Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ-ների մոտ իրականացվող հսկողական աշխատանքները նվազել են

Սեպտեմբեր 30,2016 12:43

ՊԵԿ-ը համատարած ստուգումների իրականացման գործելաոճից անցում է կատարել ստուգումների թիրախային համակարգին: Այդ նպատակով կրճատվել է ստուգում իրականացնող աշխատակիցների քանակը, հարկային տեսչություններում ձևավորվել են առավել բանիմաց և փորձառու աշխատակիցների վերլուծական խմբեր՝ համապատասխան գործիքակազմով:

«ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը մշակել է իրական չափորոշիչներ, ինչի արդյունքում գրեթե նվազագույնի են հասնում ՓՄՁ-ների մոտ իրականացվող հսկողական աշխատանքները: 2016թ. 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ստուգումների արդյունավետության բարձրացում է արձանագրվել թվաքանակի էական կրճատման պայմաններում»,-նկատում է վարչության պետ Արտակ Ղուկասյանը:

Մասնավորապես՝ 1977-ով պակաս է իրականացվել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 24 հազ. դրամով կամ 13.5%-ով:

Չգրանցված աշխատող պահելու դեպքերի ստուգումները 955-ով պակասել են, մինչդեռ մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 84 հազ. դրամով կամ մոտ 61%-ով: Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգումները նվազել են 306-ով, իսկ 1 ստուգմամբ արձանագրված միջին գումարն ավելացել է ավելի քան 17 հազ. դրամով կամ 7.5%-ով: 194-ով պակաս են իրականացվել նաև չափագրման ուսումնասիրությունները, իսկ մեկ ուսումնասիրությամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 294 հազ. դրամով:

Կազմակերպման և հսկողության վարչությունն առանձնացրել է ՀՀ տարածք ապրանքներ ներմուծող և ՀՀ-ում ապրանքներ արտադրող այն հարկ վճարողներին, որոնց մոտ առկա են վաճառված ապրանքների իրացման մասով ուղեկցող փաստաթղթեր դուրս գրելու փոխարեն ՀԴՄ-ով ձևակերպելու ռիսկեր:

«Հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ-ով իրացման ձևակերպումները 69%-ից իջել են 63%-ի, կամ փաստաթղթաշրջանառությունն ավելացել է 6%-ով, իսկ 13 դեպքով արգելափակվել են ՀԴՄ-ների աշխատանքները»,-նշում է Ա. Ղուկասյանը:

Նա վստահեցնում է, որ վարչության անմիջական ուշադրության կենտրոնում են նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուի կողմից վարձու աշխատողների չգրանցման, ինչպես նաև բիզնեսը տրոհելու միջոցով շրջանառության հարկով հարկվող գործունեության տակ քողարկվելու դեպքերը:

«Միայն վերջին երկու ամսվա ընթացքում 7 հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 49 չգրանցված աշխատող` ավելի քան 16 մլն դրամ հարկային պարտավորության գումարով, իսկ 68 աշխատողի գործատուն գրանցել է նույն ստուգման ընթացքում: Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 6 հարկ վճարողներ բիզնեսը տրոհել են 24 առանձին շրջանառության հարկ վճարողների»:

Ի դեպ, դրանցից 4-ը միավորվել են, իսկ 20-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչություն` հետագա ընթացքը ապահովելու նպատակով: Նույն հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 19 դեպք:

Կազմակերպման և հսկողության վարչության պետն ընդգծում է, որ վարչության գործունեությունը չի սահմանափակվում ստվերային շրջանառությունների նվազեցմամբ. «Մեր նպատակն է կրճատել ՓՄՁ-ների մոտ հսկողական միջոցառումների իրականացումը` դրանք կատարելով ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև՝ հայտնաբերել շրջանառության հարկի դաշտում քողարկված հարկ վճարողներին»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930