Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԾԱՅՐԱԾԻՐ

Սեպտեմբեր 30,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հիսուներկուերորդ

ԱՆԾԱՅՐԱԾԻՐ

Սպասողական չափազանց լարված վիճակ էր, եւ չիմանալով ինչ անեմ՝ մեր համակարգչի վրա վեպիս հերթական հատվածն էի կարդում, երբ կինս խոհանոցից ինձ ձայն տվեց, եւ դա  չափազանց լավատեսական ձայն էր, եւ խոհանոց գալով՝ դրանում վերջնականապես համոզվեցի, եւ չնայած էդ ամբողջ ընթացքում կինս բաքսին բզբզում էր, վստահ եմ, որ Օրթախի խորհուրդն էր որոշիչը, եւ Էդոյի ասած ջրի հոսանքի տարբերակն էլ կար, որովհետեւ արդեն ջրի հոսանքն էլ էր անհամեմատ ուժեղացել, եւ երկու տարբերակի դեպքում էլ շահողը, բաքսիից բացի, ընկերությունն ու եղբայրությունն էր, որովհետեւ տարեմուտի մեր ամենամյա հավաքից հետո՝ ամանորից առաջ եւս մի անգամ իմացա ու հասկացա, որ մարդկային կամեցողությունն ու ջերմությունը երկրի երեսից  իսպառ չի ջնջվել ու չի վերացել, եւ երբ մեր բաքսին վերականգնվեց ու վերստին ջերմություն պարգեւեց մեզ, մենք ընտանյոք հիշեցինք ցուրտ ու մութ տարիները, երբ ողջ օրվա ընթացքում ընդամենը երկու ժամ էինք հոսանք ու լույս ունենում, եւ չնայած էդ թվերին աղջիկներս շատ փոքր էին, իրենք էլ որոշ բաներ հիշեցին, եւ մենք ընտանյոք պատերազմի էդ տարիները հիշելով՝ ընտանյոք զարմանում էինք, թե ոնց ենք էդ ամենին անտրտունջ դիմացել, եւ պատերազմի էդ տարիներն ու էդ տարիների մեր դիմացկունությունը հիշելով՝ ընտանյոք եկանք  էն եզրակացության, որ, փոխաբերաբար ասած, ընկերովի մահն իսկապես հարսանիք է, ու նաեւ մտածեցինք, որ տասներեք թվականն իր անախորժություններով հանդերձ՝ ահա-ահա ավարտվում է, եւ իսկապես էլ ավարտվեց, եւ հիմա՝ էս պահին արդեն տասնչորս թվականն իր տարերքի մեջ է, եւ նմանապես մեր վերականգնված ու վերածնված բաքսին է իր տարերքի մեջ, եւ մեր վերականգնված ու վերածնված բաքսին ինձ անհրաժեշտ ու աննախադեպ ջերմություն է  պարգեւում, եւ էս ջերմությունն էնքանով է աննախադեպ, որ նախկինում  էս ջերմությունն անգիտակցաբար էի կլանում, իսկ հիմա՝ ավելի քան գիտակցաբար, որովհետեւ հիմա միանգամայն հասկանում ու գիտակցում եմ, որ տվյալ   ջերմությունը կարող էր եւ չլինել, եւ տվյալ ջերմությունը մանավանդ էս պահին է անհրաժեշտ, որովհետեւ էս պահին Հայոց աշխարհում աննախադեպ ցրտեր են, եւ էս պահի մեր վերածնված  բաքսիի շնորհիվ արհեստականորեն ջերմանում ու վերստին շարունակում եմ ուղիղ տասը տարի առաջ սկսած իմ էս փոփոխական գրությունը, որի շնորհիվ ոչ միայն գրականության հետ եմ կապվում, այլեւ՝ կյանքի, ընդ որում՝ ոչ միայն էս ամենանոր տասնչորս թվականի, այլեւ իմ տեսած նախորդ թվականների, որոնց ժամանակ առ ժամանակ ոչ միայն վերադառնում ու անդրադառնում, այլեւ դրանք՝ էդ նախորդները սրտանց ու ի խորոց սրտի ապրում ու վերապրում եմ, եւ շատ դեպքերում էդ նախորդներն ավելի սրտանց ու խորքանց եմ ապրում, քան՝ էս ամենանորերը, եւ եթե էդ նախորդների  ողջ հմայքը չեմ կարողանում վերականգնելով փոխանցել ու մատուցել ձեզ, դրա պատճառն ընդամենը արձակագրիս սակավափորձությունն ու վեհերոտությունն է, ինչպես նաեւ՝ գրածիս հանդեպ շատերիդ անտարբերությունը, որովհետեւ երբ էս վեպս դադարեց «Առավոտ» օրաթերթում տպագրվել եւ հայտնվեց առցանց «Առավոտում», շատերը դադարեցին աչքի անցկացնել այն, եւ հատկապես իմ սերնդակիցներն ու առավել տարեցները դադարեցրին կարդալ էս անծայրածիր գրությունս:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Հայրապետյան says:

    Սիրելի Արմեն,
    Երբ այսօր, 2016թ. սեպտեմբերի 30-ին, Ձեր գրքի հերթական գլխում կարդացի, որ “երբ էս վեպս դադարեց «Առավոտ» օրաթերթում տպագրվել եւ հայտնվեց առցանց «Առավոտում», շատերը դադարեցին աչքի անցկացնել այն” , որոշեցի Ձեզ ասել, որ հեռավոր Ամերիկայում կա մեկը, ով Ձեր “անծայրածիր գրությունը” ծայրից ծայր կարդացել է ՝ այն էլ միայն առցանց տարբերակով: Ճիշտն ասած, երբ անցաք մեկ նախադասությունանոց գլուխների, մի որոշ ժամանակով դադարեցրեցի կարդալը՝ շատ անսովոր էր: Բայց հետո վերադարձա, բաց թողանծներս կարդացի ու մինչև հիմի ոչ մի գլուխ բաց չեմ թողել, որովհետև այնտեղ ես վերագտնում եմ իմ ուսանողական տարիների Երևանը 70-ականների կեսերին, հանդիպում բազմաթիվ մարդկանց, որոնց հետ երկար տարիներ աշխատել եմ համալսարանում՝ Վարդգես Գնունի, Հայկ Ղազարյան, Արիկ Մալխասյան, Ֆելիքս Հարությունյան և էլի շատ-շատերին, ավելի մոտիկից ծանոթանում նոր մարդկանց, որոնց շատ լավ գիտեմ, բայց անձամբ ծանոթ լինլու երջանկությունը չեմ ունեցել՝ Տիգրան Մանսուրյան, Լևոն Ներսիսյան, Հրանտ Մաթևոսյան, Ռոլանդ Շառոյան:

    Մինչ նոր հանդիպում հաջորդ ուրբաթ օրը:

    Լևոն

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930