Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ հանգրվանը լուծարումն է

Սեպտեմբեր 30,2016 09:53

Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի աշխատանքի տրամաբանական հանգրվանը, կարծում եմ, ի վերջո, պետք է լինի մշակույթի նախարարության լուծարումը:

Այսօր այս գերատեսչության հիմնական գործառույթը պիտի դառնա 2002 թվականին ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» շատ առաջադեմ օրենքից բխող այլ օրենքների եւ իրավական ակտերի մշակումը: Որովհետեւ հիշյալ օրենքի մեջ խոսք է գնում միայն հիմունքների մասին, իսկ դրանց հիման վրա «շենք» կառուցելը լուրջ եւ աշխատատար գործ է: Դրանից հետո նախարարությունը կարող է լուծարվել:

Վախենամ, սակայն, որ այդ գաղափարը չի ստանա խորհրդահայ արվեստագետների աջակցությունը, եւ նույնիսկ հակված եմ ենթադրելու, որ նրանք խիստ կվրդովվեն, եթե նման մտադրության մասին հայտարարվի. կոլեկտիվ նամակներ կգրեն` ահազանգելով, որ այդպիսով մշակույթը կործանվում է: Ավելորդ է ասել, որ իրականում մշակույթը եւ, մասնավորապես, արվեստը զարգանում են կամ հետընթաց են ապրում անկախ որեւէ նախարարության գործունեությունից:

Բայց հիշյալ մտածողության մարդիկ նախարարությունը պատկերացնում են որպես մի հիմնարկ, որը բաժանում է պետպատվերներ, շքանշաններ, մեդալներ եւ կոչումներ: Ընդ որում, նրանց դրական կամ բացասական վերաբերմունքն այս կամ այն նախարարի նկատմամբ պայմանավորված է նրանով, թե որքանով են նախարարության կամ այլ պետական չինովնիկները «գնահատել իրենց վաստակը»: Զարմանալի է, որ 21-րդ դարում մարդկանց կարող է հետաքրքրել, թե ուր են իրենց հրավիրել, իսկ երբ՝ արհամարհել, հրավիրելիս ո՛ր կարգում են նստեցրել, ինչպես նաեւ՝ նրանք ինչ-որ բանի անդա՞մ են, թե՞ անդամ չեն:

Ես զարմանում եմ նաեւ, թե ինչպես մարդիկ, որոնց գործը պետք է լինի գլուխը կախ ստեղծագործելը, նվիրվում են սին ու ունայն «խաղալիքներին», իրար նախանձում, իրար վրա նյութեր գրում, զբաղվում խարդավանքներով եւ ամենակարեւորը՝ բողոքում, թե ինչու այսինչին պետությունը ինչ-որ բան տվեց, իսկ իրենց չտվեց: Այդպիսի աշխարհընկալման մեջ, իհարկե, մշակույթի նախարարությունը կենտրոնական դեր է խաղում, իսկ խոսակցություններն այն մասին, որ պետությունը «պատշաճ ուշադրություն չի դարձնում մշակույթին» (այսինքն՝ իրենց) դառնում են ժամանցի հիմնական ձեւը:

Ժամանակին կար այսպիսի պատում, չգիտեմ՝ իրական, թե հնարած: Միջազգային փառատոներից մեկի ժամանակ խորհրդային ռեժիսոր Գերասիմովը առիթ է ունենում ծանոթանալու ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ: Ռեժիսորը ներկայանում է` «ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, պետական եւ լենինյան մրցանակի դափնեկիր, սոցիալիստական աշխատանքի հերոս Սերգեյ Ապորինարիի Գերասիմով»: Դերասանն ի պատասխան մեկնում է իր ձեռքն ու ասում` «Բելմոնդո»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    100 տոկոս համաձայն եմ:
    Իսկ հետաքրքիր է՝ Ձեր կողմից հարգված Սվետլանա Նավասարդյանը նրանց մեջ է թե չէ?

  2. Կարեն Քոչարյան says:

    “Մշակույթը պետք չի ղեկավարել,այն պետք է կազմակերպել”.- սա ասել է մի խելոք մարդ,դեռ խորհրդային տարիներին:Իսկ Արմենը իրոք լավ կազմակերպիչ է,ինչը բազմիցս ապացուցել է:

  3. gib.gibindus says:

    “Ես զարմանում եմ նաեւ, թե ինչպես մարդիկ, որոնց գործը պետք է լինի գլուխը կախ ստեղծագործելը, նվիրվում են …”
    Գլուխը կախ չեն ստեղծագործում: Այդ “պոզայով” ծառայում են պատվիրատուին: Իսկ նախարարությունը պետք է պատվերները ձևակերպելու համար:

  4. Հ.Շ. says:

