ՀՀ կառավարության 29.09.2016թ. հերթական նիստում հաստատվել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին կարգավիճակ տրամադրելու կարգը: Ընդունված որոշման համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձանց կտրամադրի մեկ միասնական ձևի վկայական:
Արդյունքում, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցները կստանան իրավական ուժ ունեցող վկայական, ինչի հիման վրա մասնակիցները, առանց դժվարության, կկարողանան օգտվել օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից:
Միաժամանակ, կտարվի էլեկտրոնային հաշվառում և արդյունքում կձևավորվի ՉԱԷԿ-ի մասնակիցների տվյալների ամբողջական շտեմարան:
ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են շուրջ 3000 մարդ` զինվորական ծառայողներ, զինվորական վարժական հավաքների մասնակիցներ, աշխատանքային պայմանագրով և կամավորական հիմունքներով մեկնածներ: Նրանց մի մասը` զինվորական ծառայողները, ստացել են Հայրենական մեծ պատերազմի մասնակցի վկայական, որտեղ նշված է, որ նրանք համարվում են ՀՄՊ վետերաններին հավասարեցված անձինք և օգտվում օրենքով սահմանված արտոնություններից:
Աշխատանքային պայմանագրով և կամավորական հիմունքներով մեկնածներին տեղեկանք է տրամադրել Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի կողմից տրված վկայականն իրավական ուժ չունի և հիմնականում չի ընդունվում բուժհաստատությունների կողմից (նշված կատեգորիային պատկանող անձինք ունեն միայն պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստանալու իրավունք:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության հասարակայնության հետ կապերի բաժին