Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանում այլեւս բիզնես չխլեն` սփյուռքահայերը ներդրումներ կանեն

Սեպտեմբեր 29,2016 19:55

«Որեւէ փոփոխություն դրական կարող ենք համարել, եթե դրան հետեւեն լուրջ ու գործնական քայլեր: Ինձ համար միշտ ցավ է եղել. իրենց գործունեության ժամանակահատվածում այս իշխանությունները ճիշտ ախտորոշում կատարել են: Այսինքն, այն, ինչ ժողովրդին մտահոգում է, նրանք բարձրաձայնել են` նախագահից սկսած: Բայց բուժումը հնարավոր չի լինում գտնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Համբիկ Սարաֆյանն` անդրադառնալով Հայաստանում ընթացող փոփոխություններին:

Լուծումները, մեր զրուցակիցը կապում է քաղաքական կամքի հետ, քանի որ դրանք ենթադրում են կարծրատիպերի վերացում, «հենասյուների» հետ հարաբերությունների վերադասավորում, ինչը դժվար գործ է. տարիների ընթացքում արմատավորված երեւույթներ կան: «Մենք, որպես կուսակցություն, երկար ժամանակ է խոսել ենք համակարգային փոփոխությունների եւ ընկերային արդարության մասին: Առանց մանավանդ ընկերային արդարության, քաղաքացին կտրվում է երկրի կառավարման համակարգից, պետության արժեքներից եւ խոր հիասթափություն է ապրում` ցինիկ մոտեցում որդեգրելով` միեւնույն է` ոչինչ չի փոխվի»,- նկատում է մեր զրուցակիցը: Հիմա` վարչապետի ելույթներին, կառավարության նիստերին հետեւելով էլ ասում է. «Երեւում է, որ փորձ է արվում: Բայց խնդիրը նորից վերադառնալու է այն հարցին` ինչպիսի՞ իրավասություններով է օժտված այս վարչապետը, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները կարողանա արմատական փոփոխություններ մտցնել»: Իհարկե, մեր զրուցակիցը չի ակնկալում, որ այդ փոփոխությունները միանգամից պիտի լինեն, քանի որ ցնցումները այլ հարթություններ կարող են տանել գործընթացները. «Բայց քայլերը շատ կարեւոր են, որպեսզի ժողովրդի մոտ վերականգնվի հավատը եւ վստահությունը կառավարության նկատմամբ ու չստացվի, որ մարդիկ փոխվում են, համակարգը նույնն է մնում: Խոսքերից բոլորը հագնել են: Եթե առաջ ընդդիմադիրներն էին բարձրաձայնում երկրի արատները, այսօր իշխանությունն էլ է բարձրաձայնում, ժողովուրդն էլ: Այսինքն, բոլորն էլ գիտեն: Իրար ասելու բան չի մնացել: Մնացել է միայն գործնական քայլեր անել»:

Պարոն Սարաֆյանը հոգ չի համարում Կարեն Կարապետյանի նշանակման առիթով տարածված այն խոսակցությունները, որ նրան նշանակեցին` Հայաստանում ՌԴ-ի դիրքերն ամրապնդելու համար: «Այսպես թե այնպես որեւէ մեկին էլ կարելի է ասոցացնել դրսի մի ուժի հետ: Եթե մարդը կարողացավ երկրում իսկական, գործնական փոփոխություններ առաջացնել` դա բացարձակապես նշանակություն չունի: Ի՞նչ է նշանակում ռուսական շահ կամ արեւմտյան շահ: Փաստացի, Հայաստանը շատ երկար ժամանակ է գտնվում ռուսական ազդեցության տակ, քանի որ մեր բոլոր ռազմավարական ենթակառուցվածքները գտնվում են ՌԴ-ի հսկողության տակ: Սա է կարեւորը: Այս պարագայում ռուսամետ լինել-չլինելը երկրորդական է: Բայց այս պարագայում ես դա չեմ կարեւորի` այնքան ժամանակ քանի այդ մարդը կարողանա երկրի ներսի հարցերը կարգավորել: Ես նույնիսկ կողջունեմ, եթե ինքն ունենա այդ ներուժը եւ նեցուկը: Մենք շատ ենք խոսում` ռուսի մարդ, ամերիկացու մարդ` մոռանալով մեր ներքին դրվածքը, շեղվելով հիմնական խնդրից: Մինչդեռ ներքին դրվածքից է ամեն ինչ փոխվում: Եթե մենք կարողացանք ունենալ այն երկիրը, որն ուզում ենք ունենալ` դա դրսի հետ բացարձակապես պետք է կապ չունենա, ներսից պիտի լինի»,- ասաց ՍԴՀԿ ԿՎ ատենապետը:

