Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ալեքսանդրը երբեք չի կատարել իմ ստեղծագործությունները»

Սեպտեմբեր 30,2016 13:30

Ճանաչված կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը որդու միջոցով «դրսում» երեւալու խնդիր չունի

«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 28-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից անցկացվող հոբելյանական 10-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի հերթական երեկոն նվիրված էր ճանաչված կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի (լուսանկարում) ծննդյան 70-ամյակին։ Հնչեցին միայն կամերային երկեր, Չաուշյանի 6-րդ կվարտետը եւ Շոստակովիչի երկու ստեղծագործությունները՝ 1-ին դաշնամուրային տրիոն եւ կվինտետը։

Հատկանշական է, որ հիշյալ ստեղծագործությունների մեկնաբանմանը մասնակցեցին ոչ միայն հայ երաժիշտները՝ կոմպոզտտորի դուստրը՝ բրիտանաբնակ դաշնակահար Անահիտ Չաուշյանը, ջութակահար Սոֆյա Վարդանյանը, այլեւ Ռուսաստանից հրավիրված արվեստագետներ՝ ջութակահար Բորիս Բրովցինը եւ թավջութակահար Բորիս Անդրիանովը, ինչպես նաեւ Պորտուգալիայում ստեղծագործող ալտահար Սամվել Բարսեղյանը։

Հայկական թավջութակի դպրոցի հիմնադիր Ալեքսանդր Չաուշյանի եւ դաշնակահար Շաքե Զաքարյանի որդին՝ Լեւոն Չաուշյանը, սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական եւ Գեորգի Սարաջյանի դաշնամուրային դասարաններում, 1973 թ. մինչ օրս դասավանդում է կոնսերվատորիայում։ Նրա ուսանողներից շատերը ապրում եւ ստեղծագործում են արտասահմանում։ Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում պարոն Չաուշյանը նշեց, որ կապ է պահպանում նախկին ուսանողների հետ եւ հպարտ է, որ տարիներ շարունակ ապրելով, ասենք, եվրոպական երկրներում, սաները չեն կորցրել ոչ միայն իրենց հայկական դիմագիծը, այլեւ դասախոսի խոսքերով, ստեղծագործում են զտարյուն, թեկուզեւ ժամանակակից հայկական գործեր՝ շարունակելով հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթները։

Ռեպլիկին՝ ձեր իսկապես տաղանդավոր զավակներն էլ են ապրում ու ստեղծագործում արտերկրում, կոմպոզիտորը պատասխանեց. «Այո, դուստրս՝ Անահիտը եւ որդիս՝ թավջութակահար Ալեքսանդրը, Մեծ Բրիտանիայում են, բայց ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ նրանք առաջին իսկ հնարավորության դեպքում հանդես են գալիս հայրենիքում, ավելին՝ տղաս ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հետ է 10 տարի առաջ հիմնել Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը»։

Դիտարկմանը՝ փաստորեն, որդին շարունակում է հոր տասնամյակներ առաջ մշակույթի ոլորտում սկսած նաեւ հասարակական գործունեությունը, հայր Չաուշյանը հիշեց իր աշխատանքները 1979 թ. Կոմպոզիտորների միության վարչությունում՝ որպես քարտուղար, հետո 1985 թ.՝ փոխնախագահ, իսկ 1995 թ. այսօր էլ շարունակվող գործունեությունը Հայկական երաժշտական համաժողովում որպես հիմնադիր նախագահի։

Հարցին, ասում են, թե Չաուշյան-կոմպոզիտորի ստեղծագործությունների արտասահմանյան կատարումներում դերակատարում ունի իր որդին, պարոն Չաուշյանը պատասխանեց. «Ալեքսանդրը երբեւէ չի կատարել իմ՝ թավջութակի համար գրված որեւէ ստեղծագործություն… Ինչ վերաբերում է «դրսում» երկերիս հնչեցնելուն, ապա դրանք մշտապես կատարվել են թե՛ խորհրդային տարիներին, թե՛ հիմա։ Օրինակ, երկու տարի առաջ 5-րդ կվարտետս, որը նվիրված է Միրզոյանին, հնչեց Կանադայում, շուտով՝ նոյեմբերին էլ առաջին անգամ կվարտետիս կանդրադառնա հանրահայտ «Մոլինարի» քառյակը եւ այլն։ Նշեմ նաեւ, որ Հայաստանում եղավ մի շրջան, երբ մեր կատարողները, չգիտես ինչու, անընդմեջ հնչեցնում էին Բախի, Մոցարտի, կարճ ասած՝ համաշխարհային դասականների գործեր, հավանաբար, կարծում էին, թե նման ձեւով բարձրանում է իրենց կատարողական նշաձողը, սակայն վերջին շրջանում այդ մտայնությունը նահանջել է»։

Հասկանալի պատճառով չենք կարող անուն առ անուն նշել Չաուշյանի սիմֆոնիկ, կամերային, գործիքային, խմբերգային ստեղծագործությունները, սակայն կոմպոզիտորի ստեղծագործական կյանքից ընդամենը մեկ փաստ բերենք։ 1983 թ. Փարիզում մեր զրուցակիցն արժանացել է Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի։ Այս հեղինակավոր մրցանակաբաշխությունն այսօր էլ շատ են կարեւորում երաժիշտները, քանի որ հազարավոր ստեղծագործություններից ընտրվում են մի քանի լավագույնները միայն։ Իսկ Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայ հեղինակներից ընտրել էր Չաուշյանի երկրորդ կվարտետը։ Կոմպոզիտորն ասաց, որ այդ պատվին արժանանալուց հետո իր հիշյալ երկը հաջորդ տարի կատարվել է ավելի քան 30 երկրում։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

29.08.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930