Հոկտեմբերի 1-ից 10-ը Շախմատի ակադեմիայում 1-ին անգամ կանցկացվի շախմատի «Երեւան Օփեն» միջազգային մրցաշարը, որը միանգամից մեծ հետաքրքրություն է առաջացրել շախմատային աշխարհում:
Այսօր այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը տեղեկացրեց, որ աշխարհի շատ քաղաքներում են անցկացվում օփեններ:
«Երեւան Օփենը» առաջինն է լինելու, ու արդեն տարբեր մայրցամաքների 11 երկրների առաջատար շախմատիստներ մասնակցության հայտ են ներկայացրել: Հայտերի ընդունման ժամկետը լրացավ սեպտեմբերի 28-ին: Հնարավոր է, որ մեկ-երկու շախմատիստ էլ ավելանա: Այսօրվա դրությամբ գրանցվել է 132 շախմատիստ, որոնցից 23-ը՝ գրոսմայստեր, 20-ը՝ միջազգային վարպետ: Համեմատության համար ասեմ, որ հարեւան երկրում նոր ավարտված «Բաքու Օփենում», որն արդեն ավանդական է, հանդես էր գալիս ընդամենը 52 շախմատիստ: Ընդ որում, նրանք իրենց օփենն անցկացրին շախմատի համաշխարհային օլիմպիադայի ավարտից անմիջապես հետո՝ հույս ունենալով, որ օլիմպիադայի մասնակիցներից շատերը կման: Մանավանդ, որ «Բաքու Օփենը» ունի նյութական մեծ ռեսուրսների տիրապետող SOCAR-ի պես հովանավոր եւ բավականին պատկառելի մրցանակային ֆոնդ», – ասաց Նորայր Քալանթարյանը:
Նա նաեւ նշեց, որ «Երեւան Օփենը» անցկացվելու է «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում, ունի համեստ մրցանակային հիմնադրամ՝ $ 15 հազար եւ որ մրցաշարի հիմնական կազմակերպիչ ԵՇՖ-ի նպատակներից է՝ մրցաշարի մասնակիցներին ոչ միայն ցույց տալ հայկական շախմատի ներուժը, այլեւ Երեւանի նման հինավուրց ու հրաշք քաղաքին, Հայաստանի պատմությանը ծանոթանալու հնարավորություն ստեղծել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