Սփյուռքի մասնակցությունը հայրենիքի կայացման ընթացքին, ինչի մասին խոսում են Հայաստանի բոլոր նախագահները, մեր զրուցակիցը մի փոքր այլ կերպ է պատկերացնում. «Դա անհրաժեշտ է անել համակարգված, հաշվի առնելով նաեւ Սփյուռքի առանձնահատկությունները: Եթե մենք մեկ փաթեթում փաթեթավորենք Սփյուռքը, արդեն սխալ մեկնարկ է: Ու հաճախ այդ փորձն արվում է: Բայց ամեն մեկ գաղթօջախ, նույնիսկ շրջան իր հետաքրքրություններն ու մոտեցումներն ունի Հայաստանյան կյանքին: Այսօր կան նաեւ ռուսական Սփյուռք, որը մինչեւ հիմա չկար: Շատերը նաեւ անտեսում են այդ հանգամանքն այն դեպքում, երբ ամենամեծ Սփյուռքը ՌԴ-ում է: Եթե մենք`ավանդական Սփյուռքի ներկայացուցիչներս, որոշումներ պիտի առնենք նաեւ ռուսական Սփյուռքի փոխարեն, իրենք ինչպե՞ս կվերաբերվեն դրան»: Մեր զրուցակիցը կարծում է, որ համահայկական հարցերի նկատմամբ պետք է ընդհանուր մարտավարություն լինի: Դրա օրինակներից մեկը Ցեղասպանության հարցն է:

ՍԴՀԿ ԿՎ ատենապետը համոզված է, որ դա չի կարող միակը լինել: Այլ ընդհանուր խնդիրներ էլ պետք է ձեւակերպվեն, որոնց յուրաքանչյուրը պիտի մասնակից լինի իր հնարավորությունների ու ցանկությունների սահմաններում: Նա հիշում է, որ առաջին նախագահի իշխանության տարիներին խորհրդականները, նաեւ ԱԳ նախարարը Սփյուռքից եկան. արեւմտյան արժեքներին դավանող մարդիկ, որոնք իրենց ներդրումն ունեցան: Այժմ էլ նա համոզված է, որ կառավարման տարբեր ոլորտների համար կարելի է սփյուռքահայ երիտասարդ մասնագետների գտնել, որոնք հանուն հայրենիքի կհրաժարվեն իրենց բարձր աշխատավարձներից եւ այստեղ օգտակար կլինեն. «Կարեւոր չէ, որ նրանք առաջին դեմք լինեն, կարեւոր է, որ գան եւ դրսում իրենց ձեռք բերած հարուստ փորձը ներդնեն այստեղ: Անշուշտ, պայմանը պիտի լինի այն, որ այդ մարդիկ չգան ու հայտնվեն լուսանցքում, կամ չճնշեն ու նպատակից չշեղեն»:

Համբիկ Սարաֆյանը շատ կարեւորում է նաեւ սփյուռքահայերի`Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելը: Բայց նկատում է` դա ենթադրում է համակարգային փոփոխություն, որտեղ երաշխավորը ոչ թե նախագահը կամ վարչապետն է, այլ օրենքը. «Պետք չէ ապավինել նախագահի կամ բարձրաստիճան որեւէ պաշտոնյայի երաշխիքներին: Ներդրողը պետք է օրենքով պաշտպանված լինի: Հնարավոր է ներդրում անել եւ կորցնել, բայց ոչ թե այն պատճառով, որ խլեցին ձեռքից կամ անօրինական դաշտ մտավ, այլ, եթե գործը չստացվի: Եթե այդ ամենն արվի եւ արվի համակարգված, ինչի մասին ժողովներ են գնում, խորհրդակցություններ են գնում, նախագահի նստավայրում հանդիպումներ են լինում, նաեւ` այդ հանձնաժողովի գաղափարն է` ստեղծել խորհուրդ, որը կզբաղվի առաջնահերթությունների առանձնացմամբ եւ հստակեցմամբ, թե Հայաստանը, Սփյուռքը ինչպես կարող են զբաղվել դրանց լուծմամբ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930