    Սովետական ժամանակների նկատմամբ հառաչագին կարօտախտը – որուն հաճախ կը հանդիպինք այժմու Հայաստանում – հիմնավորված է հաւանաբար միակ մէկ կէտի կապակցությամբ ՝ էն վախտը, հայ մշակոյթը մնայուն ծաղկումի մէջ էր, մինչ այսօր մտահոգիչ վիճակում կը գտնվի:
     
    Սակայն այստեղ եւս,  սխալ կը լինի կացության լրիվ, ամբողջական եւ բացարձակ պատասխանատվությունը Պետության վիզին փաթաթել(ոչ, խօսքը ռեհան մազերի մասին չի. կամ ել այո, ձեւով մը, սակայն ոչ պետության վերաբերող այդ պատկերում…) :
     
    Արդարեւ, նոյնիսկ այն ծայրահեղ վարկածին համաձայն թէ՝ հանրային փողերը այս-այն մթին ուղղություններով են գնուն, մթին գրպաններում կորում, եւայլն., նոյնիսկ եթէ այդ բոլոր գողացված փողերը վերադառնան Պետական Գանձարանում, անոնք հիմնականօրէն ծախսվելու  են այլ ոլորտներում, նկատի ունենալով երկրի պատերազմական վիճակը, տնտեսական կացությունը եւ սոցիալական խնդիրները:
     
    Հետեւաբար, արուեստագէտները լաւ կ’անեն մի քիչ մտածել այս կացութեան մէջ իրենց պատասխանատվության բաժնի մասին:
     
    Ի դէպ, քաղաքական թունդ այլախոհ դարձած արվեստագէտներից  գրեթէ բոլորը, նոյնիսկ «առասնելական» դէմքեր, անձնական «փորի ցաւ»ի մը պատճառով դարձած են այդպէս: Հենց որ անոնց ալ մի քիչ շոյեն իշխանավորները, եւ արդէն անոնք, նվազագոյնը՝ լռելու են… (Եւ այս հաստատումը չի վերաբերիր միայն Հայաստանի  բնիկ հայերին: Այդ ուղղությամբ նորագոյն եւ անենացայտուն օրինակը՝ այդ կանատացի դերասանուհին է որ, անձնապէս վիրավորվելով թէ վայ, էդ ո՛նց է Հայաստանցի ոստիկանը համարձակվում, ժպրհո՛ւմ իր նման հռչակաւո՜ր եւ մեծանուն անձի մը որեւէ հրահանգ տալ, հանկարծ դարձաւ – դուրսից… – ընդդիմադիր քաղաքական խանդավառ գործիչ: Մինչ, անցած քսանհինգ տարիներին, ան ժպիտով եւ հաճոյքով համտեսած էր իշխանավորների եւ անոնց շուրջ բոլորված երկրի «էլիտար» դասակարգի բարիացակամ մօտիկությունը, գովասական վերաբերմունքը, հրավէրներն ու բանավոր շոյանքները…)

  5. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Սեպտեմբերին լույս է տեսել ձեր թերթի 22 համար: Շաբաթական մի 3 անգամ ձեր թերթը գնում եմ, բայց այս անգամ բոլորն էլ գնել եմ, որ ուսումնասիրեմ:
    Ուրեմն ամենաքիչը վեց անգամ` մոտ 27 տոկոսը, առաջին էջում ոչինչ չասող նկարներ են: Առաջ էլ էի նկատել, հիմա համոզվեցի, որ ոչինչ չասող` հին իրականություն, նոր ոչ մի բան, նկարներով աչքի են ընկնում երկու հեղինակ` Հռիփսիմե Ջեբեջյան, Նելլի Բաբայան: Ահա սեպտեմբերի նման նկարները:
    https://www.aravot.am/2016/09/22/737965/
    https://www.aravot.am/2016/09/16/735576/
    ՆԵԼԼԻ
    https://www.aravot.am/2016/09/17/736202/
    https://www.aravot.am/2016/09/15/735083/
    https://www.aravot.am/2016/09/09/733275/
    https://www.aravot.am/2016/09/07/732704/
    Ոչ մի նորություն չկա:
    Հասկանում եմ, որ առաջին էջի հրապարակումը թանկ է վերջին էջից, բայց որակի հաշվին????

    Հանրային ծառայություն եք մատուցում: Կարող եք ասել` այլ թերթ գնի, բայց բոլորն են այդպիսին, ինչպես հանրային տրանսպորտում աշխատող բոլոր վարորդներն են ծխում, միկրոավտոբուսով կանգնած ուղեւոր տեղափոխում: Բայց մեկ է պիտի օգտվես: Նույնը թերթի պարագայում: Ձեր թերթի «վարորդը» չէր ծխում եւ կանգնած ուղեւոր չէր տեղափոխում: Հիմա անում է: Խնդրում եմ կարգի հրավիրեք: Չեմ ուզում դադարել գնել ձեր թերթը: Ուզում եմ հին որակին գա:

  6. Նարեկ says:

    Արմեն Ամիրյանը լավ կազմակերպիչ չի, նա լավ հարմարվող-հնազանդվող է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930