Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրի գույնից եւ բույրից որոշեք նրա բուժիչ հատկությունները

Սեպտեմբեր 30,2016 12:30

Աշնանը տոնուսը բարձրացնող, որպես կազդուրիչ միջոց շատերն առավոտյան օգտագործում են մեղրաջուր: Հայտնի է, որ մեղրի ներգործությունն ավելի արագ եւ արդյունավետ է, երբ այն անարատ է լինում: Տարբերելու համար կարող եք հիշել, որ մեղրը ծորացնելիս չպետք է հոսքը կտրվի եւ ծալք-ծալք հավաքվի ամանի մեջ, կամ մեղրի ամանի մեջ փոքրիկ լավաշի կտոր դնել եւ եթե այն չոր մնա ու չփափկի` ուրեմն մեղրն անարատ է:

Բացի մեղրի անարատությունը, կարեւոր է նաեւ նրանում ծաղկային հավաքի պարունակությունը: Օրինակ, ակացիայի մեղրը պատկանում է լավագույն մեղրի տեսակների շարքին: Որպես ընդհանուր կազդուրող միջոց օգտագործվում է անքնության, աղեստամոքսային, լեղապարկի եւ երիկամների հիվանդության դեպքում:

Լորենու մեղրն առավել բարձրորակ է եւ ունի մեծ պահանջարկ: Այն քաղցրահամ, հաճելի բույրով, բաց դեղին, արագ բյուրեղացող մեղր է, որը տարբերվում է վառ արտահայտված սննդարար, բուժիչ, հակամանրէային հատկությամբ, ունի խորխաբեր, հակաբորբոքային եւ թեթեւ լուծողական ազդեցություն։ Օգտագործվում է անգինայի, հարբուխի, բրոնխիտի, ինչպես նաև՝ որպես սրտի աշխատանքը կարգավորող միջոց։ Թարախային վերքերի, այրվածքների դեպքում այն օգտագործվում է արտաքին բուժման նպատակով։

Դաշտային մեղրը նույնպես համարվում է մեղրի լավագույն տեսակներից։ Մեղրի գույնը տարբեր եւ փոփոխական է՝ անգույնից մինչեւ ծիրանագույն դեղինը։ Այս մեղրն արագ բյուրեղանում է, ունի հաճելի բույր, քաղցր համ, հանգստացնում է նյարդային համակարգը, ունի արտահայտված հակամանրէային ազդեցություն։ Օգտագործվում է շնչառական ուղիների հիվանդության դեպքում։ Խորհուրդ է տրվում գլխացավի, անքնության, սրտխփոցի եւ ստամոքսի ցավերի դեպքում։

Արեւածաղկի մեղրը ոսկեգույն է, բյուրեղացման ընթացքում ստանում է բաց դեղնավուն գույն՝ կանաչավուն երանգով։ Քաղցրահամ է, անորոշ բուրմունքով։ Մեղրի այս տեսակը հաճախ է հանդիպում վաճառքում։ Շնորհիվ սննդարար եւ բուժիչ հատկությունների՝ այն ունի մեծ պահանջարկ։

Մրգային մեղրը ստացվում է ծաղկող մրգատու ծառերի ծաղկահյութից։ Թարմ մեղրն ունի թափանցիկ, դեղնավուն երանգ, իսկ բյուրեղացումից հետո դառնում է բաց դեղին, քաղցրահամ է, հաճելի բույրով։ Պարունակում է 45% ֆրուկտոզա եւ 31% գլյուկոզա։ Այն դասում են միծաղկանի մեղրի տեսակին, եթե նրա մեջ գերակշռում է խնձորենու, տանձենու, կեռասենու եւ այլ մրգատու ծառերի ծաղկափոշին։

mexr8-3

Մանանեխի մեղրը հեղուկ վիճակում ունի դեղին գույն, իսկ բյուրեղացումից հետո ստանում է բաց դեղնավուն երանգ։ Մեղուներն այն հավաքում են մանանեխի մեծ, սպիտակ ծաղիկներից, ունի հաճելի բույր եւ քաղցր համ։ Սննդարար է, բուժիչ հատկություններով առատ եւ խորհուրդ է տրվում շնչառական ուղիների հիվանդության դեպքում։

Թութունի մեղրը թութունի մուգ շագանակագույն ծաղիկներից ստացված մեղրն է։ Այն դառնահամ է, բույրը մոտ է թութունի բույրին եւ բյուրեղանում է շատ դանդաղ։ Այս մեղրի բուժիչ եւ սնուցիչ հատկություններն ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Ունի թույլ հակամանրէային ազդեցություն։

Անանուխի մեղրը քաղցրահամ է եւ անանուխի նուրբ բույրով։ Ունի բաց դեղին գույն, պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին։ Լեղամուղ է, ունի հանգստացնող, ցավազրկող, փքահան եւ հականեխիչ ազդեցություն։ Շնորհիվ իր սննդարար եւ բուժիչ հատկությունների, ունի մեծ պահանջարկ։

Մարգագետնի մեղրը ստանում են մարգագետնային ծաղիկների ծաղկահյութից՝ երիցուկ, ուրց, ծիտրոն, երեքնուկ, վայրի խորդենի, առվույտ, մեղվաթագ։ Գույնը լինում է բաց դեղինից մինչեւ մուգ դեղին, ունի հաճելի եւ քաղցր համ։ Առանձնանում է իր բարձր սննդարար եւ բուժիչ հատկություններով։ Ունի հակամանրէային ազդեցություն։ Եթե մեղրը մուգ դեղին գույն ունի, ուրեմն դրա մեջ գերակշռում է երիցուկի ծաղկահյութը։ Այն ունի փափկեցնող, հակաբորբոքային եւ ցավազրկող ազդեցություն։ Մարգագետնային մեղրի մեջ, հատկապես լեռնային, երբեմն գերակշռում է վայրի խորդենու ծաղկահյութը։ Այդ մեղրը առանձնանում է հաճելի համով, սննդարար եւ բուժիչ հատկություններով։

Բարբարիսի մեղրը դեղին է, անուշաբույր եւ նուրբ համով։ Դեռ վաղ ժամանակներից հայտնի է իր արյուն մաքրող բուժիչ հատկությամբ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

29.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930