Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը

Սեպտեմբեր 29,2016 18:35

Սեպտեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, տեղի ունեցավ «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2016 թ.  հանդիսավոր մրցանակաբաշխությունը:

Արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա բացման խոսք ասաց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

‹‹Ուսուցչի և իր առաքելության, ծառայության գնահատումը մշտապես եղել և մնալու է Հայ Եկեղեցու և նրա առաջնորդի՝ Ամենայն Հայոց Հայրապետի ուշադրության կենտրոնում: Այս մրցույթը այն բազմաթիվ ծրագրերից, միջոցառումներից մեկն է, որի նպատակն է ազգային դպրոցում ուսուցչին ոգևորել, արժևորել նրա կատարած աշխատանքը, գնահատել որպես այդ տարվա մեջ լավագույնը և խթանել, որպեսզի այս գնահատանքը, հմտությունն ու մարդակերտման կարողությունը տարածվի նաև մյուս մանկավարժների վրա: Ուսուցիչը ոչ միայն գիտելիք պետք է փոխանցի աշակերտին, այլև կյանքուսույց դերակատարություն պետք է ունենա. նա պետք է լինի այն կարևոր օղակը, որ պետք է հստակ զատում դնի ժամանակավորի և հավիտենականի միջև››, – ասաց Վարդան Սրբազանը:

Մրցանակաբաշխությանը ելույթ ունեցավ ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Լևոն Մկրտչյանը: Պրն. Լ. Մկրտչյանը չափազանց հուզիչ նկատեց այն հանգամանքը, որ միջոցառումը տեղի է ունենում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի ժամանակաշրջանում: ‹‹Երբ մենք փորձենք գնահատել անկախությունը և հասկանալ արժեքները, որոնք բերեց իր հետ մեր կյանքի այս նոր ձևաչափը, թերևս երկու կարևորագույն փաստ կշեշտադրվի:

Առաջինը՝ մեր անկախության շքերթի ժամանակ հոգևոր գնդի շարահյուսային քայլն է, երբ այն կարողացավ մեր գնդերի հետ միասին հպարտորեն քայլել, և սրանով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին փաստեց, որ ինքը ամբողջական ներկայություն է մեր ոչ միայն հոգևոր կյանքում, այլև հոգևոր-ֆիզիկական անվտանգության համակարգում:

Երկրորդը, որն ավելի հզոր և կարևոր փաստ է, դա մեր կրթական ծրագրերում Հայ Եկեղեցու` արդեն մնայուն և լայնածավալ ներկայությունն է: Եթե մենք խոսում ենք ազգային կրթակարգից, պետք է նշենք, որ հայ տեսակը առանց Հայ Եկեղեցու չկա. այն այս տեսակի անքակտելի մասն է, նրա միսն ու արյունն է և հոգևոր ներկայությունը», – ասաց ԿԳ նախարարը` ընդգծելով, որ դպրոցներում հայագիտական առարկաների ուսուցիչները մեծ առաքելություն են իրականացնում, տալիս են տեսակի շարունակության բանալին:

Մրցանակաբաշխության մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը` իր հերթին անդրադառնալով կրթության ոլորտում Հայ Եկեղեցու ստանձնած վիթխարի առաքելությանը, ինչպես նաև աշակերտի վարքագծի կերտման տեսանկյունից ուսուցչի դերակատարությանը, քրիստոնեական դաստիարակության և կրթության ոլորտում արձանագրվող կարևոր ձեռքբերումներին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԿԳ նախարարի կողմից հաղթող ուսուցիչներին հանձնվեցին մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն և դրամական պարգևներ:

Առաջին մրցանակը շնորհվեց «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Անուշ Խաչիկյանին (Երևանի Ա. Երզնկյանի անվան թ. 118 ավագ դպրոց):

Երկրորդ մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Հայկանուշ Գրիգորյանը (Արագածոտն, Ոսկեվազի միջն. դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը (Սյունիք, Սիսիանի ավագ դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Անահիտ Թևոսյանը (Արարատ, Վեդու թ.2 հիմնական դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Լիանա Մատինյանը (Լոռի, Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թ. 10 ավագ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Տիրուհի Ասատրյանը (Գեղարքունիք, Կարմիր գյուղի թ.2 միջն. դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Արփինե Սարգսյանը (Շիրակ, Վահրամաբերդի միջն. դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մարիա Գրիգորյանը (Լոռի, Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թ. 10 ավագ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Նինել Մկրտչյանը (Վայոց Ձոր, Վայքի քաղաքային վարժարան), դասվար Ռուզաննա Վարդանյանը (Երևանի թ. 116 հիմնական դպրոց):

