Ինչի՞ հաշվին է կառավարությունը ծրագրում, որ հարկային մուտքերը կավելանան։ Կառավարությունը ակնկալում է, որ կգրանցվի 3,2 տոկոս տնտեսական աճ, իսկ դա հնարավոր կլինի հետեւյալի շնորհիվ. «2017 թվականին տնտեսական աճը արագացող կլինի, պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով՝ մասնավորապես Ռուսաստանի տնտեսության եւ պղնձի համաշխարհային գների վերականգնմամբ, այնպես էլ 2016 թ. իրականացված խթանող հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությամբ»,- նշված է հաջորդ տարվա բյուջեի ուղերձում։ Այ սա արդեն բյուջեի կատարման հեռանկարը լուրջ կասկածի տակ է դնում։
Այսինքն, կառավարությունը համոզված է, որ Ռուսաստանի տնտեսությունը հաջորդ տարի այնքան կաշխուժանա, որ կավելանան այդ երկրից եկող մասնավոր տրանսֆերտները, մեր ապրանքները ավելի լավ կվաճառվեն Ռուսաստանում, դրան կգումարվի նաեւ պղնձի համաշխարհային գնի աճը…։ Այսինքն, կառավարությունը ակնկալում է մի քանի «երնեկ՝ մի տեղ»։
Հավանականությունը, որ Ռուսաստանի տնտեսությունը կաշխուժանա, ճիշտ այնքան է, որքան չաշխուժանալու հավանականությունը։ Պղնձի գների բարձրացումը հավանական է ճիշտ այնքան, որքան նվազելու հավանականությունը։ Ինչու է կառավարությունը հույսը դրել ամենաանկանխատեսելի հանգամանքների վրա, անհասկանալի է։
Միգուցե կառավարությունը շատ է ուզում, որ այդպես լինի։ Այնքան է ուզում, որ երազանքը ընկալում է որպես իրականություն։ Այս առթիվ նշենք, որ նախորդ կառավարություններն էլ ոչինչ չէին անում եւ սպասում էին, որ ՌԴ տնտեսությունը կզարգանա, տրանսֆերտները կաճեն, պղինձը կթանկանա, ու մենք կապրենք՝ գովերգելով իրենց։ Սակայն դա համառորեն տեղի չունեցավ։ Խնդիրն, իհարկե, գովերգելու մեջ չէ։
Կարդացեք նաև
Կարեւորն այն է, որ նոր կառավարությունը եւս հույսը հիմնականում դրել է չափազանց անհուսալի հանգամանքների վրա և, ըստ էության, չի փորձելու բարեփոխումներ անել։ Բա որ պղինձը ոչ թե թանկանա, այլ էժանանա, բա որ Ռուսաստանում հաջորդ տարի կրկին տնտեսական անկում լինի, ու տրանսֆերտները նվազեն…։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում