«Ջաղինյանը ռաբիս տղա չէ, չեմ հասկանում՝ ինչի՞ է գնում ռաբիսի: Ռաբիս հասկացողությունը պետք է հանել ժողովրդի մեջից: Ժողովուրդը եթե սիրում է ռաբիս, թող իր տանը լսի, ոչ թե Հանրային հեռուստատեսությամբ»,- այսօր «Հայելի» ակումբում այսպես արձագանքեց ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը՝ Հանրային հեռուստաընկերության աղմկահարույց «Ամենակարող երգիչ» նախագծին:
Նա չշրջանցեց նաեւ կառավարության փոփոխությունը, ասաց՝ այդ փոփոխությունները ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղին են: Հետո առիթը բաց չթողեց իր խնդրանքն իշխանություններին ուղղելու՝ հատկապես մշակույթին մեծ տեղ տալու վերաբերյալ եւ մի դիտողություն էլ՝ որպես լրացում հավելեց. «Շատ սխալ որոշում էր հնությունների կոմիտեն մշակույթից անջատելը: Աշխարհի բոլոր երկրներում հնությունները մշակույթի նախարարություններին են պատկանում»:
Ի տարբերություն ճարտարապետի՝ կառավարության փոփոխությունը երաժիշտ Արտավազդ Բայաթյանը ձեւական համարեց: Նրա տպավորությամբ, որեւէ փոփոխության ցանկություն չկա, ամեն ինչ արվում է հին բոլշեւիկյան մշակված սխեմայով. «Իշխանությունն ուզուրպացվում է եւ ամեն գնով պահվում: Կարելի է անվանափոխություն անել, ունենալ Դեմոկրատական կամ Դաշնակցական կուսակցություն, որը միեւնույն է՝ Բոլշևիկյան է: Պիտի շատ լավ ֆանտազյոր կամ ուտոպիստ լինենք, որ հույսեր կապենք մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների հետ»:
Նա կառավարության փոփոխությունից առհասարակ ակնկալիքներ չունի, իսկ մշակույթի նախարարից՝ մասնավորապես չունի: Ըստ նրա արմատական փոփոխություններն են կարեւոր. «Մենք կարող ենք տեսնել լավ, հետաքրքիր մարդկանց տարբեր պաշտոններում, բայց հիմքը պետք է առողջ լինի, կարող են լավ մարդուն այնպես փչացնել, որ նա դառնա հանցագործ: Մեզ մոտ ավանդույթ է լավ արվեստագետին փչացնելը, հեղինակազրկելը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