Լրահոս
Օրվա լրահոսը

Դասական երաժշտության կենդանի կատարումներ՝ երեւանյան ավտոբուսներում

Սեպտեմբեր 30,2016 14:00

Սեպտեմբերի 26-28-ը Երևանի որոշ «մանուշակագույն» ավտոբուսներում դասական երաժշտության կենդանի կատարումներ էին հնչում։ Նախաձեռնությունը նախևառաջ զարմացնում էր ուղևորներին, հետո նրանցից մի քանիսը պայուսակներից հանում էին հեռախոսները, զանգահարում ծանոթ-ընկերներին, բարեկամներին՝ պատմելով անակնկալի մասին, մյուսները՝ սկսում էին տեսաձայնագրել։

BUSymphony ֆլեշմոբային նախագծի մտահղացումը պատկանում է «Աշոտ Տիգրանյան» մշակութային-երաժշտական հիմնադրամին, որը հիմնադրվել է ընդամենը երեք ամիս առաջ՝ ջութակահար Աշոտ Տիգրանյանի կողմից: «Աշոտ Տիգրանյան» մշակութային-երաժշտական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ջութակահար Վարդան Տիգրանյանը։ Հիմնադրամը գործում է Նիդերլանդներում, շուտով նաեւ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

dasakan-6-2-2

«Մեր հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը Հայաստանում և Հայաստանից դուրս այլընտրանքային մշակութային հարթակ ստեղծելն է։ Հանրային տրանսպորտում դասական երաժշտություն ներկայացնելը գաղափարական և տեխնիկական իմաստով ռիսկային էր, բայց մեկ ամիս շարունակ աշխատել ենք նախագծի վրա՝ փորձելով վերլուծել, թե ինչպես եւ հատկապես որտեղ է պետք ներկայանալ,- նշում է «Աշոտ Տիգրանյան» մշակութային-երաժշտական հիմնադրամի տնօրեն Անուշ Քոչարյանը,- երեք օրերի ընթացքում համոզվեցինք, որ մեր նպատակն արդարացված է։ Առաջին իսկ օրը ֆեյսբուքյան օգտատերերից բազմաթիվ նամակներ ստացանք. նրանք հարցնում էին՝ որն է հաջորդ օրվա երթուղին։ Սա ամենահուզիչ և տպավորիչ պահերից մեկն էր»։

«Առավոտի» հետ զրույցում Անուշ Քոչարյանն էլ ավելի «բացեց» փակագծերը՝ նշելով, որ երաժիշտները, որոնք տրիոներով եւ կվարտետներով ներկայացան ավտոբուսներում, ընդգրկված են հիմնադրամի նորաստեղծ United American and Armenian Chamber Orchestra-ում (Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբ), որի հիմքերը դրվել են դեռ օգոստոսին, երբ մաեստրո Տիգրանյանը, ժամանելով Երեւան, անձամբ մասնակցել է լսումներին։ Արդյունքում ընտրված 17 հայ երիտասարդ երաժիշտներին կմիանան 16 օտարերկրացի երաժիշտներ, եւ Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբը շուտով կներկայանա հանդիսատեսին։

Ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը, որը Հայ-ամերիկյան միացյալ կամերային նվագախմբի երաժիշտ է և նաև ֆլեշմոբի մասնակից, նշում է, որ Երեւանը նման միջոցառումների կարիք ունի. «Մենք ուզում ենք՝ քաղաքացիները կարողանան մի քանի րոպեով ուղղակի մոռանալ իրենց առօրյա հոգսերը եւ ուշադրությունը սևեռեն դասական երաժշտության վրա։ Սա իր տեսակով հետաքրքիր ձև է, որը տարածում է դասականը, ի տարբերություն հեռուստատեսային բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալ կատարումների, որոնք իրենց որակով բավականին ցածր են։ Կարծում եմ՝ նորաստեղծ մեր նվագախումբն այդ իմաստով կնպաստի փոփոխություններին»։

Հիմնադրամն արդեն իսկ նախապատրաստվում է գալիք տարվա նախագծերին, որոնք ընդգրկում են կինոոլորտը, գրականությունը եւ արվեստի այլ ճյուղեր:
Հավելենք, որ ջութակահար Աշոտ Տիգրանյանը շուրջ երեսուն տարի երաժշտական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում՝ հիմնադրելով եւ ղեկավարելով ամերիկյան Դասական համերգային կամերային նվագախումբը, որը շրջագայություններով տասը տարի հանդես է եկել Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Սկանդինավյան երկրներում եւ այլուր։ Երաժիշտն այժմ բնակվում է Ֆրանսիայում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է «Աշոտ Տիգրանյան» հիմնադրամը:

«Առավոտ» օրաթերթ

29.08.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930