Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որտեղ եք տեսել՝ մեղքերի թողությունը մի քանի անգամ լինի»

Սեպտեմբեր 30,2016 14:30

Ասում են Լիոն տարված խուլուհամրի ծնողները

Հանցագործության մասին հաղորդմանն ընթացք չի տրվում: Խուլուհամր Մարիաննա Թորոսյանի ծնողները դիմել են «Առավոտի» խմբագրությանը: Նրանք ցանկանում են հրապարակայնացնել իրենց խնդիրը, քանի որ դիմելով իրավապահ մարմիններին, ՀՀ գլխավոր դատախազին, ընթացք չի տրվել իրենց իսկ բնորոշմամբ՝ կազմակերպված դաժան հանցագործությանը:

2009թ.-ին Մարիաննան որպես մոդել հայտնվել է Լիոնում, սակայն ծնողների տեղեկացմամբ՝ «կատարվել է հայասպանություն հայի ձեռքով, Լիոնում»: Ի դեպ, վերջին բնորոշմամբ էլ յութուբյան տեսանյութը շրջանառվել է փաստերի եւ փաստարկների տեսքով:

Մայրը՝ Թամելա Արզումանյանը, պատմում է, որ 7 տարի առաջ ամուսինը՝ Հովհաննես Թորոսյանն ու աղջիկը մեկնում են արտերկիր. «Հետաքրքրվելով իմացանք, որ Հանրապետության հրապարակի վրայի փոստի շենքում կա տուրիստական գործակալություն: Կարինե անունով մեկին դիմեցինք, արտերկիր մեկնելու համար նրան վճարելով նրա պահանջած գումարը՝ 7400 եվրո: Նա բոլոր փաստաթղթերը պատրաստեց, սակայն Իտալիայի դեսպանատան միջոցով: Կարինեն ասաց, թե «մեր մարդիկ Լիոնում են»: Ես հարցրի, թե կարո՞ղ է Լիոն չուղարկեն: Բայց չգիտեի, որ հայ բժիշկների, հոգեւորականների հանցագործ խումբը գտնվում էր Լիոնում եւ զբաղվում փաստաթղթերի կեղծումով: Օգոստոսի 26-ին ամուսինս ու աղջիկս մեկնեցին Ֆրանսիա»:

Հովհ. Թորոսյանն ասում է, որ իրեն դիմավորել է «Կարինեի կողմից պատրաստված Աիդա անունով մեկը», իրենք ֆրանսերեն չգիտեին:

Աղջիկը ցանկանում էր սովորել ֆրանսերեն ժեստերի լեզուն, աշխատել մոդել, վարսահարդար:

Աիդան ասում է, որ իրենք բոլորն էլ անվանափոխվում են, ցույց տալով փաստաթղթերը, ասում է, թե Թորոսյանն էլ պետք է անվանափոխվի: 2 օրից, սակայն, հրաժարվում են այդ կնոջից, ասելով, թե իրենց սխալ են բացատրել, իրենք ուզում են իրենց՝ Թորոսյան ազգանունով գրվել:

«Մարդիկ թշնամացան մեզ հետ: Թարգմանիչ խնդրեցինք, Հասմիկ անունով մեկը եկավ: Նա պահանջելով 15 հազար եվրո գումար՝ ասաց, թե «վստահեք ինձ, ես կարող եմ ձեր գործը գլուխ բերել»,-ասում է ընտանիքի հայրը:

Որպեսզի աղջիկը շփվի ֆրանսերեն, հայրը խնդրում է, որ Հայ ավետարանչական եկեղեցու միջոցով հարցը կարգավորվի: Սակայն եկեղեցին մերժում է. «Դիմեցի Կարապետ Հարությունյանին՝ Հայ առաքելական եկեղեցուն, սակայն նա էլ պահանջեց 15 հազար եվրո գումար»:

Դստերը բուժզննության են ենթարկում, որտեղ ազգանունը կրկին սխալ են գրում. «Իմ աղջկան նրանք նախապատրաստում են մահափորձի»:

Բողոքաբեր ընտանիքը ցույց է տալիս դստեր նկարները, առողջ, ժպտադեմ, «պոդիումներում է քայլել», Շուշան Պետրոսյանի հետ նկարված, «Բազեի» միջոցառումների ժամանակ, սակայն հետագայում, պարզվում է, որ աղջկան «դեղեր են սրսկել»: «Աղջիկս երկար ժամանակով քնած էր մնում, սկսել էր վատանալ»,-ասում է մայրը:

Ըստ բողոքաբերի, դստերն աֆրիկյան, ալժիրյան վիրուսներ են սրսկել, դստեր ոտքերը թուլացել են, ձեռքերն ուռած են, Մարիաննան ձեռք է բերել անբուժելի հիվանդություն:
«Տեսեք՝ աղջիկս ոնց է մտել Ֆրանսիա, Լիոն: Առողջ էր»,-նշում է հայրը՝ ցույց տալով նրա նկարները:

«Մարիաննան եկեղեցու հովվապետի առաջարկով մի քանի անգամ է սառը ջուրը մտնում,-նշում է մայրը, եւ զարմացած հարցնում, թե քանի անգամ էր մեղքերի թողություն լինելու,-նրանք գիտեին, որ սառը չի կարելի աղջկաս, աղջիկս վատանում է, եւ ոչ մի օգնություն, որովհետեւ ամեն բան վաճառված էր, անգամ փաստաթղթերս, համաձայն որի՝ իբր ես էլ Ադրբեջանից եմ»:

Սեպտեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել մայրը՝ Թամելա Արզումանյանը, ընդդեմ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ Հ.Հալլաբյանի: Բողոքաբեր ընտանիքը դիմել էր քրեական գործ հարուցելու համար, սակայն հունիսի 6-ին հետաքննիչի որոշմամբ քրեական գործ չի հարուցվել, հետեւաբար՝ քրեական հետապնդում որեւէ մեկի նկատմամբ չի իրականացվել:
Թ. Արզումանյանը սեպտեմբերի 1-ին ինքնաբացարկ է հայտնել նախագահող դատավոր Ռ. Պապոյանին:

Ինքնաբացարկի հիմքում դրված էր այն, որ օգոստոսի 24-ին դատավորը ներկայանալով դատական նիստին՝ նրանց չի տրամադրել գործի ողջ փաթեթը, համարակալված նյութերը՝ ցուցակով, կնիքված վիճակում, որպիսի պայմաններում դատավորը մատնվել է անգործության: Հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 22-ին, դարձյալ դատավորին ինքնաբացարկ է հայտնվել, այս անգամ էլ ոստիկանության Մալաթիայի բաժնից ստացվել էին փաստաթղթեր, բողոքաբերն ասում է՝ իրենց չի տրամադրվել դատարան մուտքագրված փաստաթղթերը:

Բողոքի քննությունը նշանակվել է հոկտեմբերի 5-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

29.08.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930