դա ժամանակի պահանջն է: ՀՀԿ-ն, որը կրում է լիարժեք պատասխանատվություն կառավարության համար, պատրաստ է աջակցել այդ գործողություններում կառավարությանը լիարժեք քաղաքական աջակցություն տալ»,- ասաց Արտակ Զաքարյանը`հավելելով, որ աշխարհում տրանսֆորմացիա է ընթանում, արագ լուծումներ են պետք, ուստի կառավարությունը ոչ միայն քաղաքական եւ կուսակցական դեղատոմսերով պիտի պետական կառավարում իրականացնի, այլ արդյունավետ կառավարման լավագույն ճանապարհն ընտրի: Այս իմաստով, տեղի ունեցող փոփոխություններն, ըստ նրա, լիովին համապատասխանում են երկրի ներսում եւ երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Aravot.am-ի հարցին`ինչո՞ւ ՀՀԿ-ն հիմա որոշեց համահունչ քայլել աշխարհին, երբ փոփոխություններն արդեն մի քանի տարի է ընթանում են, Արտակ Զաքարյանն ասաց, որ ինքը նկատի ունի տնտեսական ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունները:

Ըստ նրա, նախորդ կառավարության գործունեությունն էլ համապատասխանում էր իր ժամանակի խնդիրներին: Հիմա առավել օպերատիվություն եւ նորամուծություններ է պահանջվում կառավարությունների կողմից ու եթե իշխող ուժի ներկայացուցիչներն ասում են, որ որեւէ տեղում ունենք հիմնախնդիր, չի նշանակում, որ ինչ որ մեկը ձախողել է:

Խնդիրները բարձրաձայնելով, ըստ բանախոսի, ՀՀԿ-ն երբեւէ չի փորձել վեկտորն ուղղել այս կամ այն թիմի, անձի ձախողմանը: Ասում է`բարձրաձայնելով դրանք, իրենք պարզապես ազնիվ են եւ փորձում են լուծումներ գտնել: ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ, տնտեսության զարգացումը կբերի մյուս ոլորտների մեխանիկական զարգացմանը: Գտնում է, որ ներդրումների վրա պետք է հիմնական ուշադրությունը կենտրոնացնենք, նաեւ ներքին ներդրումների:

Ներքին փոփոխությունների արդյունքում արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Արտաքին քաղաքականության առումով մեր գործողություններն առավել քան արդարացված են եղել: Համենայնդեպս, Արտակ Զաքարյանն այդպես է կարծում:

Մանրամասները`տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930