Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողի իրավունք, սեփականաշնորհված ակտիվներ, տարածքային զարգացում, գնումներ, կառավարում և կառուցվածք. վարչապետը  հանձնարարականներ է տվել

Սեպտեմբեր 29,2016 17:19

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է  նորանշանակ նախարարներին՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին,  ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին և շնորհակալություն հայտնել, որ համաձայնել են համատեղ աշխատել:  Այնուհետև Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:

«Վերջերս Սպառողների միության ներկայացուցիչների և գործարարների հետ հանդիպման ժամանակ բավականին շատ է խոսվել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության մասին»,- դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի.Առաքելյանին՝ վարչապետը շարունակել է. «Ձեզ հանձնարարություն. հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները՝  ուսումնասիրել այդ հարցը՝ շեշտը դնելով, թե գործող լաբորատորիան պետք է լինի այդ վարչության կազմում, թե պետք է լինի անկախ: Տալ առաջարկություն:

Երկրորդ. տարիներ ի վեր սեփականաշնորհված բազմաթիվ ակտիվներ, գույք, որոնք այսօր չեն աշխատում: Հանձնարարում եմ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ նախևառաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել և ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված տնտեսական, իրավական  կամ այլ մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություն: Բոլորդ հասկանում եք, որ մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնել և ակտիվացնել, որպեսզի այդ գույքն աշխատի:

Երրորդ. գնումների վերաբերյալ: Մենք խնդիր ունենք գնումները կանոնակարգելու: Հանձնարարում եմ աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն, թե որ ապրանքներն ու ծառայություններն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով: Միաժամանակ՝ առաջարկենք գման մեխանիզմները: Մենք գնումներ կազմակերպող բազմաթիվ կազմակերպություններ ունենք և կարծում եմ՝ այստեղ և ծախսերի նվազեցման, նաև գների ճշտման ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ:

Չորրորդ. հանձնարարում եմ գործադիր իշխանության բոլոր մարմիններին վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար՝ պետք է լինի հիմնավորված, գործառույթները՝ հստակ և չկրկնվող: Շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը և յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինչ նպատակի է ծառայում:

Հինգերորդ. նույնը վերաբերում է ԾԻԳ-երին, որոնք զբաղվում են գնումների գործընթացով: Հանձնարարում եմ Սպորտի և երիտասարդության հարցերի, Արտակարգ իրավիճակների, Մշակույթի և Քաղաքաշինության նախարարներին մեկշաբաթյա ժամկետում քննարկել ձեր ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և ներկայացնել առաջարկություն:

Վեցերորդ, տարածքների համաչափ և տնտեսական զարգացում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հաձնարարում եմ մեկամսյա ժամկետում, համագործակցելով Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տրանսպորտի և կապի, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հետ, ուսումնասիրել բոլոր ոլորտների 2017թ. բյուջեի նախագծի թեմատիկ դաշտերը և ներկայացնել առաջարկություններ՝ տարածքների զարգացման ռազմավարությանը համապատասխանեցնելու նպատակով:

Յոթերորդ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ երեքշաբաթյա ժամկետում վերանայել և լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունը՝ չափելի և հսկելի պահանջներ դնելով համայնքային զարգացման ծրագրերի նկատմամբ: Այդ փաստաթղթերը պետք է տեղերում ապահովեն տնտեսական զարգացում, գործնական կիրառման աշխատանքներում պատասխանատվությունը պետք է կրի Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Ձեռնարկել  անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի բոլոր համայնքները հնգամյա զարգացման ծրագրերը մշակեն նոր մեթոդաբանությանը համապատասխան»:

Հավանության է արժանացել ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Անդրադառնալով պետբյուջեի նախագծին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք բավականին կոշտ բյուջե ենք նախատեսում  2017 թվականին, թվերը խոսում են դրա մասին: Մոտ 70 միլիարդ նախատեսում ենք եկամուտների աճ և մոտ 100 միլիարդ՝ ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որ հնչեցնում ենք կառավարման, ծախսերի նվազեցման վերաբերյալ,  շատ ակտուալ են»:

Գործադիրը հավանություն է տվել նաև պետբյուջեում ներառվող 2017թ. տարեկան ծրագրերին, մասնավորապես՝  սահմանամերձ տարածաշրջանների զարգացման, ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և այլն:

Կսահմանվեն կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը նպաստող  ածանցյալ ֆինանսական գործիքներ

