Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում ԲՀԿ ցուցակով առաջադրվող անձանց սպառնացել են ազատել աշխատանքից (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2016 16:48

Այսօր «Մեդիա» կենտրոնը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կազմակերպել էր քննարկում Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրությունների թեմայով։ Առաջադրված 10 կուսակցություններից և մեկ դաշինքից քննարկմանը մասնակցում էին ընդամենը հինգը՝ ԳԱԼԱ-ն, ԲՀԿ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը», ՀԱԿ-ը ու ՀՅԴ-ն։ Մյուս կուսակցությունները տարբեր պատճառաբանություններով ներկայացուցիչներ չէին ուղարկել, իսկ «Բալասանյան» դաշինքը հրաժարվել էր մասնակցելուց։

Aravot.am-ը  քննարկմանը մասնակցող վերոհիշյալ կուսակցությունների ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատեն ավարտվող նախընտրական քարոզարշավը, նկատելի՞ էր  արդյոք լարվածություն և ի՞նչ խախտումների, վարչական ռեսուրսների կիրառման ու անհավասար պայմանների ստեղծման են ականատես եղել։

ԳԱԼԱ կուսակցության ավագանու թեկնածու Լևոն Բարսեղյանը նշեց, որ քաղաքային իշխանությունը  չարաշահել  է իր վարչական ռեսուրսները․«Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչները ավագանու անդամների հետ քաղաքային բյուջեով վերանորոգված որոշ փողոցների բացման արարողություն են կազմակերպել ու մասնակցել։

«Կարծում եմ` ընդհանրապես կարիք չկար, որ փողոցի ասֆալտապատման  համար բացում պետք է կազմակերպվեր, և ավագանու անդամներն էլ պիտի գնային ինչ-որ միջոցառում սարքեին, լիքը գործեր կային անկեղծ ասած։ Եվ այդ բացման արարողությանը ես դիտարկել եմ, նկատել եմ որպես  քարոզարշավի շրջանակներում արվող մի բան։ Եթե հրավիրում էին ավագանու անդամներին, ես էլ ենթադրաբար պիտի հրավեր ստանայի, որովհետև քաղաքային բյուջեի հետ կապված որոշում ենք կայացրել  և հրավիրում էին փողոցի, ասֆալտի  բացմանը արարողությանը, բնական է՝  չէի գնայի․․․»,- ծիծաղելով նշեց Լևոն Բարսեղյանը։

Լևոն Բարսեղյանի փաստմամբ, անհավասար վերաբերմունք է դրսևորվել ցուցապաստառներ փակցնելու համար որոշ կուսակցությունների տեղ չտրամադրելով․ որոշների համար տեղ եղել է, որոշների համար էլ՝ ոչ։

ՀԱԿ կուսակցության թեկնածու Արման Գալոյանն էլ ասաց, որ  ծիծաղելի է փողոցի ասֆալտապատումը, սալիկապատումը, որը քաղաքային իշխանության գործառույթն է եղել, մի մեծ լավություն հաշվել բնակիչների վրա ու այնպիսի դիրք բռնել, որ մի բան էլ մարդիկ պիտի մոմ վառեն, աղոթեն, որ իշխանությունները իրենց գործառույթներ են իրականացնում։ Նա նկատեց, որ իշխանական թեկնածուներն ամբողջ քաղաքը պաստառապատել են ու անցել են նախընտրական հիմնադրամի համար սահմանված առավելագույն ծախսերը։

«Իմ կարծիքով՝ գործող քաղաքապետը չպետք է ինքնամատուցման խնդիր լուծեր, երբ ինչ-որ նորաստեղծ  կուսակցություն էիրեն ցույց տալիս ամեն տեղ, հասկանում ենք, բայց եթե քաղաքային իշխանության ներկայացուցիչն ամեն տեղ  իր պաստառը, նույնիսկ ժամանակին վճարված աշխատավարձներ խոստումը թեմա դարձներ, գիտեք ինչ քննադատության արժացավ, ժամանակին իրենք իրենց գործով պետք է ապացուցած լինեին, ոչ թե հիմա նոր պաստառով», -ասաց Արման Գալոյանը։

ՀՅԴ ներկայացուցիչ Համազասպ Խոցանյանն էլ նշեց, որ նկատել են վարչական ռեսուրսների կիրառման փաստեր ու քննադատելով «Բալասանյան» դաշինքի փակցրած ցուցապաստառների բովանդակությունն՝ ասաց․«Եթե իմ դաստիարակությունը թույլ տար, ես 650 նստարանի փոխարեն կգրեի 650՝ 1000-ի փոխարեն, ժամանակին վճարված աշխատավարձերի փոխարեն կգրեի՝ պարգևավճարների փոխարեն»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի պետ Մարզպետունի Մարգարյանն էլ նշեց, որ քաղաքապետարանը ունի պարտադիր և կամավոր գործառույթներ, փողոցների ասֆալտապատումը, լուսավորությունն ու աղբահանությունը քաղաքապետարանի պարտադիր գործառույթների մեջ են մտնում, ու քաղաքապետը իրավունք  չունի դա օգտագործել որպես գովազդային միջոցառում։ «Այո, մենք հանդիպել ենք լուրջ խոչընդոտների, ավագանու թեկնածուներին կանչեցին ու պարտադրեցին, որ հրաժարականներ տան , նրանք աշխատում էին այս  կամ այն ձեռնարկությունում, կամ հրաժարվում ես ավագանու թեկնածությունից կամ աշխատանքիցդ, գիտեք չէ՞ ինչ է նշանակում աշխատանք կորցնել»,- ասաց Մարզպետունի Մարգարյանը։

Նա նաև շեշետեց, որ եթե պաշտոնյան թեկնածու է, պարտադիր պետք է դիմում տա իր հաշվին արձակուրդ ձևակերպի ու մասնակցի քարոզչությանը, մինչդեռ իշխանական թեկնածուն  շարունակում է պաշտոնավարել ու օգտագործել վարչական ռեսուրսները։ Այս խախտմանը, ըստ պարոն Մարգարյանի,  ոչ մեկը ուշադրություն չի դարձնում, տարածքային ընտրական հանձնաժողովը լռում է։

Ցուցապաստառների հետ կապված էլ Մարզպետունի Մարգարյանն ասաց․ «Քաղաքապետը չի հասկանում, որ ալերգիա  է ստեղծում ժողովրդի մոտ այդքան շատ իր պաստառները փակցնելով»։

«Քաղաքացիական կուսակցության» ավագանու թեկնածու Կարեն Խաչատրյանն էլ ասաց, որ իրենց վրա ճնշումներ չեն եղել, սակայն ցուցապաստառների տեղ իրենց չեն հատկացրել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930