Հարկային օրենսգիրքը պետք է նոր վարկեր վերցնելու եւ բյուջեն ապահովելու համար
Երեկ խորհրդարանում մեկնարկեցին Հարկային օրենսգրքի քննարկումները` երկրորդ ընթերցմամբ: Ուշագրավ էր, որ երկրի համար այս կարեւորագույն նախագիծը քննարկվեց կիսադատարկ դահլիճում: Ելույթների համար հերթագրվել էին 5-6 ընդդիմադիր պատգամավոր: Այս փաստաթուղթը բավական հետաքրքիր ոդիսական ունի:
Դեռ հունիս ամսին Հարկային օրենսգրքի նախագիծը երկու տարբեր օրինակներով միաժամանակ քննարկման էր դրվել կառավարությունում եւ ԱԺ-ում: Պարզվեց, որ կառավարության կողմից հավանության արժանացած նոր օրենքի նախագիծն իրականում այն չէր, որն ուղարկվել էր խորհրդարան: Այդ մասին վարչապետին տեղեկացրել էին ՓՄՁ ներկայացուցիչները, որոնց ձեռամբ հարկային խորհրդում մինչ այդ հաստատվել էր բոլորովին այլ նախագիծ:
ՊԵԿ-ն, ըստ էության, շրջանառության մեջ էր դրել ոչ թե նախնական շրջանում համաձայնեցրած նախագիծը, այլ մի բան, որը ոտնահարում է մի շարք տնտեսվարողների շահերը: Վարչապետը հանձնարարեց շահագրգիռ գերատեսչությունների եւ մասնավոր հատվածի մասնակցությամբ ներկայացված հարցերի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում եւ դրա արդյունքները ներկայացնել կառավարություն: Խնդրո առարկա նախագիծն, ի դեպ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում էլ դիմադրության արժանացավ, մանավանդ, իշխանական խմբակցության պատգամավորների դիմադրությանը:
Կարդացեք նաև
Փոխհամաձայնությունների արդյունքում այն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Երկրորդ ընթերցման ժամանակ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն ասաց, որ վիճահարույց բոլոր հարցերին անդրադարձել են, հաշվի են առնվել նաեւ գործարարների անհանգստությունները: 1300 կարգավորում է տրված: Ըստ այդմ, առաջարկվում է, որպեսզի 120-150 հազար դրամ աշխատավարձերի պարագայում 23 տոկոս եկամտահարկի դրույքաչափ կիրառվի:
Գործող օրենքում 24.4 և 26 տոկոս դրույքաչափ էր նախատեսվում: 28 տոկոս դրույքաչափ առաջարկվում է կիրառել ոչ թե 120.000-1 մլն դրամ միջակայքի համար, 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամ միջակայքի համար, իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում առաջարկվում է կիրառել գործող 36 տոկոս դրույքաչափը:
Մինչեւ 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները, որոնք կազմում են ՀՀ վարձու աշխատողների 89,8 տոկոսը (կամ 550 հազար քաղաքացիներ), կունենան եկամտահարկի տնտեսումներ: Դրանից բարձր աշխատավարձի դեպքում եկամտահարկի դրույքաչափը բարձրանում է: Առաջին ընթերցման նախագծով 4,3 տոկոսով էր բարձրանում, լրամշակված տարբերակում՝ 1.72 տոկոսով: Այսինքն՝ ըստ Վախթանգ Միրումյանի, այստեղ էլ է բեռը նվազում: Փոփոխության է ենթարկվել նաև շրջանառության կամ ԱԱՀ շեմը. առաջին ընթերցմամբ սահմանված էր 40 մլն դրամ:
