Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օպերային թատրոն – նոր վերելք

Սեպտեմբեր 30,2016 13:00

Մեր Օպերային թատրոնի մասին վերջին տասնհինգ տարում շատ է գրվել և խոսվել: Եղել են բազմատեսակ քննադատական հոդվածներ, որը վկայում է երաժշտական աշխարհի շահագրգիռ վերաբերմունքի մասին՝ տեսնել մեր թատրոնը իր բարձրության վրա: Տաղանդավոր երգիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի վաղաժամ մահվանից հետո, թատրոնը հայտնվեց շվարած, մտահոգ վիճակի մեջ՝ ով է լինելու նոր գեղարվեստական ղեկավարը, որովհետև ղեկավարի անհատականությունը, ինտելեկտը, աշխարհայացքը որոշիչ է, թե ինչ ճանապարհով պետք է ընթանա հանրապետության երաժշտական կարևորագույն օջախ հանդիսացող Օպերային թատրոնը:

Եվ ահա լսում ու կարդում ենք՝ Կոնստանտին Օրբելյան, մեր ջազային նվագախմբի երկարամյա փայլուն ղեկավար, տաղանդավոր կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի եղբորորդին: Մենք սովոր ենք միշտ մեր նեղ շրջապատում փնտրել նրան, ում ուզում ենք տեսնել այս կամ այն պաշտոնին և չգտնելով այդ պաշտոնին համապատասխան մեկին, բավարարվում ենք մեկով, հաճախ ելնելով անձնական շահագրգռությունից: Եվ ահա, արժանավորը գտնվեց արտասահմանում:

Կոնստանտին Օրբելյանի առավելությունները շատ են. փայլուն երաժիշտ-դիրիժոր, որի հետ հանդես են եկել ու գալիս են միջազգային մեծ համբավ ունեցող երգիչներ Գեդդան, Ալանիան, Ֆլեմինգը, Պոդլեսը, Ռադվանովսկին, Բրաունլին, Խվորոստովսկին, Նետրեբկոն և ուրիշ մեծություններ: Կ. Օրբելյանը ոչ թե «успешный»՝ ինչպես աննրբանկատորեն արտահայտվում է կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը, այլ հիանալի դաշնակահար է, որը 11 տարեկանից հանդես է եկել ամերիկյան և եվրոպական բազմաթիվ նվագախմբերի հետ: Հեղինակավոր ամսագիր «Opera news»-ը Կ. Օրբելյանին համարում է «դիրիժոր, որի հետ երգելը, երգիչները կերազեին: Նա ղեկավարում է վոկալ երկացանկը երգային դաշնակահարի նրբազգացությամբ»:

Օրբելյանը Ջուլիարդի դպրոցում սովորելուն զուգահեռ, սովորել է նաև Նինա Սվետլանովայի մոտ, որը երկար տարիներ աշխատել է Զարուհի Դոլուխանյանի հետ: Ունի հսկայական կապեր երաժշտական և գործարար աշխարհներում և այդ աշխարհներում սիրված ու գնահատված անձ է, ժողովրդական լեզվով էլ ասած՝ աչքն էլ կուշտ է, ունի լայն մտահորիզոն և շատ կարևոր մի հատկություն՝ միշտ պատրաստ է համագործակցելու և բոլորին հրավիրում է աջակցելու և միասնաբար աշխատելու:

Սկզբունքային է, բարի կամեցող: Մտադիր է հրավիրել մի շարք արտասահմանցի հայ և օտար դիրիժորների, բեմադրիչների, խմբավարների, երգիչների, որոնց հետ աշխատելը, շփվելը կբարձրացնի և կմեծացնի թատրոնի կատարողական մակարդակն ու պոտենցիալը: Այս հրավերը նրա համար էլ անակնկալ էր, ուստի իր նախօրոք պայմանավորվածությունները չէր կարող թողնել: Եվ դա ճիշտ չէր էլ լինի: Երբ մեծ թատրոնը իբրև գլխավոր դիրիժոր հրավիրեց Սոխիևին կամ Եվ. Սվետլանովի անվան պետական նվագախումբ՝ Վ. Յուրովսկուն, նրանք նույն համերգասեզոնում ընդամենը երկու կամ երեք անգամ կարողացան գալ և ղեկավարել, մինչև կարողացան աստիճանաբար կարգավորել իրենց ժամանակացույցը:

