Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Ծատուրյան. «Կառավարության համար մշակույթը սահմանափակվում է օլիգարխի տղայի հարսանիքի երաժշտությամբ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2016 15:52

Սեպտեմբերի 29-ին «Պոստ սկրիպտում» ակումբում ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն անդրադարձավ ՀՀ կառավարության նոր կազմին, խոսեց նաեւ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանից ունեցած ակնկալիքներից:

«Բոլոր ազգերի դեմքը մշակույթն է, եւ եթե մշակույթին ուշադրություն չեն դարձնում, ուրեմն ազգին ուշադրություն չեն դարձնում, իսկ մեզ մոտ փաստորեն մշակույթն ահագին կաղում է»,-ասաց Նիկոլայ Ծատուրյանը:

 Նրա ձեւակերպմամբ, քանի որ Արմեն Ամիրյանը գեղեցիկ դեմք ունի, դա արդեն  լավ աշխատելու գրավական է: «Գոնե  սրանից հետո գումարները արժանի մարդկանց կտրվեն, ոչ թե այլանդակ ֆիլմ նկարող ու ներկայացում անողներին»,-ասում է արվեստագետը:

Նա նեղսրտել է, որ նորանշանակ վարչապետի  եւ նրա  ունեցվածքի մասին սկսել են ոչ բարենպաստ հրապարակումներ հայտնվել, նաեւ այն, որ Կարեն Կարապետյանը Մոսկվայի «մարդն» է:

Ինչ վերաբերում է կառավարության կազմին, Ծատուրյանի խոսքերով, այն մեզ մոտ «ֆայլաբազար» է հիշեցնում. «Օրինակ, Հասմիկ Պողոսյանը կենսաբան էր: Դա նույնն է, որ ինձ՝ ռեժիսոր մարդ, նշանակեն առողջապահության նախարար:  Լավ է, որ Արմեն Ամիրյանը գոնե մշակույթի մարդ է ու հանցագործի դեմք չունի, ինչպես նախկին որոշ նախարարներ»:

Ռեժիսորը փաստում է, որ երկրում մշակութային նորմալ քաղաքականություն չի իրականացվել, չեն եղել հեռահար ծրագրեր: Մյուս կողմից էլ կարծում է, որ չպետք է շատ հարցերում հույսը կառավարության վրա դնել. «Հայաստանում կառավարությունը հիմնականում եղել է գեղ, կառավարության համար մշակույթը սահմանափակվում է օլիգարխի տղայի հարսանիքի երաժշտությամբ, դրա համար էլ հայտնվում է «Ամենակարող երգիչը» նախագիծ, ծնվում են՝  «Տաքսի, տաքսի, իմ յարին հասի»-ի որակի երգեր»:

Նիկոլայ Ծատուրյանն ասուլիսի վերջում նշեց, որ եթե գրիչ վերցներ ու գրեր բոլոր «բաց»-երի մասին, այնպես կարտահայտվեր, որ ինքը Հայաստանի  Սալտիկով-Շչեդրինը կլիներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930