Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնը 2016թ. սեպտեմբերի 29-ին Երևանում հյուրընկալեց շրջանավարտների միջոցառում: Մարշալի անվան կենտրոնի ներկայացուցիչների կողմից վարվող այս միջոցառմանը մասնակցեցին երեսուն շրջանավարտներ և հյուրեր Հայաստանի տարբեր հաստատություններից: Միջոցառման ընթացքում «Կոռուպցիան որպես ազգային անվտանգությանը սպառնալիք» թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացրեցին կենտրոնի երկու առաջատար շրջանավարտներ՝ Հայարփի Մխիթարյանը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդից և Ելիզավետա Մարգարյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից: Նրանց խոսքին հաջորդեց հարց ու պատասխանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ողջունեց Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտներին և շնորհավորեց նրանց կարևոր դերակատարության համար, որ նրանք ունեցել են «Հայաստանի և կովկասյան տարածաշրջանի անվտանգության ու պաշտպանական յուրահատուկ մարտահրավերների վերաբերյալ Վաշինգտոնում և շատ եվրոպական մայրաքաղաքներում ավելի լավ ու ավելի առողջ ըմբռնում ձևավորելու հարցում»:
Ապա` դեսպան Միլսը հավելեց․ «Կոռուպցիայի և ազգային անվտանգության հատման կետը կարևորագույն նշանակության խնդիր է Հայաստանում և ամբողջ աշխարհում, և ես ուրախ եմ տեսնել այս երկու մասնագետներին, և հարգարժան շրջանավարտներին և հյուրերին, ովքեր այստեղ հավաքվել են անդրադառնալու այս թեմային նման լրջությամբ»:
ԱՄՆ-ի և Գերմանիայի կողմից հովանավորող Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնը եզակի հնարավորություն է ստեղծում քննել գլոբալ և տարածաշրջանային ժամանակակից միտումները, անվտանգության հարցերը, ազգային անվտանգության ռազմավարությունները, պաշտպանական պլանավորումը, ճգնաժամային կառավարման մոտեցումները, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը և այլ հարակից ոլորտներ: Հայաստանը սկսել է մասնակցել այս ծրագրին 1995 թ. սկսած՝ կենտրոն ուղարկելով տարեկան միջին հաշվով 15 ուսանող: Ներկայումս Հայաստանում կան մոտ 240 շրջանավարտներ, ովքեր զբաղեցնում են տարբեր պաշտոններ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, ինչպես նաև այլ գերատեսչություններում և մարմիններում:
Կարդացեք նաև
Կենտրոնը 21-րդ դար է բերում Ջորջ Մարշալի մտահղացումը ՝ հետևելով «Ժողովրդավարություն վստահության և բարեկամության միջոցով» կարգախոսին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն