Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի 10-րդ շախմատային հուշամրցաշարի երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր սպիտակ խաղաքարերով կրկին ոչ-ոքին արեց: Նրա մրցակիցը Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերն էր:
Միջնախաղից սկսած Լեւոն Արոնյանը մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, որը քայլ առ քայլ ավելանում էր: Եվ այն պահին, երբ արդեն թվում էր, թե վերջնական հաղթանակն ապահովված է, Արոնյանը սխալվեց՝ 37-րդ քայլում թագուհիների փոխանակում առաջարկելով: Սվիդլերն առանց վարանելու ընդունեց որպես փրկության օղակ մատուցված նվիրատվությունը եւ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Մրցաշարը ուղիղ եթերում լուսաբանող գրոսմայստեր Սերգեյ Շիպովի հարցին, թե ինչո՞ւ չկարողացավ հաղթել, Լեւոն Արոնյանը պատասխանեց. «հիմարության պատճառով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