«Մշակված տարբերակով առաջարկվում է շեմը սահմանել 58.35 մլն դրամ. «Բոլորին հայտնի էր, որ այս շեմի բարձրացումը սկզբում ժամանակավոր էր: Փաստը ցույց տվեց, որ շրջանառության հիմքում դրված տրամաբանությունը չծառայեց իր նպատակին, ավելին՝ խոչընդոտեց փոքր տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը։ Խոչընդոտել է ՓՄՁ-ների աշխատանքը և նրանց դրել ավելի պակաս մրցակցային վիճակի մեջ»:
Շահաբաժինների համար նախատեսվում է չհարկել դրանք, եթե ներդրում է արվում տվյալ ընկերությունում: Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում կառավարությունում հասկացել են, որ կոռուպցիոն ռիսկեր կան, ուստի գործող կարգավորումը թողնում են անփոփոխ: Ներկայացված նախագծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերն ուշ վճարելու համար տույժերն էապես նվազեցվում են. գործող օրենքում 0.15 տոկոս էր նախատեսվում, այժմ սահմանվում է 0.75 տոկոս:
Կառավարությունում գտնում են` եթե հարկատուն կարգապահ է եղել, ինչ-ինչ պատճառով չի հասցրել վճարել, պետք է կարողանա շարունակել իր գործունեությունը, ոչ թե բիզնեսը փակի ու գնա: Ինչ վերաբերում է ակցիզային հարկին, ապա ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրության համար 15 տոկոս սպեցիֆիկ դրույքաչափի բարձրացում է սպասվում: Որոշվել է, որ սպեցիֆիկ դրույքաչափերը դարձյալ բարձրանալու են տարեկան 15 տոկոսով, բայց արժեքային դրույքաչափերը սահմանափակվում են ընդամենը 15 տոկոսով, որպեսզի տեղական արտադրողներն ու ներմուծողները շուկայում ունենան հավասար պայմաններ:
Կառավարության մատնանշած այս թեթեւացումները, սակայն, ընդդիմադիր գործիչները հիմնավոր չեն համարում: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու այս փաստաթղթին, քանի որ Հայաստանը շարունակելու է մնալ ամենաբարձր հարկային բեռ ունեցող երկրներից մեկը։ Փաստաթղթին դեմ արտահայտվեցին նաեւ Թեւան Պողոսյանն ու Զարուհի Փոստանջյանը` ասելով, որ այն գործարարների համար խաղի հավասար պայմաններ չի ստեղծում:
«Դեմ»-երի թիմից Խաչատուր Քոքոբելյանն էլ պնդում է, որ չնայած կատարված փոփոխություններին՝ դարձյալ ստիպված ենք ընտրել վատի եւ վատթարագույնի միջեւ: Ալեքսանդր Արզումանյանի համար էլ անհասկանալի է նաեւ ձեւի առումով վերաբերմունքն այս օրենքին. ունենք նոր վարչապետ, նոր կառավարություն, տեսլականներ կան, ծրագիր դեռ չկա: «Որքանո՞վ է էս օրենսգիրքը համապատասխանելու իր նոր ծրագրի փիլիսոփայությանը: Արդյոք այս հարկային քաղաքականությունը սպասարկելո՞ւ է իր՝ որպես կառավարության ղեկավարի, ծրագրի իրականացմանը»,- հարցրեց նա:
«Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյանը համաձայնեց ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի դիտողության հետ: Ի դեպ, մեկ խնդիր էլ կա. նշվում է, որ միջազգային կազմակերպությունների առաջ պարտավորություն ենք ստանձնել որոշակի ժամանակահատվածում նոր օրենսգիրք ունենալու համար: «Ձեր նշած ամեն ինչը կա, բայց մեկ խնդիր էլ կա` ժամանակ չունենք»,- ասաց Գարեգին Նուշիկյանը` հավելելով, որ հիմնական հարցերի շուրջ հիմնական համաձայնություն կա, մնացյալների մասով էլ երկրորդից երրորդ ընթերցման ընթացքում ճշտումներ կարվեն: Նա կարծում է, որ էլի հարցեր կմնան, բայց ընթացքում դրանք էլ կշտկվեն:
