Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականության կանացի դեմքը. Կընտրվի արդյոք Սիսիանում առաջին կին քաղաքապետը

Սեպտեմբեր 30,2016 11:49

Փողոցում տեսնելիս բոլորը ճանաչում են նրան, ջերմորեն բարևում ու հեռանում: Սիսիան քաղաքում նա առաջին կինն է, ով մուտք է գործել քաղաքականություն, դարձել Սիսիանի ավագանու անդամ, իսկ այս տարի հոկտեմբերի 2-ին սպասվող Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին թեկնածություն առաջադրել Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար:

Նա Սրբուհի Գրիգորյանն է, ով սիսիանցիներին հայտնի է շատ ավելի վաղ՝ իր լրագրողական գործունեությամբ: Հասարակական ակտիվ կյանքը 41-ամյա Սրբուհին անցել է արգելքների, անարդարությունների ու կարծրատիպերի դեմ պայքարի դժվար ճանապարհով:

«2012-ին որոշեցի, որ պետք է իմ ձայնն ունենամ ավագանու կազմում և առաջադրվեցի: Երկու կին ինձնից առաջ առաջադրվել էին, բայց ձայներ չէին հավաքել ընտրություններին: Ինձ էլ ասում էին, որ չեմ անցնի, մեծ բարեկամություն չունեմ, դա հնարավոր չի, մենք Եվրոպայում չենք կամ մայրաքաղաքում, որ անցնեմ, բայց ես ասացի, որ պետք է առաջադրվեմ ու հաղթեմ: Եվ 2012-ին ընտրվեցի»,-պատմում է Սրբուհին:

Նրա 20 տարվա ակտիվ լրագրողական գործունեությունը հեռուստատեսությունում, ռադիոյում և տպագիր մամուլում նույնպես նպաստել է, որ Սիսիանի քաղաքացիները մեծաթիվ ձայներ տան իրեն:

«Մարդիկ ինձ ճանաչում էին, իրենց խնդիրներն անընդհատ լուսաբանել էի ու միշտ իրենց կողմից էի հանդես եկել ու հիմա էլ որպես թեկնածու իրենցից մեկն եմ»,-ասում է Սրբուհին, ով իր համարձակությամբ, օբյեկտիվությամբ և նպատակասլացությամբ տարբերվել է դեռ ուսանող տարիներից:

18 տարեկանում իր առաջին ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ, անդրադառնալով ուսման վարձավաճարի պատճառով ուսանողների հեռացման խնդրին, Սրբուհին անձամբ կանգնեց Սիսիանի հումանիտար քոլեջից հեռացվելու խնդրի առջև: Դասախոսների հորդորին, որ ներողություն խնդրի լրատվամիջոցով ուսանողների խնդիրը բարձրաձայնելու և քոլեջին քննադատելու համար, Սրբուհին կտրականապես հրաժարվել էր.

«Կանգնեցի, ասացի ուզում եք ազատել, ուրեմն ազատեք, ճշմարտությունը ասելու համար ներողություն չեն խնդրում: Ու ամեն ինչ սկսվեց այսպես, ինձ էլ բնականաբար չհեռացրեցին քոլեջից»:

Երիտասարդ տարիներից ժառանգած համառությամբ էլ Սրբուհին սկսեց աշխատել ավագանու կազմում, երբ 2012-ին ընտրվեց և դարձավ Սիսիանի առաջին կին ավագանին:

Նա ոչ միայն փոխեց ավագանու գործելաոճը, այլև ստեղծեց առանձին հանձնաժողովներ և քաղաքական որոշումների կայացման գործընթացում ունեցավ իր ակտիվ մասնակցությունը: Սրբուհին իր համարձակ և ճկուն դիվանագիտության շնորհիվ կարողացավ քայլեր մշակել այս 4 տարիների ընթացքում համայնքային իշխանության գործունեությունն ավելի թափանցիկ և հանրօգուտ դարձնելու համար:

«Սիսիանում տարիներ շարունակ կողմ էին քվեարկում քաղաքապետի բոլոր առաջարկներին և ինձ հաջողվեց փոխել այդ մոտեցումը: Բայց սկզբնական շրջանում ես էլ բախվեցի պատի: Երբ 2012-ին քաղաքապետն առաջարկեց բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձերը, ես ընդդիմացա և առաջարկեցի փոխարենը բարձրացնել մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը: Բայց ավագանու 14 տղամարդիկ կողմ քվեարկեցին քաղաքապետի առաջարկին և իմ նպատակը ձախողվեց: Հետևություն արեցի այդ ամենից ու որոշեցի այսուհետ աշխատել կոալիցիայով»,-ուրախությունն աչքերին պատմում է Սրբուհին:

Դրանից հետո սկսվում են Սրբուհու և ավագանում իր գաղափարակից գործընկերների հաղթանակները, ինչի շնորհիվ 4 տարիների ընթացքում լուծվում են Սիսիանի նախակրթարաններում առկա մի շարք խնդիրներ, մերժվում են մանկապարտեզների վարձավճարները բարձրացնելու վերաբերյալ քաղաքապետի առաջարկները, բոյկոտվում է քաղաքապետարանի շենքը օտարելու մասին նախագիծը և մի շարք այլ նախագծեր, որոնք Սրբուհին որակում է «ոչ ժողովրդապաշտ»:

