Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴՀԿ-ն չի պատրաստվում ծախել ամենը` գնալ ինչ-որ գործարքների»

Սեպտեմբեր 29,2016 18:25

«ՍԴՀԿ-ում խնդիրներ չկան, ատենապետի փոփոխության հարցն էլ դրա հետ կապված չէր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ԿՎ նորընտիր ատենապետ Համբիկ Սարաֆյանը: Կուսակցությունում ատենապետի փոփոխությունն, ըստ մեր զրուցակցի կապված էր նախկին ատենապետ Հակոբ Տիգրանյանի «անձնական խնդրանքի հետ` գործի եւ կյանքի պայմանների, վերադասավորումներ առումով»:

Համբիկ Սարաֆյանը պնդում է, որ փոփոխությունը հանդարտ է եղել, առանց կրքերի բորբոքման եւ անհամաձայնությունների, ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը նախկինի ակտիվությամբ աշխատում է, Հակոբ Տիգրանյանն էլ ներքին խնդիրներ չի ունեցել ու չունի: «Գոյություն չունի ատենապետի կուսակցություն: Գոյություն ունի ԿՎ, որը որոշումներ է ընդունում եւ միշտ չէ, որ ատենապետի ցանկությունները կարող են իրականանալ, եթե ժողովը կոնսենսուսով չի հաստատում»,- ՍԴՀԿ-ի գործունեության մասին ասում է մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, հայաստանյան մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՍԴՀԿ-ում անհաշտություններ եւ անհամաձայնություններ են առաջացել նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանի` 20 հնչակյան կախաղանների մասունքները Ստամբուլից Երեւան տեղափոխելու տապալված նախաձեռնությունից հետո: Մամուլում հայտնվեց ՍԴՀԿ ԿՎ գաղտնի շրջաբերականը, որում ուշագրավ մանրամասներ կան հայտնաբերված եւ Հայաստան տեղափոխված մասունքների, ողջ գործընթացի մասին:

Ըստ այդմ, Հայաստան է տեղափոխվել մեկ կմախք, որն, ըստ փորձաքննության արդյունքների, որեւէ կապ չունի կախաղան բարձրացված 20 հնչակյանների աճյունների հետ:  «Դժբախտաբար դա տեղի ունեցավ`մեր ներքին փաստաթղթերի հրապարակման առումով, բայց միանշանակ կարող եմ ասել, որ աճյունների հարցը բացարձակ կապ չունի ատենապետի փոփոխության հետ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ Ստամբուլում կախաղան բարձրացված 20 հնչակյանների աճյունները Երեւան տեղափոխելու գործընթացը չի եղել ՍԴՀԿ ԿՎ նախաձեռնությունը եւ ԿՎ-ն պատասխանատու չէր դրա ընթացքի համար: Ավելին, ըստ նրա, ՍԴՀԿ ԿՎ-ն փորձեց անել ամեն ինչ, որ կուսակցությունը շահարկման առարկա չդառնա:

ՍԴՀԿ ԿՎ ատենապետի հարցը նախատեսվում էր հստակեցնել աշնանը կայանալիք արտահերթ համագումարում: Այդ համագումարում նաեւ պետք է որոշվեր Հայաստանյան կառույցի` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը: Համագումարն այդպես էլ չեղավ, բայց ՍԴՀԿ ԿՎ-ն նոր վարչություն ունի` ի դեմս մեր զրուցակցի: Համբիկ Սարաֆյանը պարզաբանում է. «Այո, այդպես էր նախատեսված, բայց հետո պարզվեց, որ փոփոխությունը մի քիչ ավելի արագ էր պետք անել: Որոշում կայացվեց Դիվանի փոփոխություն անել: Քանի որ դիվանի փոփոխություն եղավ…ու այն ընթացքում, երբ մենք որոշում էինք արտահերթ համագումարում այդ հարցերին լուծում տալ, ինչպես նաեւ քաղաքական պլատֆորմ ստեղծել, Հայաստանում հետաքրքրական տեղաշարժեր եղան` ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան, որն ինչ-որ ձեւով սահմանեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարգը: Ու այդ ժամանակ արդեն, մեզ համար ինչ-որ առումով իմաստազրկվեց որոշումներ առնելու կամ մոտեցում ցուցաբերելու հրամայականը»:

Մեր զրուցակիցը համամիտ է` հուլիսյան դեպքերը, վարչապետի եւ կառավարության փոփոխությունները Հայաստանում միանգամայն այլ իրավիճակ են ստեղծել: «Եթե մենք որոշած լինեինք համագումար անել, որոշումներ կայացնել` այս փոփոխությունների եւ անհստակությունների մեջ մի քիչ բարդ կլիներ դա: Այսինքն, ինչ-որ առումով նաեւ ճիշտ ստացվեց` թողնել համագումարը յուր օրին: Պարզապես, հիմա մենք խորհրդակցում ենք Հայաստանի շրջանի հետ` հասկանալու, հստակեցնելու, թե ինչ ձեւով է Հայաստանի շրջանը մասնակից լինելու խորհրդարանական ընտրություններին: Կարծում եմ, այսօր շատ կուսակցություններ են մի քիչ անորոշ իրավիճակում: Դաշտն, իսկապես խառնվել է, դեպքերն այնպես են արագ ընթանում, քաղաքական դաշտի հարաբերությունները, խաղացողները, ուժային կենտրոններն փոխվում են: Այս ամենում կարեւոր է ճիշտ կողմնորոշվելը:

ՍԴՀԿ-ի համար երբեք էլ նպատակ չի եղել պաշտոնը կամ պաշտոնները: Մեր 120 ամյա գործունեության արդյունքն ու վարձատրությունը չի կարող դա լինել: Մենք սկզբունքայնորեն ենք տրամադրված: Մեր դժվարության հիմնական պատճառն էլ քաղաքական դաշտում գաղափարական հենքի բացակայությունն է: Գուցե դա ինչ-որ ձեւով, այսպես ասած, խանգարում է կուսակցության աճին: Բայց այդ սկզբունքայնության համար մարդիկ են զոհվել, հերոսներ ենք տվել ու ծախել այդ ամենը` գնալ ինչոր գործարքների` մեր հաշիվների մեջ չի մտնում: Հիմա քննարկում ենք` հնարավո՞ր է Հայաստանում ձախ դաշտը միավորել եւ գաղափարական պայքար տանել»,- ասում է Համբիկ Սարաֆյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930