Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղադրյալի ոտքից ոստիկանական լուսաձայնային նռնակի բեկոր է դուրս եկել». փաստաբան Արա Զաքարյան. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2016 16:54

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց ՊՊԾ գնդի գրավումից հետո զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի եւ Սոսո Մարգարյանի գործերի քննությունն ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Փաստաբան Արա Զաքարյանը նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե դատավորը գործը դատաքննության էր նշանակել, պետք է շարունակել լսել, ոչ թե ուղարկեր Կենտրոնի դատարան: Հիշեցնենք, որ նշյալ անձինք մեղադրվում են մասնավորապես ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու համար: Մեղադրական եզրակացության մեջ տուժողներ կան վկայակոչված, սակայն նրանցից ոչ մեկ չէր ներկայացել այսօրվա նիստին:

ara_zargaryan_2

Արա Զաքարյանը նշեց, որ մեղադրյալներից ոչ մեկին վերագրված չէ ոստիկանին վնասվածք պատճառելու հանգամանքը, հետեւաբար` ոստիկանները եւ այն անձինք, որոնց գույքին վնաս է պատճառվել, չեն կարող տվյալ գործում տուժողի կարգավիճակ ունենալ. «Թող գնան մայր գործով պարզեն, թե ովքեր են իրենց վնաս պատճառել, իսկ այս գործով չեն կարող տուժող հանդիսանալ»:

Արա Զաքարյանն այսօր պատրաստվում էր դատարան ներկայացնել իր պաշտպանյալ Սոսո Մարգարյանի խափանման միջոցը վերացնելու կամ գրավով փոխարինելու միջնորդությունը, սակայն գործն այլ դատարանին հանձնելու պատճառով առնվազն 20 օր հարցը մնալու է օդում կախված, իսկ երեք մեղադրյալները շարունակելու են մնալ կալանքի տակ, ըստ Զաքարյանի` դատարանի ապօրինի որոշման հիման վրա:

ara_zargaryan_1

Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետեւանքով մեղադրյալներից Սոսո Մարգարյանը ոտքի բազմակի վնասվածքներ է ստացել. «Մեկ շաբաթ առաջ բեկորներից մեկը ոտքից դուրս էր եկել: Էլի բեկորների կտորներ կային: ՔԿՀ-ից ասացին, որ համապատասխան բժիշկ են ներգրավելու եւ անհրաժեշտության դեպքում` վիրահատելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930