Վարդգես Սարգսյանը իր հողամասին հեռադիտակով է նայում
Թեղուտ գյուղի բնակիչ Վարդգես Սարգսյանը արդեն 2 տարի է՝ դատական վեճերի մեջ է «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ: Տարիներ առաջ «Թեղուտ»-ի հանքը շահագործելու համար բազմաթիվ գյուղացիների հողատարածքներ համարվեցին գերակա շահ, եւ գյուղացիները ստիպված վաճառեցին դրանք:
«Մինչեւ «Թեղուտ» ՓԲԸ-ի հայտնվելը 2 հողամաս ունեի, մշակում էի, մեկը գերակա շահի անվան տակ զոռով տարան, մյուսը, ճիշտ է, գերակա շահի տակ չէ, բայց ցանկապատել են, ճանապարհին ուղեփակոց են դրել, եւ ես իմ հողամասին հեռադիտակով եմ նայում: Իրենք էլ` «Թեղուտ» ՓԲԸ-ն, տրակտորը գցել՝ փակել են, ինձ էլ չեն թողնում հողամաս մտնեմ»,- լրագրողների հետ զրույցում այսպես պատմեց Վարդգես Սարգսյանը:
Կարդացեք նաև
Հողամաս գնալու համար, ըստ հողատիրոջ, պետք է մինչեւ վերին «նաչալնիկը» զգուշացնեն, հատուկ թույլտվություն ունենան, խնդրեն, ստորագրեն եւ հետո մտնեն: Վարդգես Սարգսյանը հանքի տնօրինության հետ խնդիր է ունեցել այն օրվանից, երբ որոշել է առանց թույլտվության մտնել իր սեփական հողատարածք, եւ հանքի աշխատողները թույլ չեն տվել. «Ներվերս չհերիքեց, եւ ես էլ իրենց ուղեփակոցը ջարդեցի, ինձ տարան միլիցայություն. մեղադրում էին, թե ո՞ւր ես գնում քո հողամաս, ի՞նչ գործ ունեիր այնտեղ: Բա իմ սեփական հողամասը իրավունք չունե՞մ գնալու: Հետո իմացա՝ էդ ուղեփակոցը, որ դրել էին, անօրինական ա եղել:
Ինձ ասում են` հողը վաճառի, ես էլ, թե՝ ինձ համար իմ հոր ժառանգությունն ավելի թանկ ա, քան ձեր տված երկու կոպեկը»: Հողի սեփականատիրոջ խոսքով` գերակա շահ համարվող մեկ հողակտորը` 3500 մետր, «Թեղուտ» ընկերությունը գնել է 205 հազար դրամով, իսկ վեճի առիթ դարձած այս 1450 մետր հողատարածքը սեփականատերը չի ցանկանում վաճառել:
Հողատերը 2 տարի է՝ արդեն դատական գործընթացի մեջ է, փաստաբան է վարձել, փորձագետ է տարել, բերքի վնասներն էլ հետը գնահատվել է 12 միլիոն դրամ, իսկ դատարանը դեռ ոչ մի բան չի որոշել` սպասում են իրենց փորձագետների ուսումնասիրության արդյունքին:
«Դե, իմ հողամասը Շնող գետի եզրին ա, բերեցին ճանապարհ սարքեցին, կամրջի փոխարեն դրեցին երկու խողովակ, իսկ գարունքվա ջրերի վարարելուն պես՝ փակվում են խողովակները, եւ ամբողջ հողս գետը քար, ավազ ա լցրել, դարձել ոչ պիտանի, դոմիկ ունեի, սաղ տիղմով ա ծածկվել, ցանկապատն էլ ջուրը քշել ա տարել, քանի անգամ դիմեցի, որ սարքեն ու ինձ վերադարձնեն, նրանք էլ, թե` վաճառի, առնենք: Հիմա էլի ցանկապատել են, չեմ կարողանում գնալ հողամաս: Այս տարիների ընթացքում ոչ մի բան չեմ կարողանում մշակել, ջուրը քանդել ա ամբողջ տարածքը, գետի հունն էլ փոխվել է ու իմ հողամասով է գնում»,- պատմում է Վարդգես Սարգսյանը:
Նրա խոսքով` մինչեւ հողատարածքը քանդվելը ունեցել է դեղձի, սալորի, ընկույզի ծառեր, բանջարեղեն է մշակել ու իր հոգսերը հոգացել: Հիմա, իր պատմելով, թողել արտագնա աշխատանքով է ընտանիքը պահում. «Երկու ուսանող ունեմ Երեւանում, վարձ եմ տալիս, վարձով են ապրում, ես ո՞նց հասցնեմ»:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.08.2016թ.