Երրորդ մրցանակը փոխանցվեց «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Վարդան Աշչյանին (Երևան, Գ. Էմինի անվան թ. 182 ավագ դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Աննա Բաղդասարյանին (Կոտայք, Լեռնանիստի միջնակարգ դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Ալվինա Մկրտումյանին (Արմավիր, Թաիրովի միջն. դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ Գագիկ Վարդանյանին (Գեղարքունիք, Ներքին Գետաշենի թ. 1 միջն. դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Նարինե Վարդանյանին (Լոռի, Վանաձորի, թ. 28 հիմնական դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Նաիրա Զեյնալյանին (Արարատ, Սուրենավանի միջն. դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Անի Վանցյանին (Լոռի, Ստեփանավանի ավագ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Քրիստինե Ավետիսյանին (Կոտայք, Լեռնանիստի միջնակարգ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Անուշ Մանուկյանին (Գեղարքունիք գավառի թ. 3 հիմնական դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Վարդուհի Ծատրյանին (Արմավիր, Թաիրովի միջն. դպրոց), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Սվետլանա Սարգսյանին (Սյունիք, Սիսիանի ավագ դպրոց), դասվար Սոնիկ Բադալյանին (Արմավիր, Էօռնեկեան հանրակրթական դպրոց), դասվար Մերի Թոռունյանին (Երևան, Վարդանանք կրթահամալիր):

Շնորհաբաշխությունից հետո խոսքով հանդես եկավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցանակաբաշխության բարերար Սիլվա Տեր-Ստեփանյանը (ԱՄՆ): «Մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղավ և է Հայր Աստծու մեծագույն պարգևը ողջ հայության: Այն շարունակելու է մնալ ոչ միայն մեր հայ հավատքի ուղեցույցը, այլ նաև մեր սուրբ աղբյուրը», – իր խոսքում նշեց օր. Տեր-Ստեփանյանը` մաղթելով, որ մշտապես պանծացվի հայերի հույսի, լույսի և հավատքի սուրբ կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածինը:

Շնորհակալական խոսք ասաց նաև առաջին մրցանակին արժանացած ուսուցչուհի Անուշ Խաչիկյանը:

Ցերեկույթի ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկավ նաև «Նոր անուններ» համույթը` ղեկավարությամբ Սիլվա Մեքինյանի:

Մրցանակաբաշխության արարողությունը եզրափակվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը, ողջունելով ներկաներին, իր գնահատանքը փոխանցեց լավագույն ուսուցչի պատվին արժանացած ուսուցիչներին` շնորհակալություն հայտնելով իրենց մատուցած բարի և ազնիվ ծառայության համար:

Նորին Սրբությունն ուսուցիչներին համեմատեց ավետարանական բարի սերմնացանի կերպարի հետ, ովքեր հայորդիների հոգիներն ու միտքը հերկում են և սերմանում բարի հունդեր, ապա հոգ տանում ու խնամում, որ այդ հունդերը ծիլ տան և բարի արդյունք բերեն հայ ժողովրդին ու Հայրենիքին:

«Փառք ենք տալիս Աստծուն, որ այդ աշխատանքը իրականացվում է սիրով ու նախանձախնդրությամբ: Դրա վկայությունը տեսանք նաև վերջերս, երբ այցելեցինք Լեռնային Ղարաբաղ, հանդիպեցինք հայոց բանակի քաջարի մարտիկներին: Հպարտություն զգացինք այն ոգու և գիտակցության համար, որով նրանք իրենց ծառայությունն էին բերում մեր Հայրենիքին և ժողովրդին: Մենք այս իմաստով նույնպես մեր գնահատանքը և օրհնությունն ենք բերում ձեզ: Ուսուցիչը մեր մշտական աղոթքներում է, որպեսզի նրա աշխատանքով առատանան շնորհները մեր զավակների կյանքում, այդ շնորհներով վերջիններս էլ իրենց հերթին զարդարեն հայ կյանքը և հայոց անդաստանները», – ասաց Վեհափառ Հայրապետը:

Այս առիթով ազգային կրթության գործում իր նախանձախնդրության և կարևոր ներդրումի համար Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց տիար Լևոն Մկրտչյանին` շնորհավորելով նրան նաև ԿԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Նորին Սրբությունը բարձր գնահատեց եկեղեցական կրթական կառույցների և ԿԳՆ-ի միջև գործակցությունը, որ պսակվում է գեղեցիկ նախաձեռնություններով:

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց նաև մրցանակաբաշխության երկարամյա հովանավորներին` Սիլվա և Իրմա Տեր-Ստեփանյան քույրերին, ինչպես նաև ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին:

Վերջում «Պահպանիչ» աղոթքով Հայոց Հայրապետն օրհնեց ներկաներին և հայցեց Երնավոր Տիրոջ հովանին և զորակցությունն ազգանպաստ իրենց առաքելության արդյունավոր իրականացման մեջ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     

Տեղեկատվական համակարգ          

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930