«Ես հանրային շահը միշտ գերադասել եմ անձնական շահից: Փոքր միջավայրում մի քիչ դժվար է, անձնական կաշվի միջից ուղղակի պետք է փորձել դուրս գալ ու մտածել հանրությանն օգտակար լինելու մասին: Ժամանակն է, որ ըստ թեկնածուի ընդունակությունների, համարձակության և օբյեկտիվության աստիճանի մարդիկ ընտրություն կատարեն, այլ ոչ թե բարեկամը բարեկամին ընտրի»:

Այժմ Սրբուհին առաջադրվել է իր մայր քաղաքում ղեկավարի պաշտոնի համար «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Նա կուսակցության անդամ է դարձել 2016-ին: Սրբուհին, ում նախընտրական կարգախոսն է «Դեպի փոփոխություններ», վստահեցնում է, որ ցանկացած աշխատանք և ցանկացած պաշտոն, որը ստանձնում է, առաջին հերթին պարտավորություն է իր համար:

«Երբ ես շրջում եմ Սիսիանի հեռավոր թաղամասերում ու նրբանցքներում, հանդիպում եմ բնակիչների հետ, տեսնում եմ, որ նրանց հավատը կորել է: Իմ դեպքում, շատ ավելի դժվար է լինելու աշխատել ընտրվելուց հետո, որպեսզի կարողանամ այդ մարդկանց հավատը վերականգնել, որպեսզի մարդիկ իրենց մոռացված ու լքված չզգան իշխանություններից»,-ասում է Սրբուհին:

Քաղաքական ակտիվ գործունեությանը զուգընթաց Սրբուհին իր ներդրումն է ունեցել Սիսիանում այլ կանանց քաղաքական, տնտեսական և հասարակական գործունեությունն ակտիվացնելու համար:

2014-ին նա հիմնել է Սիսիանի «Կանանց ռեսուրս» կենտրոնը, որտեղ անցկացնում են ինչպես քաղաքական, այնպես էլ կանանց սոցիալ-տնտեսական գործունեությանը խթանող ծրագրեր:

«Մենք աշխատում ենք մոտ 50 կանանց հետ: Այս ծրագրերը նպաստել են ՏԻՄ գործընթացում կանանց մասնակցության ակտիվացմանը և այս տարի արդեն 5 կին է առաջադրվել Սիսիանի ավագանու համար: Սա աննախադեպ է, երբեք Սիսիանում այսքան շատ կանայք չեն առաջադրվել: Կարծրատիպերը աստիճանաբար կոտրվում են: Ես միշտ ասել եմ՝ գեղեցիկ ճառեր արտասանելն ու դասընթացներ կազմակերպելը շատ ավելի հեշտ է, քան սեփական օրինակով ճանապարհ հարթելը»,-նշում է Սրբուհին, ով այս 4 տարիների ընթացքում խիստ պատասխանատու, ծանր և համայնքում առաջին կին քաղաքական գործիչը լինելու բոլոր դժվարություններն իր ուսերին է վերցրել ու կարողացել հաջողությամբ հաղթահարել:

Հայաստանում այս տարվա ՏԻՄ ընտրությունները առանձնահատուկ են կին թեկնածուների ակտիվ մասնակցության տեսանկյունից: Հոկտեմբերի 2-ին վեց մարզի 373 համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է 3012 թեկնածու, որոնցից միայն 336-ը կանայք են (11 տոկոս): Համայնքապետի համար առաջադրված է 523 թեկնածու, որոնցից 16-ն են կանայք:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ կանայք ՏԻՄ ընտրություններում առավել ակտիվ են Լոռու (18,3 %) և Սյունիքի (24,5 %) մարզերում:

Համայնքապետի պաշտոնի համար առաջադրված 16 կին թեկնածուներից 7-ը գործող համայնքապետեր են:

«Ժամանակի ընթացքում կանայք տեսել են, որ կնոջ հեղինակությունը չի տուժում քաղաքականության մեջ նորմալ աշխատելու դեպքում, իրենք էլ փորձեր են անում և վստահ եմ, որ շատ բան կարող են փոխել: Քաղաքականության մեջ պետք է հավասարակշռությունը պահել, կանայք և տղամարդիկ պետք է հավասարաչափ աշխատեն և իրենց ինտելեկտը, ներուժը կարողանան հանրությանը հավասարապես ծառայեցնել»,-ընդգծում է Սրբուհին:

Նա հորդորում է քաղաքականություն մտնող կանանց միշտ լինել համարձակ և պահել բարձր աշխատունակություն:

«Մենք կարող ենք փոքր քայլերով ինչ-որ դրական փոփոխություն բերել մեր երկրում: Պետք է գնալ փոփոխությունների»,-եզրափակում է Սիսիանի առաջին կին քաղաքական գործիչը:

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

   
 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930