Կառավարությունը հավանություն է տվել ««Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանում ֆինանսական գործիքների, մասնավորապես` ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի զարգացման և խթանման անհրաժեշտությամբ։ Օրինագծերի նպատակն է սահմանել ֆինանսական գործիքների, այդ թվում` ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ և համապարփակ կարգավորում, որը կնպաստի կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը Հայաստանում: Նման ֆինանսական գործարքների  կիրառումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին զսպել իրենց գործունեության հետ կապված տարբեր ռիսկեր և կունենա իր դրական ազդեցությունը Հայաստանի  տնտեսության վրա:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ փաթեթն արտացոլում է այն համաձայնությունը, որ ձեռք է բերվել ընդդիմադիր  գործընկերների և քաղհասարակության հետ և  ամրագրվել է որպես քաղաքական համաձայնագիր:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին: Օրենսդրական այս նախաձեռնությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի պահանջներին` խթանելով բազմակուսակցական համակարգի հետագա զարգացմանը: Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, կդյուրացվեն և կպարզեցվեն կուսակցությունների հիմնադրման և պետական գրանցման հետ կապված հարցերը, կապահովվեն իրավական երաշխիքները կուսակցությունների պետական գրանցման անհիմն մերժումները բացառելու համար, համալիր իրավական կարգավորում կստանա կասեցման ինստիտուտը, որով կապահովվի վերջինիս գործնական կիրառությունը, կհստակեցվեն կուսակցությունների գործունեության կասեցման և արգելման արդյունքում առաջացող բացասական հետևանքները,կստեղծվեն կուսակցությունների գործունեության անխոչընդոտ իրականացման համար հավասար և ոչ խտրական պայմաններ:

Կառավարության հավանությանն է արժանացել «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները: Օրինագծով գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա` գնման գործընթացի միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ,  համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը կտրվի մրցութային կարգով, որը հնարավորություն կտա կազմակերպությանն ընտրելիս հաշվի առնել վերջինիս ընդերքօգտագործման ոլորտում նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների  կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը և այլն:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծին:  Մասնավորապես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը կարգավորելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար պետական տուրքի գանձման հստակեցված չափերը: Օրենքի ընդունմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար սահմանվող պետական տուրքերն ու դրանց չափերը կհամապատասխանեցվեն ներկա պահանջներին ու գործող օրենսդրությանը:

Կկանոնակարգվի հյուպատոսական հաշվառման ոլորտը

Կառավարությունը հաստատել է հյուպատոսական հաշվառման կանգնելու և հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների տվյալները կենտրոնական ռեգիստր վարող մարմնին տրամադրելու կարգը  և  սահմանել լիազոր մարմին: Որոշմամբ առաջարկվում է կարգավորել և դյուրացնել ՀՀ տարածքից դուրս մեկնող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման կանգնելու գործընթացը:  Քաղաքացիները կկարողանան կանգնել հյուպատոսական հաշվառման ցանկացած վայրից՝ մուտք գործելով համապատասխան էլեկտրոնային կայք:

karen-karapetyan

Հյուպատոսական հաշվառումը հանդիսանում է կամավոր գործընթաց, որը հասանելի է նաև առցանց, հետևաբար ՀՀ քաղաքացիների անձնագրերում հյուպատոսական հաշվառման կանգնած լինելու վերաբերյալ նշում կատարելու անհրաժեշտություն և գործուն մեխանիզմ չկա: Ըստ այդմ՝ կառավարության որոշմամբ առաջարկվում է վերացնել նման նշում կատարելու իրավունքը` գործող իրավական ակտում ավելորդ դրույթ չունենալու նպատակով:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել նախկինում ընդունած կառավարության որոշումներից մեկում:   Արդյունքում՝ կհստակեցվեն և այլ իրավական ակտերին կհամապատասխանեցվեն հյուպատոսական հաշվառման կանգնող ՀՀ քաղաքացիների տվյալները բնակչության պետական ռեգիստր փոխանցելու դեպքերը, եղանակը և տվյալ հարցի հետ կապված այլ հարաբերությունները:

Այլ որոշումներ

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման անկախության բարձրացման նպատակով իրավական գործողությունների ծրագրին: Որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է փոփոխել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը և, անհրաժեշտության դեպքում՝ նաև համապատասխան ընթացակարգերը՝ որոշ մասնագիտացված պաշտոնների անձնագրերի գծով աշխատակիցների ընտրության չափանիշները փոփոխելու նպատակով:

ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով տրամադրված պետական արտահանման վարկի շրջանակում ՀՀ ՊՆ կարիքների համար ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայի ձեռքբերման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգված հատվածների ծածկի որակի գնահատման ընթացքում անհարթության միջազգային ցուցիչի (ԱՄՑ) չափանիշի կիրառման մեթոդաբանությանը: Այն կնպաստի հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգվող հատվածների շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը, ինչպես նաև կհստակեցնի վերանորոգված հատվածի ծածկի մերժման և ընդունման չափորոշիչները՝ կախված ԱՄՑ չափանիշից:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ավտոմոբիլային ճանապարհների պահպանման վիճակի բնորոշման ցանկում ներառելով նաև վատ ճանապարհները:

Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի  2016թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով:

Կառավարությունը հաստատել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակցի կարգավիճակ տրամադրելու կարգը՝ այդ  անձանց կարգավիճակը հստակեցնելու նպատակով: Այսպիսով՝ բոլոր մասնակիցներին տրվելու է մեկ միասնական ձևի վկայական, ինչը հնարավորություն կտա նրանց անխոչընդոտ լուծել  իրենց սոցիալական պաշտպանության խնդիրները: Արդյունքում կճշտվի նաև այդ աշխատանքների  մասնակիցների ստույգ թվաքանակը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930