Նատաշա Գոմցյանի «Голос Армении»-ում տպագրված «կլոր սեղանի» մասնակից, հայ ժամանակակից երաժշտության գիտակ, երաժշտագետ Ռիտա Ռուխիկյանը, շատ ճիշտ է նկատել, թե նոր գեղարվեստական ղեկավարը պետք է ձևավորի ուժեղ թիմ: Իմիջիայլոց, այդ հարցազրույցի բոլոր մասնակիցները իմ ընկերներն են և ես հիանալի գիտեմ նրանց կարծիքը մեր երաժշտական աշխարհում կատարվող իրադարձությունների և գործիչների մասին: Մեկ-երկու անսպասելի, արտառոց մտքերից բացի, զրույցը տարօրինակ տպավորություն է թողնում նաև Օպերային թատրոնին վերաբերող հատվածի անպատեհությամբ:

Ինչևէ: Կ. Օրբելյանն ուզում է կազմել մի գեղարվեստական թիմ, որը կկարողանա կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, նախագծերն ու որոշումները, որոնք բազմիցս, երկարատև և մանրամասն քննարկումներից հետո ընդունվել են վերջնականորեն ու հաստատվել: Մեր ժամանակներում գեղարվեստական ղեկավարի, գլխավոր դիրիժորի կամ բեմադրիչի բացակայությունը դույզն անգամ չի կարող ազդել կոլեկտիվի աշխատանքի վրա: Եվրոպական յուրաքանչյուր կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր, բեմադրիչ, մեներգիչ, միշտ շարժման մեջ է:

Եվ շատ տխուր է, երբ նրանք միշտ նույն տեղում են: Բոլոր կոլեկտիվները, ինչպես նաև շրջագայող անհատները աշխատում են նախօրոք հաստատված գրաֆիկով, այն էլ երեք-չորս տարի առաջ հաստատված: Կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի միտքը՝ դիստանցիոն ղեկավարման մասին, անհեթեթություն է: Տեխնիկայի այսօրվա հնարավորություններից ելնելով, յուրաքանչյուր հարց հնարավոր է լուծել մի քանի րոպեում: Ինչ վերաբերում է նրա այն կարծիքին, թե Օրբելյանն անտեղյակ է մեր հասարակության պահանջներին, մեծ խնդիր չի հարուցում և անտեղին է, որովհետև այդ մասին հրաշալի գիտեն նրանք, ովքեր կլինեն թատրոնի գեղարվեստական խորհրդում, որոնք տեղացիներ են և հիանալի տիրապետում են երաժշտական դաշտի բոլոր կնճռոտ խնդիրներին և պահանջներին:

Եվ, ընդհանրապես, թելադրողը գեղարվեստական անձն է, վառ անհատականությամբ և ընդգծված գործունեությամբ: Մեր երաժշտասեր հասարակության և պրոֆեսիոնալ երաժիշտների կարծիքը, ցանկությունը, պետք է նկատի ունենալ, բայց այն շատ դեպքերում չի համընկնում թատրոնի իրական, շոշափելի հնարավորությունների հետ:

Ընդհանրապես, լավատեսությունը մեզ ավելի օգտակար կլինի: Կոնստանտին Օրբելյանը լինելով դրսից, ունի նաև այն առավելությունը, որ մեր երաժշտական հասարակության մի քանի անազնիվ անհատների և ոչ ուղղամիտ քննադատության կողմից չի փչացվել, հալածվել: Մեր երաժշտական հասարակության բոլոր կարող ուժերը պետք է համախմբվեն թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի շուրջը, օգնեն, որպեսզի միասին բարձրացնենք թատրոնի հեղինակությունը:

