Հեռուստատեսության երկարամյա բազմաթիվ աշխատակիցներ, հատկապես սոցիալական ցանցերում իրենց վիրավորվածությունն են արտահայտում, որ հրավիրված չէին հեռուստատեսության 60-ամյակի տոնակատարությանը, որ տեղի ունեցավ օրերս: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին: Ի դեպ, Դուք հրավիրված էի՞ք,- հարցրեցինք 1992-95 թվականներին հեռուստատեսության «Լրաբեր» ծրագրի տնօրեն Արայիկ Մանուկյանին:
-Այո, հեռուստատեսության ընկերներս վիրավորված են, որ չեն հրավիրվել հեռուստատեսության 60-ամյակի տոնակատարությանը: Վիրավորված են, որովհետև իրենք իրենց կյանքը նվիրումով ծառայեցրել են հեռուստատեսությանը տասնյակ տարիներ: Բայց երևի իզուր են վիրավորված: Անկախության հիմնադիրների անուններն էլ Անկախության շքերթին չեն տալիս, կամ չտալու նման են տալիս: Այդպիսի ժամանակում ենք ապրում:
Ես հրավիրված չէի: Ես մտածում էի, մեզ անտեսել են, որովհետև, ինչպես ՀՀ նախագահն ասաց «Մեր երկրի անկախացումից հետո էլ, դժվարին պայմաններում աշխատող հեռուստատեսության աշխատակիցների աշխատանքի արդյունքում տաղավարներից ջերմություն էր մտնում մարդկանց բնակարաններ»: Մեզ անտեսել են, որովհետև մենք ուղղակի անմարդկային պայմաններում պահպանեցինք, այո պահպանեցինք այն հեռուստատեսությունը, որտեղ այսօրվաններն իրենց համար կենսագրություն են գրում: Նման պարագաներում միշտ վրեժ են լուծում: Ես դա գիտեմ:
Եվ հետո, եթե հրավիրված չէին տասնյակ տարիներով հեռուստատեսությունն իրենց տունը դարձրած մարդիկ, իրենց կյանքը հեռուստատեսությունում ապրած մարդիկ, ես ինչու՞ պիտի հրավերի ակնկալիք ունենայի:
Կարդացեք նաև
Այս հեռուստատեսությունը կարող էր չլինել, հասկանում եք, կարող էր փլվել, եթե չլիներ այն հարյուրավոր մարդկանց նվիրումը, որոնք իրենց կյանքի գնով պայքարում էին այդ հեռուստատեսությունը պահելու համար: Կյանքի գնով էր, չեմ չափազանցնում: Հին ու նոր սերունդներ միասին՝ ձեռք-ձեռքի պայքարում էին հեռուստատեսությունը պահպանելու համար:
Այսօրվանները երևի չգիտեն, թե ինչպես էին խրամատներից նյութ բերում հիսունն անց տղամարդիկ ու երիտասարդ աղջիկները: Նրանք պատերազմի օրերին թեյ չէին խմում Ստեփանակերտի հրապարակում:
Երևի չգիտեն, թե ինչպես էին մարդիկ ճիգ գործադրում եթեր դուրս գալու համար, որովհետև լվացվելն անգամ բարդություն էր, էլ ուր մնաց տոննայանոց շպարը: Երևի չգիտեն, որ օրվա հասանելի նախաճաշն ընթրիքի տեսքով էր՝ «սպիրալները» հազար անգամ կպցրած «պլիտայի» վրա չորացած հացը տաքացնելու ակնկալիքով, որովհետև լույսն ընթրիքի ժամին էր լինում:
Ու դեռ մեզ համար է այդ տարիները պատերազմի տարիներ, իրենց համար ցրտի ու մթի է:
Հեռուստատեսությունն ընդհանրապես սեր է: Հեռուստատեսությունը բազմաթիվ մարդկանց սերն է եղել ու երբ թքում են այդ սիրո վրա, վիրավորվելն այդ պարագայում ամենամեղմ զգացողությունն է: Նրանք ոչ միայն չհրավիրվելուց են վիրավորված, այլ նաև նրանից, որ իրենց անունները մոռացության են մատնվում միտումնաբար, որ նոր կենսագրություն ստեղծողներն իրենց անունն ու գործը չեն կարևորում, չեն արժևորում, չեն հիշատակում այն մարդկանց, որոնք հեռուստատեսության կենսագրությունն են կերտել, ու ես շատ լավ եմ հասկանում ընկերներիս:
Բայց հիմա անգուլպա հաղորդավարների ժամանակներ են ու սպասել, որ այդ արժեհամակարգի կրողները կարող են հարգել մարդուն, առավել ևս զգացմունքային ստեղծագործող մարդուն, ես այդքան լավատես չեմ: Բայց վստահ եմ, որ դրանք անցողիկ «արժեքներ» են: Միշտ էլ ժիր ու կայտառ տղերքը՝ մանավանդ, որ լավ երգում ու պարում են, ինչ որ տեղ հասնում են, բայց իրենց է թվում, թե տեղ են հասել: Մոռացության շղարշն այնքա՜ն ժիր ու կայտառ տղերքի վրա է ընկել:
Ինձ համար իմ ընկեր Այդին Մորիկյանի սահմանումն է ուղեկից. «Հորինել պետք չէ՝ ոչ երկիր, ոչ պետություն, ոչ էլ կենսագրություն: Պատասխանատվությունն ըստ ապրված կյանքի է լինելու: Ոչ թե ըստ հորինվածի»:
Հեռուստատեսության ավագ սերնդի անունից շնորհակալություն Արայիկ Մանուկյանին իր սրտացավ , անկեղծ ու ճշմարիտ խոսքի համար :