Մեր հստակեցնող հարցին` ի՞նչ ասել է ժամանակ չունենք, ո՞վ եւ ինչո՞ւ է սահմանափակում մեր ժամանակը, մեր զրուցակիցն ասաց. «Ունենք որոշակի պարտավորություններ, խնդիրներ, բյուջեում դեֆիցիտ ունենք, որն օրենքով սահմանված կարգով պետք է լրացնենք վարկային ռեսուրսների հաշվին: Պետք է արագ այդ հարցը լուծել: Դրանով է պայմանավորված ժամանակ չունենալը»: Պատգամավորն ասում է, որ նորաստեղծ կառավարությունում էլ շատ լավ գիտեն, թե ինչ ձեւով են քննարկումներն անցնում, շատ լավ պատկերացնում են արձագանքները, դրանք իրենց էլ հաճելի չեն, բայց. «Կարող է շատ ավելի վատ լինել: Իսկ դա մեզ պե՞տք է: Ես կարծում եմ, որ պետք չէ, հաստատ: Մեզ ժամանակ է պետք` որոշակի հարցերի լուծումներ տալու համար»: Թե միջազգային կառույցների կողմից ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, ի՞նչ վերջնաժամկետ է սահմանվել Հարկային օրենսգրքի ընդունման համար՝ ՊԵԿ փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ ոչ մի ճնշման մասին խոսք չի կարող լինել, միջազգային կառույցների կողմից միայն խորհրդատվություն կարող է լինել. «Այնպես չէ, որ մեր բյուջետային եկամուտները հուզում են միայն միջազգային կառույցներին: Մեր բյուջետային եկամուտները նախ և առաջ հուզում են մեզ»:
Այս նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումների ժամանակ Գարեգին Նուշիկյանն ասել էր` սա սահմանափակում է բիզնեսը: Հիմա նկատում է. «Վարչարարության մասով խնդիրներ ունենք, որոնք պետք է քննարկենք: Լավ կլիներ, որ շրջանառության հարկի շեմը պահպանվեր, բայց այստեղ էլ օբյեկտիվ պատճառաբանություններ է կառավարությունը ներկայացնում: Եկամտահարկի հարցում հաջողվեց ընդհանուր հայտարարի գալ: Դիվիդենդների հարկման հարցը ցանկալի չէ, բայց դե, կան երկրներ, որ հարկում են, կան, որ չեն հարկում: Որպես գործարար խավի ներկայացուցիչ՝ ես դա լավ հարկատեսակ չեմ համարում, բայց ելնելով երկրի ընդհանուր վիճակից` հասկանալի է… Գիտեք ինչ, ժամանակին ինչ է եղել` թողնենք մի կողմ: Հիմա ունենք փաստ, այդ փաստի լուծումներով պետք է մտնենք: Վաղն էլ խնդիրներ ունենք` արտաքին պարտքի սպասարկում եւ այլն»: Գարեգին Նուշիկյանն այս ամենով հանդերձ՝ հույսեր է կապում նոր կառավարության հետ: Ասում է` նոր հնարավորություն է: Ինքը դրական է վերաբերվում նոր նշանակումներին, նրանց մեծ մասին ճանաչում է ե՛ւ աշխատանքային, ե՛ւ ոչ աշխատանքային իրավիճակներից, կարծում է, որ երկրի, ապագայի համար սրտացավ, մտահոգ մարդիկ են: Հույսեր ունի, որ կոռուպցիայի եւ ստվերի հարցերին «որոշակի այլ» մոտեցում կցուցաբերվի. «Կա հնարավորություն, որ պիտի փորձենք, պիտի օգնենք: Եթե հիմա ասենք` սա վատ է, նա վատ է, սա չի կարող, նա չի կարող` ոչինչ էլ չի ստացվի: Գործընթացի մեջ պիտի մտնենք, որ հաջողության հնարավորություն ունենանք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.08.2016թ.