Թատրոնի խաղացանկում այս կամ այն ձևով իր արժանի տեղն է ունենալու հայ կոմպոզիտորների նախորդ տարիների գրված և այժմ գրվող օպերաները: Մեզ սպասվում է ծրագրային շատ հետաքրքիր բարեփոխումներ 2017-2018 թատերաշրջանում: Ներկայացումների մի մասը, հասկանալի է, կներկայացվեն համերգային կատարմամբ: Թատրոնի թե՛ նվագախմբի, թե՛ երգչախմբի, թե՛ մեներգիչների մի մասի ստեղծագործական պոտենցիալը բարձր է: Ճիշտ, սկզբունքային, հետաքրքիր աշխատաձևի, կարգապահության առկայության, հաստատված աշխատանքային գրաֆիկի անշեղորեն իրագործման դեպքում կարելի է հասնել բարձր արդյունքի:

Ուստի քննադատական կամ հոռետեսական խոսք ասելուց առաջ պետք է մտածել, որքանով է այն պատեհ և օգտակար: Նրանք, ովքեր անկեղծորեն ուզում են օգտակար լինել, պետք է մտածեն, որ սա պոլիֆոնիկ գործընթաց է և անկեղծորեն հասկանան, որ միասնաբար գործող, կարողությամբ հավասար անձերի մեջ մեկը՝ այս դեպքում Կոնստանտին Օրբելյանը, գլխավորն է: Ոչ ավել, ոչ պակաս: Սա է իրականությունը: Մի կողմ թողնել անձնական նկրտումներն ու լծվել օգտակար լինելու գործին: Մոլուցքը, անպայման ե՛ս պետք է լինեմ ղեկավար, պաթոլոգիա է:

Դիդրոյի «Ռամոյի զարմիկի» արտահայտությունը, թե «թող կորչի աշխարհներից լավագույնը, եթե այնտեղ ինձ տեղ չի հատկացված», մեր դեպքում. «թող կորչի օպերային թատրոնը, եթե ես չեմ նրա տնօրենը կամ գեղարվեստական ղեկավարը», էգոիզմ է, եթե չասենք՝ ցինիզմ: Կ. Օրբելյանը մարդկային իր տեսակով, պրոֆեսիոնալ իր կարողությամբ, արվեստագետի իր մտահորիզոնով, իր միջազգային կապերով, կարող է մեծապես օգնել թատրոնին: Համոզվածությունն ու լավատեսությունը կօգնի, որպեսզի Օպերային թատրոնի աուրան լինի լուսավոր, դրական էներգիայով լի:

Այդպիսի աուրա ունեցող օջախում հաճելի է աշխատելը: Թատրոնի դրական ընթացքի համար չափազանց կարևոր է անձնակազմի համոզվածությունը, որ ինքը սիրված է և շրջապատված է օպերային արվեստի սիրահարների և պետության հոգատարությամբ: Շնորհավորելով Կ. Օրբելյանին իր 60-ամյակի առթիվ (27.08.2016թ.), Հայաստանի Հանրապետության Մեծարգո Նախագահ Սերժ Սարգսյանը գրում է. «Լինելով Օրբելյան տոհմի արժանի ժառանգը, Դուք հասել եք հաջողությունների միջազգային ասպարեզում: Վստահ եմ, որ ստանձնելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը, Դուք Ձեր փորձն ու գիտելիքները կներդնեք, օպերային արվեստը նոր մակարդակի բարձրացնելու համար»:
Հավատա՛նք և գործե՛նք:

Զավեն Վարդանյան
Դիրիժոր
Արվեստի վաստակավոր գործիչ

«Առավոտ» օրաթերթ

29.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930